Դաշնակցական Բեմ

ՄԱՀԱՄԵՐՁ ԵՒՐՈՄԻՈՒԹԵԱՆ ԶԱՌԱՆՑԱՆՔԸ…

Դերենիկ Մելիքեանի ոսպնեակից

1. Համաձայն շրջանառւող լուրերի՝ Եւրոմիութիւնը (ԵՄ) կոտորակումների ու փլուզման նոր փուլ է թեւակոխել։ Սա ինքնին սպասելի էր, երբ նոյն այդ միութիւնից դեռ տարիներ առաջ ինքնաբացարկ յայտարարեց Եւրոպայի հին աղւէս՝ Անգլիան իր յայտնի «BREXIT»-ով։

Օրերս էլ ԵՄ անդամ 7 երկրներ իրենց անհամաձայնութիւնն են յայտնել Ռուսաստանի դէմ բանկային սանկցիաների կիրառմանը, պատճառաբանելով նախ՝ նոյն ԵՄ-ի տնտեսական անմխիթար վիճակը, ապաեւ՝ Ուկրաինական թնջուկում ԱՄՆ քաղաքական հաշւարկներից կախւածութեան վնասները։

2. Ժամանակին էլ, սահակաշւիլիական Վրաստանը եւրաերազանքների շլացուցիչ պատրանքների ծանրագոյն գին վճարեց՝ Աբխազիայի եւ Օսետիայի կորստով։ Դա, սակայն, դաս չեղաւ վրացիներին, երբ եւրակառոյցներին ինտեգրւելու համար ԵՄ-ի «բաց սահմանների» քաղաքականութիւն որդեգրեցին։ Այս բաց սահմանների ամենամօտ դարպասներից, սակայն, լայնօրէն ներթափանցողները ոչ այլ ոք էին, եթէ ոչ՝ «առեւտրա-տնտեսական լա՜յն ներդրումներով» դարանակալ՝ թուրք-ադրբեջանական տանդեմ-դաշինքը…։

Վրաստանն, սակայն, այսօր Եւրամիութեան աչքի գրողն է, որովհետեւ վրացիք ի տես խաբուսիկ եւրաինտեգրման ու դրա արդիւնքում էլ՝ երկրի սրընթաց թուրքացման, նախ ժողովրդական կամքի դրսեւորմամբ՝ ընտրեցին համապատասխանաբար իշխանական նոր ու ազգային նպատակներով ուղղորդւող համակարգ , ապա՝ ինքնուրոյն նպատակադրումով, երկրի ու պետութեան արտաքին քաղաքականութեան վերանորոգ օրիենտացիա որդեգրեցին, որն էլ պիտի ապահովէր երկրի ազգային ու պետական անկախ ու ինքնիշխան կարգուսարքը։

3. Հազարումի պատճառով Ուկրաինան եւս Եւրամիութիւնից յուսալքւելու հեռանկարով է տառապում։ Եւրամիութիւն, որի՝ ըստ ամենայնի հեղինակազրկւած ղեկավարները հէնց վերջերս Սպիտակ Տանը քաղաքական-դիւանագիտական արհամարհանքի ու նւաստացման արժանացան իրենց «ՇԵՖ»-ի կողմից, նոյն ուկրաինական պատերազմի սակարկութիւնների օրակարգով…։

4. Եւրոպայի հեղինակազրկման ցուցանիշերն ակնբախ են այլեւս, ի տես՝ աֆրիկեան աշխարհամասից մինչեւ միջին ու մերձաւոր արեւելք նրա՝ ռազմաքաղաքական ներկայութեան բացառման եւ ազդեցութեան խիստ նւազման։

Իսկ տւեալ դէպքում հեղինակազրկութեան նորագոյն ցուցանիշը դա՝ Իրանի միջուկային չարչրկւած թղթածրարից նրա դուրսմղման հանգամանքն է, որն յատկապէս ակներեւ դարձաւ ԱՄՆ-Իսրայէլ յունիսեան 12-օրեայ տմարդի ու վայրագ յարձակումների ընթացքին։

Ահաւասիկ, Իրանի ատոմային խաղաղ տեխնոլոգիայի բանակցային գործընթացներում եւրոպական ՏՐՈՅԻԿԱ-ի երբեմնի վճռորոշ ու սկզբունքային դիրքորոշումներն այլեւս արժեզրկւած են ըստ ամենայնի։ Եւ արդէն ամիսներ ի վեր նրանց խնդրանք-առաջարկները՝ բանակցային նոր փուլ սկսելու խնդրով, պարզապէս չի հետաքրքրում իրանական դիւանագիտական շրջանակներին ։

….Եւ ահա՝

5. Եւրոմիութեան (ԵՄ) դիւանագիտութեան ղեկավար (արտաքին գործերի բարձր յանձնակատար) տկն. Կայա Կալասը իր ասութեամբ՝ «ի պատասխան Հայաստանի ակնկալութեան, ԵՄ-ը աջակցութիւն է խոստացել՝ 2026-ի հայաստանեան պարլամենտական ընտրութիւնների առթիւ»։ Ըստ նրա՝ Հայաստանը աջակցութիւն է հայցել Մոլդովայում կայացած ընտրութիւնների տարբերակով, որտեղ «չարամիտ ու ռուսամէտ» ընդդիմադիրներին արգելել են մասնակցել տւեալ ընտրութիւններին։ ԵՄ-ի յիշեալ դիւանագէտն էլ նախնական խոստման համաձայն՝ ՀՀ իշխանութեանը 15 միլիոն եւրօ օգնութեան մասին է յայտարարել, «քարոզչական մարտահրաւէրները դիմակայելու» համար։

 Ինչպէ՞ս բնութագրել սա, եթէ ոչ՝ Հայաստանի ներքին խնդիրներին կոպտագոյն ու լկտի միջամտութիւն, որն միաժամանակ արհամարհում – վիրաւորում է ՀՀ քաղաքացու ընտրական կամքն ու գիտակցութիւնը։

Հայաստանի կառավարական արդէն փլուզւած համակարգը բռնազաւթած վաշխառու խմբակը թող «ԵՒՐՈՇԻՆԳԵՆԵԱՆ» եւ առաւել եւս «ԱՆԳԼՈԱՐԵՒՄՏԵԱՆ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ» զառանցանքներով չմոլորեցնի արթնացող հային, քանզի դրանով լոկ վաստակում է ՄԱՀԱՄԵՐՁ ԵՒՐՈՄԻՈՒԹԵԱՆ դամբանախօսի պատւազուրկ դափնին…։

Դ. Մ.

Պատմական գիտութիւնների թեկնածու

Related Articles

Back to top button