MI6-ի ղեկավար. «Թուրքիան կիսում է մեր շահերը Կովկասում»

«ԱԼԻՔ» – Թուրքիան միջազգային համակարգի համար կարեւորագոյն նշանակութիւն ունեցող երկիր է: Թուրքիան կարեւոր դեր է խաղացել գրեթէ բոլոր հարցերում, որոնցով ես զբաղւել եմ որպէս MI6-ի ղեկավար: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտարարել է Բրիտանական գաղտնի հետախուզութեան ծառայութեան ղեկավար Ռիչարդ Մուրը։
«Որպէս ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիան անսասանօրէն աջակցել է Ուկրաինայի ինքնիշխանութեանը եւ անկախութեանը, մասնաւորապէս՝ իր էթնիկ հայրենակիցների՝ Ղրիմի թաթարների ծանր վիճակի լոյսի ներքոյ, բայց ամենից առաջ այն հաւատարիմ է միջազգային իրաւունքին եւ ՄԱԿ-ի կանոնադրութեանը։
Արեւելքում Թուրքիան կիսում է Մեծ Բրիտանիայի շահերը կայուն Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, որոնք ազատ են վնասաբեր արտաքին ազդեցութիւնից: Հարաւում մենք միասին աշխատել ենք այսպէս կոչւած «Իսլամական պետութեան» դէմ պայքարելու եւ Ասադի տապալումից յետոյ Սիրիայում կայունութիւնը ամրապնդելու համար»,- նշել է Մուրը։
Ըստ նրա՝ միջուկային զէնքից զերծ Իրանը պէտք է մնայ առաջնահերթութիւն։ «Յուսով եմ՝ Իրանի կառավարութիւնը կը գիտակցի, որ բարգաւաճ եւ անվտանգ ապագան համագործակցութեան եւ փոխզիջման մէջ է, այլ ոչ թէ կուրօրէն այնպիսի ռազմավարութեան հետապնդման մէջ, որն անկայունացնում է իրենց հարեւաններին եւ լարւածութիւն է ստեղծում աշխարհի մնացած մասի հետ։
Նրանց վստահւած անձինք, տարածաշրջան տառապանք, բռնութիւն եւ մահ բերելով, ոչինչ չեն հասել Իրանի համար, եւ մենք պէտք է յոյս ունենանք, որ Իսրայէլի կողմից նրանց նւաստացումը վերագործարկման հնարաւորութիւն կը ստեղծի։ Դա պահանջում է Թեհրանի մտածելակերպի փոփոխութիւն, ինչը հետախուզութիւնը դեռեւս չի յայտնաբերել»,- յաւելել է Մուրը։