Եւրոպայի սոցիալիստների կուսակցութիւնը Ադրբեջանին կոչ է անում ապահովել արցախահայութեան վերադարձն ու Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը

Ամստերդամում ընթացող Եւրոպայի սոցիալիստների կուսակցութեան կոնգրեսն ընդունել է մի շարք բանաձեւեր, որտեղ տեղ են գտել Հ. Յ. Դաշնակցութեան կողմից ներկայացւած դրոյթներ։
Մասնաւորապէս՝ Եւրոպայի սոցիալիստների կուսակցութիւնը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին, թոյլատրել արցախահայութեան վերադարձը միջազգային մոնիթորինգի պայմաններում, ապահովել հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը։ Ընդունւած բանաձեւով նաեւ կարեւորւում է Հայաստանի ժողովրդավարական զարգացումների շարունակական մոնիթորինգը՝ ներառեալ օրէնքի գերակայութիւնը, դատական անկախութիւնը եւ քաղաքական ազատութիւնների պաշտպանութիւնը։
Կոնգրեսի որդեգրած բանաձեւերից «Խաղաղութեան, բարօրութեան եւ ներառականութեան խթանումը Եւրոպայում եւ նրա հարեւան տարածաշրջաններում» բանաձեւում, Եւրոպայի սոցիալիստների կուսակցութիւնը ասում է.
«Մենք վերահաստատում ենք մեր աջակցութիւնը բոլոր այն միջազգային ջանքերին, որոնք ուղղւած են խաղաղութեան, անվտանգութեան եւ կայունութեան ապահովմանը Հարաւային Կովկասում, մասնաւորապէս՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելութեան տեղակայման միջոցով։
Ադրբեջանը պէտք է ազատ արձակի բոլոր հայ գերիներին, ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը՝ միջազգային վերահսկողութեան ներքոյ, եւ պահպանի տարածաշրջանի հայկական մշակութային ժառանգութիւնը։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցութիւնը Ադրբեջանի ժողովրդավարական ընդդիմութեանը։ Մենք ընդգծում ենք Հայաստանի ներքին ժողովրդավարական գործընթացների շարունակական մոնիթորինգի կարեւորութիւնը, ներառեալ՝ օրէնքի գերակայութիւնը, դատական անկախութիւնը եւ քաղաքական ազատութիւնների պաշտպանութիւնը»։
Կոնգրեսը PES-ի բարձրագոյն ժողովն է, որտեղ քննարկւում է համաեւրոպական այս խոշոր կուսակցութեան նախընթաց գործունէութիւնը, որոշւում ռազմավարական եւ ծրագրային քաղաքական առաջնահերթութիւնները, ընտրւում է կուսակցութեան նոր գործադիր մարմին։
PES-ին իբրեւ լիիրաւ անդամ անդամակցում են եւրոպական 33 կուսակցութիւններ, իբրեւ ասոցացւած՝ 13, իսկ դիտորդ անդամների թիւը 15-ն է։ Անդամակցութեան կարգավիճակը կախւած է Եւրոպական Միութեան հետ պատկան երկրի յարաբերութիւնների բնոյթից։ Հ.Յ. Դաշնակցութիւնը մեր տարածաշրջանում PES-ին անդամակցող միակ քաղաքական ուժն է։
Այս կուսակցութեան հետ միջկուսակցական կապերի շարունակական զարգացումը Հ. Յ. Դաշնակցութեան արտաքին յարաբերութիւնների կարեւոր ուղղութիւններից մէկն է։
Հ. Յ. Դաշնակցութեան պատւիրակութիւնը ներկայացնում են Գասպար Կարապետեանը, Սարինէ Աբրահամեանը, Գէորգ Ղուկասեանը, Նարոդ Նորամանեանը։ Նախատեսւում է ՀՅԴ պատւիրակութեան ակտիւ մասնակցութիւնը Կոնգրեսի աշխատանքներին, հանդիպումներ բազմաթիւ երկրների սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական եւ աշխատաւորական կուսակցութիւնների ներկայացուցիչների հետ, փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի լայն շրջանակի քննարկում։
ՀՅԴ Բիւրոյի Հանրային կապերի գրասենեակ
17 հոկտեմբերի, 2025



