Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինեանը փորձում ազատւել Մեղրիից
ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ
Քաղաքագէտ
Նիկոլ Փաշինեանը մի քանի տարում կարողացաւ «սինխրոնիզացւել» ոչ միայն Իլհամ Ալիեւի, այլեւ՝ Հայաստանում ամերիկեան մի շարք կառոյցների, մասնաւորապէս՝ ամերիկեան կառավարութեան կողմից ուղղակիօրէն ֆինանսաւորւող կառոյցի՝ «Ազատութիւն» ռադիոկայանի հետ:
Նիկոլ Փաշինեանի մամուլի ասուլիսի նախօրէին «հայ-ամերիկեան» լրատւամիջոցը պատրաստել էր ռեպորտաժ «գաղտնի» փաստաթղթերի հիման վրայ, որի հիմնական թեման հայկական Մեղրին էր:
Նիւթից տեղեկացանք, որ Հայաստանից միջանցքը ցանկանում էին ստանալ դեռեւս 1990-ականների սկզբին, եւ այդ ցանկութեան յետեւում կանգնած էին ոչ միայն Ադրբեջանը եւ Թուրքիան, այլեւ՝ Միացեալ Նահանգները:
Մենք տեսանք, թէ ինչպէս Պետդեպարտամենտը ոչնչացրեց տասնամեակներ շարունակ զարգացող թէզը, որ Հայաստանի նախկին վարչապետ Վազգէն Սարգսեանը սպանւել է, քանի որ դէմ էր «Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու պլանին»: Թէզը ոչնչացւեց, քանի որ պարզ դարձաւ, որ Սարգսեանը սկզբից ի վեր տեղեակ էր ամէն ինչից եւ աջակցում էր Ադրբեջանի հետ բանակցութիւնները (Վազգէն Սարգսեանի ընտանիքի որոշ անդամների համար իսկը ժամանակն է հաւաքել իրենց բոլոր հարցազրոյցները, որոնք տրւել են Սարգսեանի սպանութիւնից յետոյ անցած տարիների ընթացքում, տպել այդ նիւթերը եւ այրել Հանրապետութեան հրապարակում):
Իմացանք նաեւ, որ այս բոլոր բանակցութիւնների արդիւնքը դարձաւ Քի-Ուեսթի գործընթացը, որի շրջանակներում Արցախը Լաչինի հետ միասին պէտք է դառնար ՀՀ միջազգայնօրէն ճանաչւած մասը, իսկ Մինսկի խմբի համանախագահող երկրներից ոչ մէկը դէմ չէր այս պլանին։ Ադրբեջանը փոխարէնը կը ստանար միայն մի էստակադա (վերգետնիայ ճանապարհ-ԽՄԲ.), որը կը կապէր նրան Նախիջեւանի հետ: Աւելին՝ Երեւանը պահանջեց բանակցութիւնների շրջանակներում, որ Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը, եւ եթէ Ադրբեջանն իսկապէս ցանկանում էր ստանալ էստակադան, նա ինքը պէտք է ընդհանուր լեզու գտնէր Անկարայի հետ, որպէսզի նրան ներգրաւէր Հայաստանի հետ Ցեղասպանութեան ճանաչման հարցով կառուցողական երկխօսութեան դաշտ:
Պէտք չէ լինել ՀՀ իշխանութիւնների սիրելի «Rasmussen Global» խորհրդատւական գործակալութեան վերլուծաբան՝ հասկանալու համար, որ Մեղրիի թեման նետւել է հասարակական դիսկուրսի մէջ՝ Բաքւին եւ Անկարային հնարաւոր տարածքային զիջումները հետագայում արդարացնելու համար: Փաշինեանին անհրաժեշտ է քաղաքական ալիբի «Մեղրին արդէն տասնամեակներ առաջ յանձնւել է» տրամաբանութեան շրջանակներում: Սակայն կարեւոր է նաեւ հասկանալ, որ Մեղրիի հնարաւոր յանձնումը կամ միջանցքի յանձնումը կարող է, ինչպէս 2020 թւականի պատերազմի դէպքում, «գետնի վրայ» այնպիսի գործընթացների մեկնարկ տալ, որ ամէն ինչ չի սահմանափակւի միայն մէկ քաղաքով կամ միջանցքով, այլ կը յանգեցնի Իրանի հետ սահմանի ամբողջական կորստին:
Ոմանց կարող է թւալ չափազանցութիւն, բայց Մեղրիի յանձնելու, առաւել եւս հայ-իրանական սահմանն ամբողջական կորցնելու մէջ կայ ներքաղաքական տրամաբանութիւն: Եթէ Արցախը վտանգաւոր էր Փաշինեանի համար որպէս սուբիեկտ, որից կարող էր առաջանալ իրեն այլընտրանքային քաղաքական էլիտա (ինչպէս դա արդէն մէկ անգամ եղել է 1998 թւականին), ապա Իրանի հետ սահմանի կորուստը կը յանգեցնի նրան, որ պաշտօնական Թեհրանի, ինչպէս նաեւ պաշտօնական Մոսկւայի քաղաքական, տնտեսական եւ ռազմական պոտենցիալ ազդեցութիւնը հայաստանեան գործընթացների վրայ գրեթէ կը զրոյացւի: Դա իր հերթին Հայաստանի ինտեգրումը թյուրքական աշխարհին կը դարձնի անայլընտրանք: Եթէ գործընթացները դիտարկենք այս տեսանկիւնից, ապա Փաշինեանի վարքագիծը թւում է տրամաբանական իր անձնական շահերի տեսանկիւնից:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարեանի կողմից «յանձնւած Մեղրիին», ապա պարզապէս յիշեցնենք, որ 2007 թւականին Ռոբերտ Քոչարեանը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ բացեց «Հայաստան-Իրան» գազատարը: Իսկ Ղարաբաղը, որի մասին Փաշինեանը 2019 թւականի ամռանն ասում էր՝ «այն Հայաստան է եւ վերջ», դարձաւ Ադրբեջանի մաս, եւ այնտեղ գրեթէ հայեր չեն մնացել:
Մտածե՛ք այդ մասին․․.:
Alpha News