Էստոնիան ՆԱՏՕ-ի արտակարգ խորհրդակցութիւններ է հրաւիրում ռուսական ինքնաթիռների առնչութեամբ

«ԱԼԻՔ» – Էստոնիայի վարչապետ Քրիստէն Միխալը յայտարարել է, որ երկրի կառավարութիւնը որոշել է ՆԱՏՕ-ի անդամների միջեւ արտակարգ խորհրդակցութիւններ անցկացնել՝ Էստոնիայի օդային տարածքը ռուսական MiG-31 կործանիչների խախտումից յետոյ, ըստ Հիւսիսատլանտեան պայմանագրի 4-րդ յօդւածի, հաղորդում է News.am-ը BBC-ին յղումով։
Այս յօդւածում նշւում է. «Կողմերը պէտք է խորհրդակցեն միմեանց հետ, երբ նրանցից որեւէ մէկի կարծիքով սպառնալիքի տակ է որեւէ կողմի տարածքային ամբողջականութիւնը, քաղաքական անկախութիւնը կամ անվտանգութիւնը»։
Լեհաստանն այս ամիս նմանատիպ խորհրդակցութիւններ է հրաւիրել՝ իր օդային տարածք ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժումից յետոյ։
Նշենք, որ Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան յայտարարել է, որ Ռուսաստանն այս տարի արդէն չորս անգամ խախտել է Էստոնիայի օդային տարածքը, ինչն ինքնին անընդունելի է։ Սակայն վերջին ներխուժումը, որում երեք կործանիչներ ներխուժել են մեր օդային տարածք, աննախադէպ է: