Հայաստան - Արցախ

Քաշաթաղի Զօրախաչ եկեղեցին ադրբեջանցիները ներկայացնում են աղւանական

Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է իւրացնել եւ ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգութիւնը։ Հայքի մշակութային օմբուդսմեն Յովիկ Աւանէսովն յայտնում է, որ ապրիլի 4-ին ադրբեջանական սոցցանցային հարթակներում տարածւել էր մի տեսանիւթ, որը նկարահանւել է Արցախի Հանրապետութեան բռնազաւթւած Քաշաթաղի շրջանում, տեսանիւթում Քաշաթաղի շրջանում գտնւող Զօրախաչ եկեղեցին ներկայացւում է որպէս աղւանական։ Նա ընդգծում է, որ այս քաղաքականութեամբ խեղաթիւրւում է պատմութիւնը: Գրում է News.am-ը:

Զօրախաչի եկեղեցին գտնւում է Արցախի Հանրապետութեան Քաշաթաղի շրջանում (այժմ՝ Ադրբեջանի վերահսկողութեան տակ), Բերձորից 52 կիլոմետր հիւսիս, Հակարի գետի Շալւա վտակի ձախակողմեան հատւածում, Արախիշ գիւղի տարածքում:

«Ադրբեջանը որպէս աղւանական է ներկայացնում ոչ միայն Արցախի ու Նախիջեւանի հայկական մշակութային ժառանգութեան զգալի մասը, այլ նաեւ՝ Տաթեւի վանքը, Հառիճավանքը, Էջմիածնի Մայր տաճարը, Հաղարծինի վանքը, Գոշավանքը, Հաղպատի վանական համալիրը, Սեւանավանքը, Գեղարդավանքը, Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին եւ այլ հոգեւոր մշակութային արժէքներ»,- գրել է Հ. Աւանէսովը:

Ըստ «Զինւած հակամարտութիւնների ժամանակ մշակութային արժէքների պաշտպանութեան մասին» 1954 թւականի Հաագայի կոնւենցիայի 4-րդ յօդւածի՝ արգելւած է մշակութային ժառանգութեան հանդեպ վանդալիզմի, գողութեան, կողոպուտի, իւրացման, թշնամանքի եւ հաշւեյարդարի ցանկացած գործողութիւն Հաագայի 1954 թւականի առաջին արձանագրութիւնն արգելում է օկուպացւած տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգեւոր արժէքները:

Related Articles

Back to top button