ՊԱԲԼՕ ՆԵՐՈՒԴԱ
Ուզում եմ, որ իմանաս
Մի բան.
Գիտես՝ ինչպէս է.
Երբ նայում եմ
Բիւրեղեայ լուսնին, կարմիր ճիւղին,
Դանդաղընթաց աշնանը՝ իմ պատուհանից,
Երբ հպւում եմ
Կրակի մօտի
Անշօշափելի մոխրին,
Կամ փայտի կնճռապատ մարմնին,
Ամէն ինչ ինձ բերում է քեզ մօտ,
Ինչպէս եթէ այն ամէնը, ինչ գոյութիւն ունի՝
Բոյրերը, լոյսերը, մետաղները
Լինէին փոքրիկ նաւակներ, որ լողում են
Դէպի քո կղզին, որ ինձ է սպասում:
Եւ այսպէս,
Թէ քիչ-քիչ դադարես ինձ սիրել,
Կդադարեմ քեզ սիրել քիչ-քիչ.
Եթէ յանկարծ
Մոռանաս ինձ
Մի՛ փնտրիր ինձ,
Որովհետեւ մոռացել եմ քեզ արդէն.
Եթէ հաշւի առնես տեւական եւ խենթ
Դրօշների քամին,
Որ անցնում է իմ կեանքում
Եւ որոշես
Լքել ինձ ափին
Սրտի, որտեղ ունեմ արմատներ
Մտածիր
Որ այդ օրը,
Այդ ժամին
Բարձր կձգեմ թեւերս
Եւ դուրս եկած արմատներս
Ուրիշ հող կփնտրեն:
Բայց
Եթէ ամէն օր
Ամէն ժամ
Զգաս, որ ինձ համար ես նախանշւած
Անսասան քաղցրութեամբ,
Եթէ ամէն օր բարձրանայ
Քո շուրթերի ծաղկը՝ փնտրելու ինձ
Աւաղ, սէր իմ, աւաղ, սէր իմ
Իմ մէջ կրկնւում է այդ կրակը,
Իմ մէջ ոչինչ չի մարում, ոչինչ չի մոռացւում,
Իմ սէրը կենդանի է քո սիրով, սիրելիս,
Եւ քանի դեռ կաս, այն կմնայ քո թեւերի մէջ,
Առանց հեռանալու ինձնից:
Թարգմանութիւնը՝ Սիրանոյշ Օհանեանի
Սեպտեմբերի 23-ը չիլիացի աշխարհահռչակ բանաստեղծ, դիւանագէտ եւ քաղաքական գործիչ, գրականութեան նոբելեան մրցանակակիր (1971) Պաբլօ Ներուդայի (1904-1973) յիշատակի օրն է: