Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արցախի Հանրապետութեան սահմանադրութեամբ որեւէ պաշտօնեայ, այդ թւում՝ երկրի ղեկավարը, լիազօրւած չէ լուծարել Հանրապետութիւնը

Արցախի տեղեկատւական շտաբի պատասխանը՝ ՀՀ ԱԳՆ-ին

«ԱԼԻՔ» – Արցախի Հանրապետութեան սահմանադրութեամբ որեւէ պաշտօնեայ, այդ թւում՝ երկրի ղեկավարը, լիազօրւած չէ լուծարել Հանրապետութիւնը։ Նման յայտարարութիւն է տարածել Արցախի տեղեկատւական շտաբը.

«Արցախի տեղեկատւական շտաբի պատասխանը՝ ՀՀ ԱԳՆ-ին անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարարութեան կողմից սոյն թւականի ապրիլի 5-ի յայտարարութեանը, այն է. «Լեռնային Ղարաբաղի հայութեան բռնի տեղահանութեան եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերեալ հրամանագրի հրապարակումից յետոյ խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ միջպետական յարաբերութիւնների կարգաւորման օրակարգից», հարկ ենք համարում ընդգծել, որ այն որեւէ իրաւական հիմք չունի եւ իրական խնդիրներից հասարակութեան ուշադրութիւնը շեղելու անյաջող փորձ է:

Բռնի տեղահանութիւնից յետոյ Արցախի իշխանութիւնները ցուցաբերել են զսպւածութիւն՝ փորձելով խուսափել աւելորդ շահարկումներից եւ ազգամիջեան խնդիրներից: Սակայն, տեղեկատւական դաշտում պարբերաբար տեղ գտած սադրիչ յայտարարութիւններին չարձագանգելը յարուցում է հասարակութեան արդարացի դժգոհութիւնը:

Ստացւում է այնպէս, որ ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը, յղում անելով Արցախի իրաւական դաշտում երբեւիցէ գոյութիւն չունեցած փաստաթղթին, միաժամանակ անտեսում է Արցախի Հանրապետութեան անկախութեան մասին հռչակագիրը, սահմանադրութիւնը եւ օրէնքները՝ նոյն կերպ վարւելով Հայաստանի՝ Արցախի եւ նրա ժողովրդի նկատմամբ ունեցած պարտաւորութիւնների պարագայում, այդ թւում՝ որպէս անվտանգութեան երաշխաւորի:

Արցախի Հանրապետութեան սահմանադրութեամբ որեւէ պաշտօնեայ, այդ թւում՝ երկրի ղեկավարը, լիազօրւած չէ լուծարել հանրապետութիւնը: Հետեւաբար, ոչ ոք չի կարող լուծարել համաժողովրդական հանրաքւէով ստեղծւած պետութիւնը: Այդ լիազօրութեան իրաւատէրը Արցախի ժողովուրդն է, եւ այն անբաժանելի է նրանից:

Արցախի Հանրապետութեան՝ այսպէս կոչւած լուծարման հրամանագիրը ստորագրւել է Ադրբեջանի լայնածաւալ յարձակման հետեւանքով ստեղծւած ծանրագոյն իրավիճակում, երբ Արցախը միայնակ մնալով հակառակորդի՝ տասնեակ անգամներ գերազանցող զինւած ուժերի դէմ, երբ Ադրբեջանի գրոհային ստորաբաժանումները ներխուժում էին Ստեփանակերտ, շրջկենտրոններ եւ այլ բնակավայրեր, երբ բոլոր միջպետական ճանապարհները վերահսկւում էին նրանց կողմից, իսկ պաշտպանութեան բանակի մեծ մասը յայտնւել էր շրջափակման մէջ, եւ կար զինծառայողների ու Արցախի խաղաղ բնակչութեան ֆիզիկական ոչնչացման ուղիղ սպառնալիք, ինչպէս նաեւ Ադրբեջանի կողմից արգելափակւած ՀՀ-ի հետ կապող միակ ճանապարհի բացման խիստ անհրաժեշտութիւն՝ Արցախի ժողովրդի անվտանգ դուրս բերումն ապահովելու նպատակով:

Հիմնականում հայկական որոշ շրջանակների կողմից պարբերաբար յիշատակւող այդ թուղթը չէր կարող կոչւել փաստաթուղթ, քանի որ այն հակասահմանադրական էր, աւելին՝ հակասում էր «Նորմատիւ իրաւական ակտերի մասին» Արցախի Հանրապետութեան օրէնքին, որի համաձայն՝ նորմատիւ իրաւական ակտերն ուժի մէջ են մտնում դրանցում սահմանւած ժամկէտներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտօնական հրապարակմանը յաջորդող օրւանից՝ բացառութեամբ այն դէպքերի, երբ օրէնքով սահմանւած է, որ տւեալ նորմատիւ իրաւական ակտն ուժի մէջ է մտնում հրապարակւելուց յետոյ՝ անմիջապէս:

Վերոնշեալ օրէնքի 28-րդ յօդւածը նաեւ սահմանում է, որ նորմատիւ իրաւական ակտերի հրապարակումն իրականացւում է նորմատիւ իրաւական ակտերի հրապարակման միասնական կայքում (arlexsis.am) հրապարակելու միջոցով:

Այսպէս կոչւած հրամանագիրը՝ որպէս փաստաթուղթ, տեղ չի գտել նորմատիւ իրաւական ակտերի հրապարակման միասնական կայքում եւ չի հրապարակւել պաշտօնապէս, այլ վերջինիս վերաբերեալ ադրբեջանական կողմի պահանջով մամուլի հաղորդագրութիւն է տարածւել Արցախի տեղեկատւական շտաբի էջերով, ինչը չի կարելի համարել փաստաթղթի պաշտօնական հրապարակում:

Հաշւի առնելով հետագայ հնարաւոր շահարկումները՝ Երեւան տեղափոխւելուց օրեր անց նախագահ Սամուէլ Շահրամանեանի հրամանագրով նոյն հարթակում անվաւէր է ճանաչւել 2023 թւականի սեպտեմբերի 26-ի հրամանագիրը, որի չհրապարակումը մեր կողմից եւս պայմանաւորւած էր մի շարք հանգամանքներով:

Ելնելով այս պարզ իրողութիւնից՝ ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը որեւէ իրաւական խոչընդոտ չունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական յարաբերութիւնների կարգաւորման օրակարգ բերել Արցախի եւ նրա տեղահանւած բնիկ ժողովրդի հարցը:

Այդ նպատակով պատրաստ ենք ՀՀ կառավարութեանը տրամադրել բոլոր հիմնաւոր փաստաթղթերը, իսկ անհրաժեշտութեան դէպքում՝ դրանք հրապարակել:

Հերթական անգամ կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրաւական դաշտում երբեւէ գոյութիւն չունեցած փաստաթղթի շահարկումից»:

Related Articles

Back to top button