Գեղամ Մանուկեան. «Սրանց արմատը պէտք է կտրւի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ Նիկոլ, ոչ Նիկոլի ծառայ»

«ԱԼԻՔ» – «Այսօր իշխանական ողջ մեդիառեսուրսը նախապէս մշակւած սցենարով սկսեց լայնածաւալ յարձակումը Վեհափառի դէմ, իբր փաստ ներկայացնելով Նուրհան Սրբազանի եւ մի կարգալոյծի հեռախօսազրոյց (որի իսկութիւնը չեմ հաստատում)»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:
Նա մասնաւորապէս գրել է.
«Ստուկաչութեան եւ գաղտնալսման «դրախտավայր» Հայաստանս
Այսօր հերթական գաղտնալսման արտահոսքը փաստեց, որ Նիկոլը Հայաստանում հաստատել է գաղտնի ծառայութիւնների, իրաւապահների լիակատար ենթարկացման, ստրկացման ու ոտքի տակի փալասի կարգավիճակում պահելու մի պողպատէ համակարգ։
Ցանկացած քաղաքական պատւէր, ցնորական կամակորութիւն (սատանայ փնտրելուց մինչեւ սեւ շապիկաւորների յայտնաբերում) կատարելու համար գործի է դրւում ողջ ռեսուրսը եւ շէֆի պատւէրի համար այդ ստրուկները կանգ չեն առնելու ոչնչի, կրկնում եմ՝ ոչնչի, անգամ սեփական հարազատի դէմ մատնագիր պատրաստելու, գաղտնալսելու առաջ։
Այսօր իշխանական ողջ մեդիառեսուրսը նախապէս մշակւած սցենարով սկսեց լայնածաւալ յարձակումը Վեհափառի դէմ, իբր փաստ ներկայացնելով Նուրհան Սրբազանի եւ մի կարգալոյծի հեռախօսազրոյց (որի իսկութիւնը չեմ հաստատում)։
Մի քանի ուշագրաւ փաստ.
Այն իբր ձայնագրւել է 2023 թւականին ու հիմա է հրապարկւում, ինչը նշանակում է՝ տարիներ շարունակ Մայր Աթոռը, հոգեւորականները գտնւել են 24-ժամեայ հսկողութեան եւ գաղտնալսման տակ։
Ձայնագրութիւնները բազում են ու պահւում են առանձին թղթապանակներում, ըստ նպատակայարմարութեան օգտագործելու, սպառնալու, շանտաժի համար։
Շարունակում է աշխատել Հայաստանի ամենայանցաւոր բանդան՝
Նիկոլ (պատւէր տւող)
իրաւապահներ, օպերատիւ աշխատողներ, հանրային, պետական ողջ ռեսուրսը, քաղաքական նպատակայարմարութեամբ ու համաձայն պատւէրի գաղտնալսելու, տեսագրելու, լուսանկարելու ու ըստ անհրաժեշտութեան այդ ամենի ոչ պաշտօնական արտահոսքը կազմակերպելու համար։
Ու վերջին, ստորին օղակ՝ Նիկոլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարօն Չախոյեանի արդէն յայտնի Medianews.am կայքը, որտեղ էլ մշտապէս յայտնւում են այդ բոլոր նիւթերը։
Այդ մասին օրերս նորից եմ խօսել Ազգային ժողովում։
Ես իրաւաբան չեմ, բայց այդ բոլոր իրաւաբանները Քննչական կոմիտէում, ԱԱԾ ում, չգիտեմ էլ որ մի ծառայամիտ կանտոռայում չե՞ն հասկանում, որ հանրային միջոցները, ռեսուրսները ոչ օրինական շահագործելու, օգտագործելու համար, երբ իրենց շէֆը չլինի, պատասխան են տալու։
Ու տալու են։ Դա խոստանում եմ։ Խոստանում ենք։ Սրանց, անօրինական գործունէութիւն ծաւալողների արմատը պէտք է կտրւի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ Նիկոլ, ոչ Նիկոլի ծառայ ու այն բռնապետութիւնը, որ հիմա կայ մեր երկրում»:



