Բագրատ Սրբազան. «Եկել է Բռունցքւելու եւ գործելու ժամանակը»
«ԱԼԻՔ» – Երեւանի Կարէն Դերմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում, երէկ՝ սեպտեմբերի 22-ին, «Սրբազան պայքար» շարժման կազմակերպած մեծ հաւաքի ընթացքում ելոյթով հանդէս է եկել Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը: Ազդարարելով պայքարի վճռական փոլի մեկնարկի մասին, Բագրատ Սրբազանը խօսել է անելիքների մասին:
Նա մասնաւորապէս նշել է.
«Այո, այսօր մենք ապրում ենք գողացւած ուրախութեան, գողացւած պատւի եւ գողացւած կենսագրութեան ժամանակներում, եւ այսօր խօսելու եմ մեր անելիքների մասին.
1. Մայիս ամսից անընդհատ լսում ենք, որ շարժումը մարել է կամ մարում է՝ ոմանց մօտ ուրախութիւն առաջացնելով, իսկ ոմանց մօտ էլ՝ կասկածներ եւ տագնապ։
Ցանկանում եմ յստակ, մէկ անգամ եւս ու ընդմիշտ արձանագրել՝ այս շարժումը նո՛ր է սկսում, եւ եթէ ոմանց համար սա քաղաքական գործ է, ինձ համար սա ԿԵԱՆՔ է։ Եւ այս նեարդերի պատերազմում յաղթելու է նա, ով աննահանջ է, յամառ է եւ համբերատար է, ով պատրաստ է զոհաբերութեան եւ զրկանքների, որովհետեւ սա ճշմարտութեան համար պայքար է եւ ոչ ոք, ոչինչ չի կարող մեզ, ինձ բաժանել այս հաւատքից։ Եւ երանի նրանց, ովքեր քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի հագենան։
2․ ՀՀ գործող վարչախմբի կողմից սահմանադրական կարգն ու պետութեան հիմքերը քայքայող գործողութիւնները պէտք է համարժէք արձագանգ ստանան, եւ մենք կոչւած ենք վերականգնելու սահմանադրական կարգը մեր երկրում։ Հայաստանը պէտք է լեգիտիմ իշխանութիւն ունենայ, որը հանդէս կը գայ երկրի ազգային եւ պետական շահերի դիրքերից։
3․ Պէտք է ձեւաւորել նոր իշխանութիւնը, որը կը ձեւաւորւի ըստ արժանիքների՝ դառնալով «ՀԱՇՏՈՒԹԵԱՆ ԵՒ ԲՈԼՈՐ ՈՒՆԱԿՆԵՐԻ» կառավարութիւն։
4․ Պէտք է վերացւեն այս իշխանութեան կողմից հանրութեան ներսում ստեղծւած պետութեան եւ հասարակութեան դիմադրողականութիւնը քայքայող բաժանարար գծերը։
Մենք կարող ենք եւ կոչւած ենք վերականգնելու ներազգային համերաշխութիւնը՝ ներառելով Սփիւռքի մեր ներուժը, բացառելով անընդունելի բարքերի եւ համակարգերի վերադարձը, վերածւելով բարոյական հասարակութեան, որտեղ մեր որդիները հաւասար կը լինեն օրէնքի եւ մահւան առջեւ, որտեղ մարդու արժէքը կը գնահատւի ոչ թէ ինչ ունենալով կամ ում ճանաչելով, այլ իր՝ ով լինելով։
5․ Մենք պէտք է դառնանք երկարաժամկէտ եւ կայուն խաղաղութեան դրօշակակիրը։
Մենք կարող ենք եւ պէտք է կառուցենք այդ ճանապարհը։ Ե՛ւ կարող ենք, ե՛ւ պէտք է պատրաստ լինենք պաշտպանելու մեր արդար եւ իրական իրաւունքը, որից էլ կը բխի արդար եւ իրական խաղաղութիւնը։
6․ Այս գերլարւած տարածաշրջանում երկարաժամկէտ խաղաղութիւնն ու կայունութիւնը կարելի է վերադարձնել իրական բանակցութիւններով, արցախեան հիմնախնդիրը միջազգային քննարկումների օրակարգ բերելով, Արցախի ժողովրդի՝ հաւաքական կերպով, անվտանգ եւ արժանապատիւ սեփական բնօրրան վերադառնալու իրաւունքը վերականգնելով, Ադրբեջանում պահւող մեր գերիներին ու պատանդւած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը տուն վերադարձնելով, ադրբեջանական զինուժին ՀՀ տարածքից դուրս մղելով։
7․ ՀՀ-ն պէտք է հրաժարւի «հակա»-ներով արտաքին քաղաքականութիւնից, վերադառնայ կանխատեսելի եւ վստահելի գործընկերոջ կարգավիճակին՝ արտաքին յարաբերութիւնները կառուցելով ուժային կենտրոնների համադրման եւ ոչ թէ հակադրման, դաշնակցային եւ գործընկերական կապերի խորացման, փոխգործակցութեան նոր հեռանկարներ սահմանելու միջոցով՝ առանցքում ունենալով միայն եւ միայն Հայաստանի պետութեան շահը եւ հայկական օրակարգը։
8․ Վաղւայ Հայաստանում պիտի գործի «այլեւս երբեք»-ի սկզբունքը՝ որպէս համակարգ, որպէս մտածողութիւն եւ գործողութիւնների ուղենիշ՝ ներառելով ներքին եւ արտաքին անվտանգութիւնը, արդիւնաւէտ քաղաքական, կրթական, մշակութային, սոցիալ-տնտեսական համակարգերն ու ինստիտուտները։
9․ Մենք պէ՛տք է եւ կարո՛ղ ենք մեր հաստատակամութեամբ մեր հասարակութեանը ազատագրել պարտութեան ճիրաններից։ Պարտւած մարդը եւ հասարակութիւնն այս չարիքի իշխանութեան եւ թշնամու երազանքն են։ Մենք միմեանց ձեռք բռնած մեր հասարակութիւնը պիտի դուրս բերենք պարտւածի հոգեբանութիւնից եւ զոհի հոգեվիճակից։
Եւ մեր պայքարն ու շարժումը հէնց այդ առաքելութիւնն է իրականացրել եւ շարունակում է իրականացնել։
Այսօր գրւում է մեր ժողովրդի եւ պետութեան պատմութիւնը։
Դժբախտաբար, այս իշխանութեան «շնորհիւ» այդ պատմութիւնը գրւում է Բաքւում եւ այլ մայրաքաղաքներում։ Մեր պայքարի առանցքային ուղերձն է՝ եւ ես ապագայից եմ նայում մեր այսօրւան, որ մեր պատմութիւնը պէտք է գրւի Հայոց մայրաքաղաքում՝ Երեւանում, հէնց այս պատճառով է մեր պայքարը Սրբազան, հէնց դա է մեր ուժը եւ կարողութիւնը։
Մեր շարժումը հիմա սկսւում է այս դահլիճից, եւ այստեղ ներկայ իւրաքանչիւր ոք կոչւած է անկեղծնալու իր եւ Աստծոյ, մեր նահատակների եւ մեր պատմութեան առջեւ՝ որպէս կրող այս պայքարի, որպէս իր անձնական պայքարը, որպէս կազմակերպիչ, մարտիկ եւ քարոզիչ, որպէս դեսպան եւ գալիքին անմնացորդ հաւատացող։
Մայիսի 4-ից շարժւել ենք Երեւան։ Այսօր այստեղ՝ այս վայրում հազարաւորներով ենք սկսում եւ վերսկսում մեր կեանքի ընթացքը։ Մեր կեանքն ու տառապանքը մեզ պիտի մղեն ուրախութեամբ գործելու, որովհետեւ կոչւած ենք փոփոխութեան եւ ազատագրման։
Քննարկումների, վերլուծութիւնների, տարաբնոյթ մեկնաբանութիւնների, յաւակնութիւնների ժամանակը վաղուց սպառւած է։
Եկել է ԲՌՈՒՆՑՔՒԵԼՈՒ եւ գործելու ժամանակը։
Այսպիսով, որոշ հանգամանքներ հաշւի առնելով՝ ի մասնաւորի սեպտեմբերի 28-ին եւ 29-ին Սրբազան Միւռոնօրհնութեան եւ Մայր տաճարի վերաօծման արարողութիւնները, մեր համակարգող խորհրդի եւ տարբեր մարդկանց հետ խորհրդակցաբար որոշել ենք, որ մեր ակտիւ պայքարի շրջանը վերսկսում ենք հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30-ին՝ հաւաքւելով Հանրապետութեան հրապարակում։
Սիրելի՛ ժողովուրդ, այս ընթացքում պատրաստ եղէք մեր երկրի առջեւ վեր յառնող ցանկացած իրավիճակի ու զարգացումներին համարժէք արձագանգելու։ Մենք սխալւելու իրաւունք չունենք։ Մեր պայքարը նոր մօտեցումներով եւ նոր մեթոդաբանութեամբ, քայլ առ քայլ յաղթանակներով պիտի հասնի սահմանւած վերջնարդիւնքին՝ զուգորդւած քաղաքական լուծումների հնարաւոր տարբերակներով։
Եւ ամփոփելով՝ ցանկանում եմ յստակ շեշտել․ այս պայքարի՝ Սրբազան պայքարի, ոմանց ուղեղներին անհասանելի «մահ կամ հայրենիք» պայքարի, այո՛, ինձ համար «մահ կամ հայրենիք» պայքարի բոլոր անյաջողութիւնները, թերացումներն ու սխալները ԻՄՆ են, միայն եւ բացառապէս ԻՄԸ, իսկ ձեռքբերումները, յաղթանակներն ու Յաղթանակը՝ ՁԵՐԸ, միայն եւ միայն՝ ձերը, եւ ուրիշ ոչ ոքինը, շատ սիրելի՛ ժողովուրդ։
Բոլոր վայրէջքների տէրը ես եմ, բոլոր վերելքների եւ յաղթանակների տէրը՝ դուք»։