Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Թրամփի «խաղաղութիւնը»՝ որպէս անկայուն գործարք տարբեր ռեգիոններում

ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, օրերս շնորհակալութիւն յայտնելով Նիկոլ Փաշինեանին ու Իլհամ Ալիեւին Նոբելեան խաղաղութեան մրցանակին իր թեկնածութիւնն առաջադրելու համար, Ուկրաինայի պատերազմն աւարտելու դեռեւս ապարդիւն ջանքերին զուգահեռ՝ միջնորդական ջանքեր ներդրեց նաեւ Թաիլանդ-Կամբոջա ռազմական բախումները դադարեցնելու եւ հոկտեմբերին ԱՄՆ մասնակցութեամբ ստորագրւած խաղաղութեան համաձայնագրին վերադառնալու համար։

ԱՄՆ նախագահը յայտարարեց, որ զանգահարել է Թաիլանդի եւ Կամբոջայի վարչապետներին՝ երկու կողմերի միջեւ նոր ռազմական բախումները լուծելու համար։ Ըստ Թրամփի՝ զրոյցը «շատ լաւ» է եղել, եւ երկու առաջնորդները համաձայնել են վերադառնալ հոկտեմբերին ԱՄՆ մասնակցութեամբ ստորագրւած խաղաղութեան համաձայնագրին։ «Նրանք համաձայնել են դադարեցնել բոլոր ռազմական գործողութիւնները՝ սկսած այսօր երեկոյեան, եւ վերադառնալ սկզբնական խաղաղութեան համաձայնագրին»,- գրել է Թրամփը Truth Social-ում։ Չնայած դրան, զուգահեռաբար տեղեկութիւններ տարածւեցին՝ Թաիլանդի եւ Կամբոջայի միջեւ մարտական​​գործողութիւնները վերսկսւել են։ Թաիլանդի վարչապետը յայտարարել է, որ երկիրը կը շարունակի ռազմական գործողութիւնները, «մինչեւ մենք այլեւս չզգանք մեր հողի եւ ժողովրդի կողմից սպառնալիք»։ Քաղաքական գործիչն ասել է, որ ինքը տեղեկացրել է Թրամփին այդ մասին։ Նա նշել է, որ հրադադարը հնարաւոր է, երբ Կամբոջան դուրս բերի իր բոլոր զօրքերը վիճելի տարածքներից։

Կարճ ժամանակ է անցել նաեւ Թրամփի մերձաւորարեւելեան ռեգիոնում խաղաղութեան հաստատմանն ուղղւած ջանքերից։ Հոկտեմբերի կէսին Եգիպտոսի Շարմ էլ Շէյխում ընթացող գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գազայի հատւածի հակամարտութեան դադարեցման մասին պայմանագիր ստորագրեց։

«Սա իսկապէս շատ կարեւոր փաստաթուղթ է»,- յայտարարել է Թրամփն արարողութիւնից յետոյ՝ այն անւանելով Մերձաւոր Արեւելքում երբեւէ կնքւած գործարքներից «ամենամեծն ու ամենադժւարը»: Ելոյթ ունենալով համաշխարհային առաջնորդների առջեւ՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ համաձայնագրի ստորագրումը նշանակում է տարածաշրջանում խաղաղութեան հաստատում: «Պատմական համաձայնագրով, որը մենք հէնց նոր ստորագրեցինք, վերջապէս լսւեցին միլիոնաւոր աղօթքներ։ Միասին մենք հասանք անհնարին՝ վերջապէս խաղաղութիւն ունենք Մերձաւոր Արեւելքում»,- ասել էր Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը նաեւ ընդգծել էր, որ խաղաղութեան փաստաթղթի ստորագրումը բացառում է նոր համաշխարհային պատերազմի հաւանականութիւնը: Գազայում խաղաղութեան հաստատման առաջին փուլն ընթացքի մէջ է։ Թրամփը խոստացել է յայտարարել խաղաղութեան համաձայնագրի երկրորդ փուլի իրականացման մեկնարկը յայտարարելու մասին։

Սակայն Մերձաւոր Արեւելքում խաղաղութիւն հաստատւած չէ, քանի որ Իսրայէլը պարբերաբար հարւածներ է հասցնում Լիբանանի «Հեզբօլլահ»-ի կառոյցներին այն դէպքում, երբ Իսրայէլն ու Լիբանանը 2024-ին ԱՄՆ-ի միջնորդութեամբ հրադադարի շուրջ պայմանաւորւածութիւն էին ձեռք բերել եւ մինչ այսօր Իսրայէլն ու Լիբանանը միմեանց մեղադրում են հրադադարի խախտումների մէջ։

Թրամփի վարչակազմն անընդհատ բանակցութիւններ է վարում Ռուսաստանի, Ուկրաինայի, եւրոպական երկրների հետ՝ աւարտին հասցնելու համար պատերազմն Ուկրաինայում, սակայն այդ նախաձեռնութիւնները, այդ թւում՝ վերջինը, որը դեռ քննարկւում է, կարծես մեծ յաջողութեան չի արժանանում։ Թրամփի ներկայիս վարչակազմն իսկապէս ծաւալուն դիւանագիտական աշխատանք է կատարում աշխարհում։ Ի տարբերութիւն ԱՄՆ նախորդ վարչակազմերի, այդ թւում՝ Թրամփի նախագահութեան առաջին շրջանին, Թրամփի աշխատակազմը ներկայումս միջամտում է ու փորձում բանակցել, խաղաղութիւն հաստատել գրեթէ բոլոր նոր եւ հին հակամարտութիւններում։

Սակայն խնդիրն այն է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից յայտարարւած «խաղաղութեան հաստատման» ռազմավարութիւնը միջազգային յարաբերութիւններում աւելի ու աւելի է ընկալւում՝ ոչ թէ որպէս կայունութեան կառուցման փորձ, այլ՝ որպէս կարճաժամկէտ քաղաքական գործարքների շղթայ, որոնք խորքային առումով ձախողւել են գրեթէ բոլոր ռեգիոններում։

Թրամփեան դիւանագիտութեան առանցքը եղել է արագ արդիւնքների ցուցադրումը՝ ներքին քաղաքական սպառման համար, ինչը համակարգային խաղաղարար մօտեցումը փոխարինել է պայմանական համաձայնութիւններով, որոնք զուրկ են ինստիտուցիոնալ երաշխիքներից։

Եւ այստեղ Հայաստանի համար խնդիրն այն է, որ Թրամփի միջնորդութիւնն ու անձամբ նրա մասնակցութիւնը Վաշինգտոնեան պայմանաւորւածութիւններում հայաստանեան շատ շրջանակներ ներկայացնում են՝ որպէս խաղաղութեան եւ պայմանաւորւածութիւնների երաշխիք։ Այս ամէնին գումարւում է նաեւ այն, որ Ալիեւը շարունակում է զարգացնել, այսպէս կոչւած, «վերադարձի» թեման, նոր խնդիրներ ու պայմաններ առաջադրելով Հայաստանին։

Այս ընդհանուր ձախողումների տրամաբանութեան մէջ պէտք է դիտարկել նաեւ Հարաւային Կովկասը։

Թրամփի վարչակազմի մօտեցումը հայ-ադրբեջանական կարգաւորման հարցում հիմնւած է ոչ թէ հակամարտութեան պատճառների խորքային վերլուծութեան, այլ արագ քաղաքական «յաջողութեան» արձանագրման վրայ։ Խաղաղութեան հաստատումը կամ համաձայնագրի ստորագրումը դիտարկւում է որպէս նպատակ ինքնին՝ անկախ դրա բովանդակութիւնից, ուժերի իրական բալանսից եւ կողմերի անվտանգութեան երաշխիքներից։

Այս պայմաններում ցանկացած պայմանաւորւածութիւն Հարաւային Կովկասում դառնում է խիստ անվստահելի։ ԱՄՆ-ի առաջարկած կամ խրախուսած մոդելները չեն ապահովում երկարաժամկէտ վերահսկողութեան մեխանիզմներ, չեն հաշւի առնում տարածաշրջանային դերակատարների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի մրցակցային շահերը եւ չեն երաշխաւորում, որ ուժի կիրառման սպառնալիքը չի վերադառնայ՝ որպէս քաղաքական գործիք։ Աւելին, Թրամփեան մօտեցումը խաղաղութիւնը դիտարկում է որպէս «գործարք», որտեղ կողմերից մէկի անվտանգային մտահոգութիւնները կարող են զոհաբերւել արագ համաձայնութեան դիմաց։

Սա յատկապէս վտանգաւոր է Հայաստանի համար, քանի որ ստեղծում է իրավիճակ, որտեղ խաղաղութեան անւան տակ կարող են օրինականացւել ուժի արդիւնքները՝ առանց իրական անվտանգութեան համակարգի ձեւաւորման։

Այսպիսով, Թրամփի խաղաղարար ջանքերի ձախողումը տարբեր ռեգիոններում ցոյց է տալիս մէկ հիմնական օրինաչափութիւն. խաղաղութիւնը չի կարող կառուցւել առանց վստահութեան, ինստիտուտների եւ երկարաժամկէտ պատասխանատւութեան։

Հարաւային Կովկասում նման պայմանների բացակայութեան դէպքում ԱՄՆ-ի միջնորդութեամբ կամ աջակցութեամբ ձեռք բերւած ցանկացած համաձայնութիւն մնում է խոցելի, ժամանակաւոր եւ պայթիւնավտանգ։

168.am

Related Articles

Back to top button