ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչի. «Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ «անուղղակի» բանակցութիւնները կը սկսւեն շաբաթ օրն՝ Օմանում»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Աբբաս Արաղչին X-ի  իր օգտահաշւում տարածած գրառման մէջ, անուղղակի կերպով պատասխանել է Թրամփի յայտարարութիւններին եւ գրել. «Իրանն ու Միացեալ Նահանգները կը հանդիպեն Օմանում՝ շաբաթ (ֆարւարդինի 23-ին), ​​բարձրաստիճան պաշտօնեաների մակարդակով անուղղակի բանակցութիւններ վարելու նպատակով»:

Նա նաեւ յայտարարել է, որ սա հնարաւորութիւն է, ինչպէս նաեւ փորձութիւն: Այժմ գնդակը Ամերիկայի դաշտում է»։

Միեւնոյն ժամանակ Թրամփը չփոխելով իր «բառերը», փորձում է ԶԼՄ-ների միջոցով ստեղծել այն պատկերը, որ իրեն յաջողւել է անել այն, ինչը նախկին նախագահներին  չի յաջողւել՝ «դէմ առ դէմ բանակցութիւններ Իրանի հետ»:

Թրամփն իր պնդումները շարունակել է նաեւ Վաշինգտոնում ԱՄՆ Իսրայէլի վարչապետի հետ հանդիպմանը յաջորդած մամլոյ ասուլիսի ժամանակ:

ԱՄՆ նախագահը Իսրայէլի վարչապետի հետ Սպիտակ տան օւալաձեւ աշխատասենեակում Լրագրողներին պատասխանելիս նշել է, որ Նեթանիահուի հետ հանդիպումը ներառում էր բազմաթիւ հարցեր, այդ թւում Իրանի հետ բանակցութիւնները:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թրամփը պնդել է, որ ուղիղ բանակցութիւններ է վարում Իրանի հետ, եւ որ յաջորդ շաբաթ օրը, տեղի կունենայ իրանական կողմի հետ կարեւոր հանդիպում։

Թրամփի կեցւածքը տարօրինակ գնահատելով  փորձագէտները նշել են, որ նրա իրականութիւնից հեռու յայտարարութիւնները ապշեցրել են բոլորին։

Փորձագէտները Արաղչիի թւիթը Իրանի պատասխանն են համարել ուղղւած՝ ԱՄՆ նախագահին՝ ուղիղ բանակցութիւնները անուղղակիից չտարբերելու փաստով:

Միեւնոյն ժամանակ ԻՌՆԱ-ն տեղեկացրել է, որ Իրանի Հանրապետութեան նախագահ Փեզեշքիանը կիրակի՝ ապրիլի 6-ին, կուսակցութիւնների եւ ժողովրդական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով բանակցութիւնների շուրջ Իրանի եւ ԱՄՆ-ի յայտարարութիւնների մասին վերջին լուրերին, յայտարարել է, որ Իրանը կողմ է բանակցութիւններին,  սակայն ո՛չ նւաստացմանը: «Մենք բանակցում ենք ամբողջ աշխարհի հետ, բայց ոչ ամէն գնով։ Մենք պատերազմ, անկարգութիւններ կամ միջուկային ռումբեր չենք փնտրում: Փոխարէնը բանակցութիւններ ենք փնտրում, բայց նրանք էլ պէտք է ապացուցեն, որ նոյնն են ուզում: Այն, որ Իրանը մտադիր չէ օգտագործել իր միջուկային հնարաւորութիւնները ոչ խաղաղ նպատակներով, դա միայն իմ խօսքը չէ, այլ կրօնական ֆեթւայի հարկադրանք է, որը յայտարարւել է գերագոյն առաջնորդի կողմից»:

Այս կապակցութեամբ Թրամփը Նեթանիահուի ներկայութեամբ յայտարարել է, որ եթէ ​​շաբաթ օրւայ բանակցութիւնները յաջողութեամբ չպսակւեն, Իրանին լուրջ վտանգ կը սպառնայ, յայտնում է ABC News-ը։ Աղբիւրի համաձայն Թրամփն իր խօսքերում չի նշել, թէ իր նշած «ուղիղ» բանակցութիւնները որտեղ են անցկացւել:

«Մենք ուղիղ բանակցութիւններ ենք վարում Իրանի հետ, եւ դրանք արդէն մեկնարկել են»,- կրկնել է Թրամփը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է. «Բոլորը միակարծիք են, որ համաձայնութիւն ձեռք բերելը նախընտրելի է, քան ամէն ինչ ինքն իրեն ընդունելը։ Չնայած պէտք է յիշեցնեմ, որ մենք շատ կարեւոր ու  վտանգաւոր փուլ ենք մտել»:

Կրկնելով սպառնալիքները՝ ԱՄՆ նախագահը պնդել է. «Եթէ Իրանի հետ բանակցութիւնները յաջող չանցնեն, կարծում եմ՝ Իրանը մեծ վտանգի առաջ է յայտնւելու։ Դա բարդ բանաձեւ չէ, Իրանը չի կարող ունենալ միջուկային զէնք: Այո,կան երկրներ, որոնք դարձել են միջուկային տէրութիւններ, որոնք չպէտք է լինէին: Միգուցէ մենք յետոյ բանակցենք նաեւ նրանց հետ»:

ԱՄՆ նախագահը, որը բազմիցս յոյս է յայտնել Իրանի հետ համաձայնութեան հասնելու իր երկրորդ ժամկէտի ընթացքում, 2025 թւականի փետրւարին, ստորագրելով յուշագիր՝ շարունակելու Իրանի դէմ առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը, նշել էր,  որ պատրաստ է Իրանի նախագահի հետ երկխօսութեանը։

Յիշեցնենք, որ Իրանի Իսլ. Հանրապետութեան արտաքին գործերի նախարարը վերջերս յայտարարեց, որ Իրանի պաշտօնական պատասխանը Թրամփի նամակին պատշաճ կերպով ուղարկւել է Օմանի միջնորդութեամբ: Նշենք, որ պատասխան այդ նամակից յետոյ, արդէն իսկ, կողմերը խօսում են բանակցութիւնները շարունակելու պատրաստակամութեան մասին:

«Պաշտօնական այդ  պատասխան նամակը ներառում էր մեր տեսակէտները ներկայ իրավիճակի եւ պարոն Թրամփի նամակի վերաբերեալ»,- նշել էր ԱԳ նախարարը:

Related Articles

Back to top button