Կանադայի ԱԳ նախարարը յայտարարութիւն է տարածել Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցութեամբ
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցութեամբ հանդէս է եկել յատուկ յայտարարութեամբ: Վերջին շրջանում Կանադայի Հայ Դատի յանձնախումբը պաշտօնական ակտիւ հաղորդակցութեան մէջ է եղել նախարար Ջոլիի հետ:
Յայտարարութեան մէջ տեղ գտած ձեւակերպումները լիովին համապատասխանում են Կանադայի Հայ Դատի յանձնախմբի առաջնահերթութիւններին:
Թարգամանաբար ներկայացնում ենք նախարար Ջոլիի յայտարարութիւնը:
«Անցեալ շաբաթ լրացաւ մէկ տարին, երբ Ադրբեջանը սանձազերծեց ռազմական գործողութիւն Լեռնային Ղարաբաղում՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցւած տարածաշրջանում: Այս գործողութեան հետեւանքները ծանր էին, դրա արդիւնքում աւելի քան 100000 խաղաղ բնակիչներ, այդ թւում՝ 30000 երեխաներ, բռնի տեղահանւեցին Հայաստան՝ երկրում առաջացնելով մարդասիրական կարիքների արագ աճ։
Ադրբեջանի կողմից չարդարացւած ռազմական գործողութեանը նախորդել էր Լաչինի միջանցքով մարդասիրական ապրանքների անցման իննամսեայ շրջափակումը, ինչը խախտել էր Արդարադատութեան միջազգային դատարանի ժամանակաւոր միջոցի կիրառման մասին որոշումը։
Կանադան համերաշխ է այս ճգնաժամից տուժած մարդկանց հետ եւ երախտապարտ է Հայաստանին իր դռները բացելու համար։ Այդ իսկ պատճառով 2023 թ․ մենք աւելի քան 3․9 միլիոն դոլարի մարդասիրական օգնութիւն ենք յատկացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծւած իրավիճակից բխող հրատապ կարիքները լուծելու համար։
Կանադան շարունակում է կոչ անել եւ աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ խաղաղութեան պայմանագրի կնքմանն ուղղւած բովանդակալից բանակցութիւններին, ինչպէս նաեւ կողմերի միջեւ երկխօսութեան եւ վստահութեան ամրապնդման միջոցառումների շարունակմանը՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար եւ տեւական խաղաղութեան համար:
Կանադան բազմիցս կոչ է արել անվերապահօրէն ազատել 2020 թ․ Ղարաբաղեան պատերազմի բոլոր հայ ռազմագերիներին։ Մենք նաեւ շարունակում ենք կոչ անել ազատ արձակել Ադրբեջանից կամայականօրէն ձերբակալւած բոլոր էթնիկ հայերին։
Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը եւ աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականութեան յարգման սկզբունքներին եւ ինքնորոշման իրաւունքին՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար եւ տեւական խաղաղութեան հասնելու բանակցութիւններում։ Սա պէտք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ եւ արժանապատիւ իրաւունքը, երաշխաւորի մարդու իրաւունքների եւ քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանութիւնը եւ տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը»:
Կանադայի Հայ Դատի յանձնախումբը շարունակելու է աշխատանքները Կանադայի ինչպէս գործադիր, այնպէս էլ օրէնսդիր իշխանութեան ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղեան հիմնախնդրի ներկայ հանգրւանի շուրջ կանադական կողմի օբիեկտիւ դիրքորոշումները պահպանելու եւ զարգացնելու ուղղութեամբ:
ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ
22.09.2024 թ.