«ԱԼԻՔ» – ԶՈՒ ռազմածովային ուժերը շուտով կը ներկայացնեն «Քուրդստան» ռազմանաւը, որը համալրւած է լինելու հեռահար զենիթային հրթիռներով: Այս մասին, ազարի 7-ի՝ Իրանի ռազմածովային ուժերի օրւայ կապակցութեամբ, «Թասնիմ» լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում յայտնել է ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահրամ Իրանին:
Կարեւորելով ռազմածովային ուժերի առաջընթացը տեխնիկայի լայն տեսականի արտադրելու հարցում՝ փոխծովակալ Իրանին նշել է, որ մօտ ապագայում տեղական արտադրութեան ՝ «Քուրդստան» անունով նոր ռազմանաւը կը ներկայացւի, որը համալրւած կը լինի «Սայադ» զենիթահրթիռային համակարգով, որն ընդունակ է ուղղահայեաց հեռահար հրթիռներ արձակել։
Նա միաժամանակ յայտնել է, որ «Զագրոս» նոր ռազմանաւը նոյնպէս կը սկսի ծառայութիւնը՝ յաւելելով, որ «Սաբալան» կործանիչ ռազմանաւի հրթիռային հնարաւորութիւնները քառապատկւել են։
Ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է, որ ռազմածովային նաւատորմը միաժամանակ մշակել է ծով-երկիր դասի հրթիռներ՝ աւելի քան 1000 կիլոմետր հեռահարութեամբ՝ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ: Նա բարձր գնահատելով Իրանի ռազմածովային ուժերի առաջընթացը սուզանաւերի արտադրութեան ոլորտում, նշել է, որ օրակարգում է ծանր եւ գերծանր սուզանաւերի արտադրութիւնը։
Փոխծովակալ Իրանին յաւելել է, որ ռազմածովային ուժերը մշակում են «Բեսաթ» կոչւող ծանր սուզանաւը, որը կըհամալրւի ժամանակակից սպառազինութեամբ եւ կը գործարկւի անհրաժեշտ փորձարկումներից յետոյ։
Պատասխանելով ռազմածովային ուժերի ԱԹՍ-ների հնարաւորութիւնների մասին հարցին՝ նա նշել է, որ ռազմածովային ուժերը տեղական արտադրութեան երկու տեսակի ռազմավարական ԱԹՍ-ներով կը համալրւեն: