ՄիջազգայինՔաղաքական

Ֆրանսիան մտադիր է ճանաչել Պաղեստին պետութիւնը

«ԱԼԻՔ» – Ֆրանսիան վճռական է ճանաչել Պաղեստին պետութիւնը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յունիսի 6-ին RTL հեռուստատեսութեան եթերում յայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոէլ Բարրօնը:

«Մի քանի օրից Նիւ Եօրքում կայանալիք համաժողովի կապակցութեամբ մենք վճռական ենք ներգրաւել մի շարք երկրների, ինչպէս նաեւ բոլոր շահագրգիռ կողմերին, մասնաւորապէս Պաղեստինի ազգային վարչակազմին, տարածաշրջանի արաբական երկրներին, պարտաւորութիւններ ստանձնել՝ վերացնելու բոլոր խոչընդոտները Պաղեստին պետութեան ստեղծման եւ գոյութեան համար»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Նա յաւելել է, որ ՀԱՄԱՍ շարժման զինաթափումը «բացարձակ անհրաժեշտութիւն է», հակառակ դէպքում, ըստ նրա՝ «Գազայի եւ Պաղեստինի համար ապագայում հնարաւոր խաղաղութիւն եւ կայունութիւն չի լինի»։

Յիշեցնենք, որ աւելի վաղ՝ ապրիլին Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը յայտարարել էր, որ Ֆրանսիան ակնկալում է այս տարւայ յունիսին ճանաչել Պաղեստինի պետութիւնը։ Միաժամանակ նա կարծիք էր յայտնել, որ նման ճանաչումը զուտ բարոյական պարտականութիւն չէ, այլ քաղաքական անհրաժեշտութիւն։

Նշենք, որ յունիսի 17-ից 20-ը Նիւ Եօրքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կանցկացւի իսրայէլա-պաղեստինեան հակամարտութեան կարգաւորմանը նւիրւած միջազգային խորհրդաժողով՝ հիմնւած «երկու պետութիւն երկու ժողովուրդների համար» սկզբունքի վրայ։

Related Articles

Back to top button