Կրեմլը յայտարարել է, որ պատրաստ է «քննարկել» Ուկրաինայում եւրոպական զօրքերի տեղակայման հարցը

«ԱԼԻՔ» – Ուկրաինայում խաղաղութեան համաձայնագրի պահպանման նկատմամբ վերահսկողութիւն իրականացնելու նպատակով եւրոպական զինւորականներ տեղակայելու Արեւմուտքի ծրագրերը կարող են բանակցութիւնների առարկայ դառնալ։ Այս մասին ըստ News.am-ի՝ յայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ուկրաինայի տարածքում օտարերկրեայ ռազմական կոնտինգենտների վերաբերեալ մեր դիրքորոշումը քաջ յայտնի է բոլորին: Այն ձեւակերպւել է ե՛ւ նախագահի կողմից, ե՛ւ աշխատանքային այլ մակարդակներում: Այն լաւ յայտնի է բոլորին, բացարձակապէս հետեւողական է ու հասկանալի»,- ասել է Պեսկովը:
«Բայց, դարձեալ, սա քննարկման առարկայ է»,- յաւելել է նա՝ մեկնաբանելով «ցանկացողների կոալիցիայի» կողմից Ուկրաինա ռազմական կոնտինգենտ ուղարկելու ծրագրերի մասին լուրերը, յայտնում է «Ինտերֆաքս»-ը:
The New York Times-ի տւեալներով՝ եւրոպական զօրքերը պէտք է դառնան անվտանգութեան երաշխիքների մաս, որոնք ամերիկացի եւ ուկրաինացի պաշտօնեաները քննարկել են շաբաթւայ սկզբին Բեռլինում կայացած բանակցութիւնների ժամանակ:
Ենթադրւում է, որ եւրոպական երկրների զինւորները կը տեղակայւեն Արեւմտեան Ուկրաինայում՝ ենթադրեալ ապառազմականացւած գօտուց հեռու, սակայն որպէս զսպող միջոց կը ծառայեն Ռուսաստանի կողմից հնարաւոր ապագայ ագրեսիայի դէմ։
ԱՄՆ-ն իր զինւորականներին չի ուղարկի Ուկրաինա, սակայն եւրոպացիների համար հասանելի կը դարձնի իր հետախուզական տւեալները։ Դա կօգնի հետեւել հրադադարի ռեժիմի պահպանմանը, ինչպէս նաեւ բացայայտել Ռուսաստանի այն գործողութիւնները, որոնք կարող են կրկնակի ներխուժման համար նախապատրաստութիւն լինել։
NYT-ի աղբիւրները եւրոպացի եւ ամերիկացի պաշտօնեաների շրջանում կասկածում են, որ Վլադիմիր Պուտինը կը համաձայնի խաղաղութեան պլանին, քանի որ Մոսկւայի եւ Կիեւի միջեւ պահպանւում են սկզբունքային տարաձայնութիւններ։ Նախկինի պէս կարգաւորւած չէ առանցքային՝ տարածքային հարցը. Կրեմլը պահանջում է ողջ Դոնբասը, իսկ Ուկրաինան պնդում է ռազմաճակատի գծի «սառեցումը»։
Ռուսաստանը «ոչ մի պարագայում» չի համաձայնի Ուկրաինայում արեւմտեան երկրների զօրքերի տեղակայմանը. նախօրէին յայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Սերգէյ Ռիաբկովը։ Հարցին, թէ պատրա՞ստ է արդեօք Մոսկւան եւրոպական ուժերի տեղակայմանը, բայց ոչ ՆԱՏՕ-ի ձեւաչափով, Ռիաբկովը պատասխանել է. «Ո՛չ, ո՛չ եւ եւս մէկ անգամ ո՛չ»:



