
Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ թւականիս դեկտեմբերի 11-ին եւ 12-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղի «Կոմիտաս» սրահը իր դռներն էր բացել Ձմեռ պապի համար, որտեղ ներկայացւում էր միւզիքլ կատարում «Ձմեռ պապը եւ նւէրների ուղին» թատերա-պարային բեմադրութիւնը, իր շուրջ համախմբելով մեծ թւով հայրենակիցների եւ երեխաների:
Իր տեսակի մէջ իւրայատուկ ներկայացումը, բեմադրիչ Բիայնա Մահմուդեանի բեմադրութեամբ եւ «Արարատ» պարախմբի կատարմամբ իրապէս տօնական մթնոլորտ ստեղծեց հանդիսատեսի համար, տօնական եւ միեւնոյն ժամանակ ուսուցողական, քանզի փոխանցում էր հետեւեալը՝ գործը յաջող իր աւարտին հասցնելու համար անհրաժեշտ է միասնականութիւն:
Բեմադրութեան իրականացման գործում իր անժխտելի դերակատարութիւնը դրսեւորեց Հ.Մ.Ա.Կ-ի «Արարատ» պարախումբը, որի աւագ ուսուցիչն է՝ Լինէթ Սարգսեանը, ուսուցիչ՝ Ալմարա Շամիրեանը, փորձավարներ՝ Նարէ Մնացականեանը եւ Նարէ Տէր Մկրտչեանը: Տօնական միջոցառումը սկսւում էր հէնց նախասրահից, որտեղ գեղեցիկ եւ հաճելի մթնոլորտ էր տիրում եւ ձիւնանուշիկը դիմաւորում էր ներկաներին: Նշենք, որ այս տօնական մթնոլորտից եւ Ձմեռ պապիի կապոցներից անմասն չեն մնալու Արցախի մեր սիրելի բալիկները:
Ձիւնազարդ սարեր ու անտառ բնութագրող բեմական գունազարդ յարդարանքներով եւ լուսային խաղերով դասաւորւած բեմում Ամանորին յարիր երգերով ելոյթ ունեցան՝ Քեւին Մոսկոֆեանը, Մինէ Հաթամեանը, Նելլի Մկրտչեանը եւ Ալին Ասլանեանը, որոնք ներկայացնում էին Ձմեռ պապին եւ իր եղջերուներին: Ահա պատմութիւնը թէ՝ ինչպէս բալիկների նւէրների փոխանցման համար սարերից իր սայլով իջնող Ձմեռ պապի սայլը փչանալով նա գիշերում է անտառում, իսկ անտառում նախ ագռաւները եւ ապա կատուները մարմնաւորող դերասանները՝ այսինքն պարախմբի սաները յափշտակում են նւէրները, որոնց անհամբեր սպասում են երեխաները: Շարունակութեան մէջ անտառի կենդանիների եւ գաջաջների միասնական ու չյուսահատւող ջանքներով գտնւում են բոլոր նւէրները, որպէսզի Ձմեռ պապը իր սայլով եւ եղջերուներով դրանք հասցնեն հասցէատէրերին: Այդ ամբողջ ընթացքը ներկայացրեցին «Արարատ» պարախմբի հինգ օղակի սաները սկսած անսամբլից մինչեւ ամենափոքրիկները: Թէեւ ներկայացումից առաջ հանդիսատեսին խնդրել էին ընթացքում չծափահարել, սակայն տօնական մթնոլորտից ոգեշնչւած հանդիսատեսը յաճախ էր ծափահարում ընթացքում:
Դեկտեմբերի 12-ի բեմադրութեան աւարտին բեմ հրաւիրւեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Նա իր ելոյթի ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ հէնց այն միասնականութեանը, համագործակցութեանը եւ ապագայի նկատմամբ լաւատես լինելու տեսլականին, որի շուրջ էր ընթանում ներկայացումը: Նա գնահատանքով անդրադարձաւ ներկայացման վերաբերեալ, այն իր տեսակի մէջ համարելով առաջինը եւ ողջունեց բեմադրիչ Բիայնա Մահմուդեանին, «Արարատ» պարախմբին եւ կազմակերպութեանը նման տօնական միջավայր ստեղծելու համար:
Յատկանշական է, որ հանդիսատեսի ջերմ ընդառաջման բերումով ներկայացումը կրկնւելու է վաղը դեկտեմբերի 19-ին «Կոմիտաս» սրահում:
Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ
Լուսանկարիչ՝ ՌԵԲԵԿԱ ՎԱՐԴԱՆԵԱՆ









