Գառնիկ Դանիէլեան. «Սրբազանները վստահ են՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դէմ արշաւը դատապարտւած է ձախողման»

«ԱԼԻՔ» – ««Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, գործընկեր Ասպրամ Կրպէեանի հետ այսօր ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցինք Բագրատ եւ Միքայէլ Սրբազաններին»: Յայտնել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը՝ շարունակելով.
«Յիշեցնեմ, որ մինչ այս փակ էին տեսակցութիւնները Բագրատ Սրբազանի հետ, եւ մենք հնարաւորութիւն ունէինք այցելելու միայն Միքայէլ Սրբազանին։
Հոգեւոր հայրերի ոգին, կամքն ու վճռականութիւնը, ինչպէս միշտ, տեղում էին։
Սրբազանները տիրապետելով մի քանի լեզւի՝ օրւայ մեծ մասը տրամադրում են ընթերցանութեանը եւ աղօթքներին։
Չնայած իշխանութիւնների կողմից շարունակւող հակաեկեղեցական քայլերին եւ քաղաքականութեանը՝ նրանք վստահ են, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դէմ արշաւը դատապարտւած է ձախողման։
Իշխանութիւնների ճղճիմ քայլերից ակնյայտ է դառնում հոգեւորականների դէմ շինծու գործեր յարուցելու իրական նպատակը։ Թիրախում եկեղեցին է՝ որպէս ազգային կուռ կառոյց, նպատակը՝ Վեհարանի գրաւումը։
Յատկապէս ազդեցիկ հոգեւորականներին կալանաւորելով՝ իշխող խմբակը փորձում է աւելի հեշտութեամբ հասնել այդ նենգ նպատակին։
Մի բանում համոզւած ենք. մեր ժողովրդի անսասան հաւատն ու սէրը ազգային եկեղեցու նկատմամբ դա թոյլ չեն տալու»»։



