Հայ Դատ

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը ողջունում է Շւէյցարիայի Ազգային խորհրդի բանաձեւը՝ արցախահայութեան վերադարձի վերաբերեալ

Շւէյցարիայի Դաշնային ժողովի ստորին պալատը՝ Ազգային խորհուրդը, ընդունել է պատմական բանաձեւ՝ երկրի կառավարութեանը կոչ անելով հրաւիրել միջազգային ֆորում՝ նպաստելու եւ խթանելու Արցախից բռնի տեղահանւած բնիկ հայ բնակչութեան վերադարձի իրաւունքի իրացումը։

Շւէյցարիայի Ազգային խորհրդի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի կողմից ներկայացւած միջնորդութիւնը կոչ է անում ուղիղ բաց երկխօսութիւն սկսել արցախահայութեան ներկայացուցիչների եւ Ադրբեջանի իշխանութիւնների միջեւ եւ վկայակոչում է միջազգային հանրութեան անհերքելի պատասխանատւութիւնը՝ իրենց պատմական հայրենիք տեղահանւածների ապահով վերադարձի երաշխաւորման հարցում։

Կարեւոր է նկատել` բացի Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչներին ուղղակիօրէն բանակցութիւնների հրաւիրելուց, բանաձեւի հիմնաւորման մէջ յստակ նշւում է. 2023 թւականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողութիւններից յետոյ Լեռնային Ղարաբաղը դատարկւել է իր հայ բնակչութիւնից՝ վկայակոչելով «փաստաթղթաւորւած էթնիկ զտումները»:

Բանաձեւում նաեւ ընդգծւում է՝ Ադրբեջանի իշխանութիւնների ուղղակի սպառնալիքներն ու ռազմական գործողութիւնները վախ են ներշնչել եւ ստիպել հայ բնակչութեանը մի քանի օրւայ ընթացքում լքել հայրենիքը։ Բացի այդ, վկայակոչւում է նաեւ Միջազգային քրէական դատարանի՝ 2023 թւականի նոյեմբերին ընդունւած որոշումը, որով Ադրբեջանից պահանջւում էր դադարեցնել հայկական կրօնական եւ մշակութային ժառանգութեան ոչնչացման քաղաքականութիւնը՝ հաշւի առնելով եկեղեցիների, գերեզմանատների եւ քաղաքացիական ենթակառուցւածքների աւերման փաստագրւած դէպքերը։

Այս փաստի առկայութիւնն ինքնին պահանջում է միջազգային երաշխիքների անհրաժեշտութիւնը՝ հետագայում պաշտպանելու տեղահանւած հայերի կեանքը։

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը, ողջունելով բանաձեւի ընդունումը, նշել է. «Սա Շւէյցարիայի օրէնսդիր մարմնի կողմից կարեւոր քայլ է, որն ընդգծում է Արցախի տեղահանւած հայերի վերադարձի իրաւունքին աջակցող միջազգային իրաւական եւ քաղաքական աճող թափը։

Այժմ Շւէյցարիայի Նահանգային խորհուրդը պէտք է օգտւի հնարաւորութիւնից՝ վաւերացնելով բանաձեւը եւ հետագայում ճնշում գործադրի համապատասխան կենտրոնների վրայ՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի հիմնարար իրաւունքները՝ իրենց հայրենիքում վերականգնելու ապահով, արժանապատիւ կեանքն ու կեցութիւնը»։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ

18.12.2024 թ․

 

Related Articles

Back to top button