Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի բողոքի ցոյցը ԵՄ պատւիրակութեան շէնքի առջեւ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութեան կազմակերպութեամբ, դեկտեմբերի 15-ին, ՀՀ-ում ԵՄ պատւիրակութեան շէնքի առջեւ տեղի ունեցաւ բողոքի ցոյց:

Ցոյցի նպատակը ՀՀ-ում ազատազրկւած եւ հետապնդման ենթարկւող քաղբանտարկեալների, ինչպէս նաեւ Բաքւի բանտերում ապօրինաբար պահւող ռազմագերիների հարցերին ԵՄ ուշադրութիւն հրաւիրելն էր:

Երիտասարդները անգլերէն եւ ֆրանսերէն լեզուներով ընթերցեցին յայտարարութիւն՝ ուղղւած Եւրոպական միութեան երկրներին։

«Առաջին անգամը չէ, որ այստեղ ենք, սա խօսում է այն մասին, որ խնդիրները դեռեւս լուծւած չեն: ԵՄ-ն տարիներ շարունակ արձագանքել է Հայաստանում քաղաքական ճգնաժամերին, երբ դրանք համընկնում էին իրենց քաղաքական օրակարգին»,- յայտարարեց «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութեան անդամ Արմենակ Գրիգորեանը:

«Մինչեւ 2018 թ. ԵՄ-ն հետեւողականօրէն բարձրաձայնում էր մարդու իրաւունքների, արդարադատութեան եւ ժողովրդավարութեան չափանիշների խախտումների մասին: ԵՄ-ն ժամանակին ընդգծել է քաղաքական հետապնդումների, ընտրական խախտումների, ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման անթոյլատրելիութիւնը, ինչպէս նաեւ քաղաքական երկխօսութեան եւ համակարգային բարեփոխումների անհրաժեշտութիւնը: Բայց այսօր՝ 2025 թ. նոյն ԵՄ-ն լռում է, եւ մենք ստիպւած ենք հարցնել, թէ ինչու: 2018 թ.-ից յետոյ Հայաստանում ձեւաւորւել է ընտրովի արդարադատութեան նոր համակարգ, որտեղ քրէական հետապնդումները կիրառւում են ոչ թէ օրէնքի, այլ քաղաքական նպատակայարմարութեան հիման վրայ: Այսօր Հայաստանում հալածւում են Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսներ, ազգային բարերարներ, հասարակական, քաղաքական գործիչներ, ընդդիմադիր համայնքապետեր: Մարդիկ ամիսներով եւ տարիներով պահւում են նախնական կալանքի տակ՝ զրկւած են արդար դատաքննութեան իրաւունքից եւ ենթարկւում են քաղաքական հետապնդումների: Նրանք քաղբանտարկեալներ են»,- նշեց Արմենակ Գրիգորեանը եւ յաւելեց՝ «Ազատութիւն քաղբանտարկեալներին։ Արդարութիւն առանց ընտրովի մօտեցմանը, եւրոպական արժէքներ ոչ թէ թղթի վրայ, այլ իրական կեանքում»:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութեան վարչութեան անդամ Վարդան Գալստեանը խօսելով ՄԱԿ-ի գրասենեակի առաջ անցեալ շաբաթ իրականացրած իրենց բողոքի ցոյցից, ասաց, որ ՄԱԿ գրասենեակ փոխանցւած նամակի պատասխանը չի ստացւել, ինչը նշանակում է, որ այն չեն ուսումնասիրել:

Arfd.am

Related Articles

Back to top button