Հայաստան - Արցախ
Յովհաննէս Աւետիսեան. «Փաշինեանն աւտորիտար պոպուլիստ է. երբեք չեմ համակերպւելու Հայաստանի՝ տարածաշրջանային հիւրատուն լինելու հետ. ազգային քաղաքական գիծն այլընտրանք չունի»
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր պետական կառավարման մասնագէտ, տնտեսագէտ Յովհաննէս Աւետիսեանին։
Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.
- Նիկոլ Փաշինեանի Ամանորեայ ուղերձը գուժում էր՝ նոր կորուստներ են լինելու, ու պէտք է համակերպւէք դրա հետ։
Քանի որ Փաշինեանն աւտորիտար պոպուլիստ է, նա իրեն թշնամի է դիտարկում էլիտաներին։ Ժողովրդին նրա մեսիջը հետեւեալն է՝ ես ձեզ կեղէքիչներից փրկող Ռոբին Հուդն եմ, ու կը լինեն նախորդ իշխանութիւններ թէ եկեղեցի, պէտք է յայտնւի իմ թիրախում։ Քանի որ եկեղեցին վերջին սոցհարցումներով մարդկանց մօտ աւելի մեծ վստահութիւն ունի, քան իր կառավարութիւնը, ինքը կամ իր կուսակցութիւնը, նա եկեղեցու մէջ վտանգ է տեսնում։ Կաթողիկոսի Ամանորեայ ուղերձի մէջ եղած մտքերը՝ Արցախի ու միասնութեան, չհամակերպւելու մասին, Փաշինեանի համար թշնամական ուղերձներ են։ Նա վախենում է եկեղեցու շուրջ համախմբումից, դրա համար Կաթողիկոսին զրկեց հանրային խօսքից, յատկապէս, որ Ալիեւին տւած խոստումներ ունի՝ չխօսել Արցախից։ - Հնարաւորինս շատ լոյսեր, զարդեր, ուրախութիւններ ցուցադրելը նպատակ ունէր մոռացութեան տալ Արցախի յանձնումը։
- Կիրառելով տեսողական ասոցացման գործիքները՝ կախիչ, գլխարկ, պոնչիկ-պերաշկի-կուկուրուզ ուտել, Փաշինեանը փորձում է ժողովրդին ուղերձ յղել, թէ՝ ես ձեզնից մէկն եմ։ Դա իրականում այդպէս չէ, որովհետեւ այն քաղաքական գիծը, որ նա տանում է, հայերի շահերից չի բխում։ Նա այդ գործիքները կիրառելով՝ յաջողելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք բոլորս չենք հասկանում, թէ դա իրականում ինչի համար, ինչ նպատակով է արւում։
- Երբ սկսեն Հայաստանից նոր տարածքներ յանձնել, կամ ակտիւանայ «Զանգեզուրի միջանցք»-ի թեման, մի քանի ամսով կը ձերբակալեն նախկին որեւէ մէկի, օրինակ, Գագիկ Ծառուկեանին։ Հիմա հաղորդագրութիւններ են հրապարակւում նախկինում եղած թալանի մասին, եւ դրանք կը պահեն ու կօգտագործեն պէտք եղած ժամանակ, իրենց համար յարմար պահի, երբ Հայաստանից նոր տարածքներ յանձնեն։
- Ալիեւն անցաւ իր ծրագրի յաջորդ փուլին, յայտարարեց, որ Հայաստանն Արեւմտեան Ադրբեջան է, ու դա դադար չի առնելու, որովհետեւ իր երկրի ներսում Հայաստանի դէմ ատելութեան գեներացմամբ Ալիեւը պահում է իր իշխանութիւնը։ Իր նկատմամբ ատելութիւնն Ալիեւն ուղղորդում է դէպի հայեր՝ ասելով, որ՝ «եթէ ինձ հանէք, հայերը կը գան, ձեզ կուտեն։ Ձեր թշնամին հայերն են»։ Նրանք մեզ թշնամի են դիտարկում, ու դա չի դադարելու, քանի դեռ մեր պետութիւնը չի վերացել։
- Պատասխանատու կառավարումը ենթադրում է, որ դու պէտք է գիտակցես քո, ինչպէս նաեւ քո ենթակաների արածի ու չարածի, քո խօսոյթի, խօսքի պատասխանատւութիւնը։ «Հարւարդ»-ի համալսարանի ռեկտորն օրերս հրաժարական տւեց իր մի խօսոյթի պատճառով։
- Երբ մենք ասում ենք՝ յոգնել ենք էս ամէն ինչից, լուրեր չնայենք, չկարդանք, չիմանանք՝ ինչ է կատարւում, դա հէնց այն է, ինչ պէտք է այս իշխանութիւններին։ Մենք իւրաքանչիւրս մեր անձնագրով այս երկրի բաժնետէր ենք։ Մենք չենք կարող ինչ-որ մէկի վատ կառավարման պատճառով հրաժարւել մեր երկրում ունեցած մեր բաժնեմասից։ Եթէ մեզ չյաջողւի իրականացնել մոբիլիզացիա, մենք շատ ծանր բաների միջով ենք անցնելու, ինչը մեզ բերելու է պետականութեան կորստի։
- Երբ Ալիեւը որոշի գրաւել Հայաստանը, նա յաջողելու է, որովհետեւ հիմիկւանից միջազգային հանրութեանը նա պատրաստում է դրան։
- Եթէ «Զանգեզուրի միջանցք»-ը վերցնեն, արտագաղթը կը մեծանայ Հայաստանից, ու Հայաստանում ապրելը կը թանկանայ։ Դա աղէտ է, աղէտ է նաեւ այն, որ կլիմայական փոփոխութիւնների ու գլոբալ տաքացման հետեւանքով Հայաստանը չորային տարածքի է վերածւելու։ Անապատացման վտանգ կայ: Երբ Արցախը կորցրեցինք, որին որոշները բեռ էին համարում, յիշենք, որ այնտեղից այլեւս ցորեն չի գալիս։ Իրական ռիսկն այն է, որ Հայաստանի տնտեսութիւնը չի աճում, աճում է ՀՆԱ-ն։ Հայաստանի տնտեսութիւնը չի աճում, որովհետեւ արդիւնաբերութիւն չունի, գիւղատնտեսութիւնը չի զարգանում։ Մեր ժողովրդի օրակարգերը սրա՛նք պէտք է լինէին, ոչ թէ կախիչն ու գլխարկը։ Հայաստանում գոյաբանական, անվտանգութեան առումով ահաւոր վիճակ է։ Ու քանի որ այս իշխանութիւնները չեն ուզում զբաղւել դրանով, պէտք է հեռացնել նրանց։
- Նայէք՝ Նիկոլ Փաշինեանի շուրջ հաւաքւած մարդիկ ովքեր են։ Նրանք կարողանալո՞ւ են չէզոքացնել մեր առջեւ ծառացած գոյաբանական վտանգները, անվտանգային խնդիրները։ Իհարկէ ոչ։ Դրա համար, նախեւառաջ, գիտելիք է պէտք, որը նրանք չունեն։
- Ես երբեք չեմ համակերպւելու Հայաստանի՝ տարածաշրջանային հիւրատուն լինելու հետ, Հայաստանի՝ շարունակաբար տարածքներ կորցնելու հետ։ Ես եւ մի քանի տասնեակ մարդիկ։ Եւ եթէ հարիւր-հազարաւորները սա չհասկանան ու չուզենան պետութիւն ունենալ, մենք պետութիւն չենք ունենայ։ Հեքիաթներ են այն արդարացումները, որ չկան լաւ առաջնորդներ… Երբ մարդիկ տէր կը լինեն իրենց անձնագրին, կը գան, կը կանգնեն դրսում իրենց պէս տասնեակ հազարաւորների կողքին, իրենց միջից յայտնւելու է առաջնորդը։
- Մենք գործ ունենք էլիտաների դաւաճանութեան հետ։ Բոլոր ոլորտներում՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, գիտական, մշակութային… այդ էլիտաները դաւաճանել են իրենց ժողովրդին, որովհետեւ առաջնորդւում են անհատական ու խմբային շահերով, երբ երկիրը կանգնած է գոյաբանական վտանգների առաջ։ Համատարած համագործակցութիւն եմ տեսնում։ Համագործակցութիւն է այս իշխանութեան յայտարարած տենդերներին մասնակցելը, ԱԺ-ում սրանց հետ ինչ-որ անշառ օրինագիծ քննարկելը…
- Հարստութիւնը ոչ միայն իրաւունք է, այլեւ պատասխանատւութիւն այն տարածքի ժողովրդի նկատմամբ, որտեղ դու գործում ես ու որոնց միջոցով կուտակում ես քո հարստութիւնը։ Գալու է ժամանակը, որ այդ օլիգարխները, բիզնեսմէնները, ովքեր համակերպւել են այս ամենի հետ, հարցերի են պատասխանելու:
- Հայաստանը չունի այլընտրանք․ ազգային քաղաքական գիծը դառնալու է ամենաթանկն ու պահանջւածը շատ մօտ ապագայում։ Դա տարազ հագնելն ու ամէն կիրակի եկեղեցի գնալը չէ։ Ազգային է այն, երբ դու պայքարում ես քո ազատութեան, քո կեանքի իրաւունքի համար քո հայրենիքի մաս կազմող տարածքում։ Ինչ-որ պահի սա լինելու է շատ պահանջւած քաղաքական գիծ։
- Պէտք չէ նեղւել, որ հնդիկներ են գալիս Հայաստան աշխատելու: Դա նորմալ է, հայերն էլ են գնում ինչ-որ երկրներում աշխատելու: Պէտք է նեղւել նրանից, որ մեր երկրից մարդիկ գնում են։ Մի գնացէք, ժողովուրդ, մնացէք ու պայքարէք։ Եթէ նեղւում էք նրանից, որ ձեր երկիրը ձեր ձեռքից տանում են, է, բա եթէ դուք թողնում-գնում էք, պէտք է տանեն։
- Ես Նիկոլ Փաշինեանի գործողութիւններում դիտաւորութիւն տեսայ այն ժամանակ, երբ պատերազմում պարտութիւնից յետոյ նա չհեռացաւ։ Նա այլ ելք չունի, քան պոպուլիստ դիկտատոր լինելը։ Նա անգամ իր դրածոյ նախագահին չի վստահում։ Իր շրջապատի մարդիկ պէտք է իմանան՝ իրենցից իւրաքանչիւրի վրայով հերթով անցնելու է, եթէ պէտք լինի, իր իշխանութիւնը պահելու համար բոլորին զոհաբերելու է։
- Եթէ ընդդիմադիր կողմն աւելի ազնիւ լինի, հրապարակի իր օրակարգերը, նոյն ամերիկեան կողմը, բոլոր գերտէրութիւնները կը սկսեն նրանց հետ համագործակցել։
- Երբ մեր ժողովուրդը ոտքի կանգնի, պայքարի իր իրաւունքների, իր հայրենիքում ապրելու համար, այդ պահից ե՛ւ ԱՄՆ-ը, ե՛ւ Ռուսաստանը կը կանգնեն մեր կողքին։
- Այո՛, Ռուսաստանն իր պայմանագրային պարտաւորութիւնները չի կատարել, Արցախն իր աչքի առաջ հայաթափել են, ոչինչ չի արել, իսկ մե՞նք ինչ ենք արել։ Ռուսաստանը գերտէրութիւն է, գործել է՝ իր շահերից ելնելով, բայց Ռուսաստանը մեզ թշնամի չէ։ Նոյնը վերաբերում է միւս գերտէրութիւններին՝ Ամերիկային, միւսներին։
- Շատ հաւանական է, որ Ռուսաստանի դէմ խօսող անձինք նոյն ռուսական ազդեցութեան տակ գտնւող մարդիկ են, եթէ կուզէք, անւանէք գործակալներ։ Օրուգիշեր Ռուսաստան հայհոյող մարդիկ, կարող է պարզւել, ամենառուսամոլներն են։ Դրա համար պէտք չէ խաբւել ու մտնել այդ օրակարգերի մէջ։ Պէտք է ունենանք եւ համախմբւենք մեր՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ շուրջ եւ բոլորի հետ համագործակցելով՝ մեր շահերն առաջ մղենք: