Սի Ցզինպինը Պուտինին է ներկայացրել Չինաստանի դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի վերաբերեալ

«ԱԼԻՔ» – Մայիսի 8-ին Կրեմլում բանակցութիւններ են վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։ Այս մասին ըստ ռուսական ԶԼՄ-ների` յայտնել են Չինաստանի ԱԳՆ-ից։
Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի վերաբերեալ։
Սի Ցզինպինը նշել է, որ ուկրաինական ճգնաժամի հարցում Չինաստանը պաշտպանում է գլոբալ անվտանգութեան ընդհանուր, համապարփակ, համատեղ եւ կայուն հայեցակարգը, հաւատարիմ է դրան եւ կարծում է, որ բոլոր երկրների օրինական անվտանգութեան շահերը պէտք է լուրջ ընկալւեն, իսկ ճգնաժամի արմատական պատճառները պէտք է վերացւեն։ Չինաստանը ողջունում է խաղաղութեան խթանման բոլոր ջանքերը եւ յոյս ունի երկխօսութեան միջոցով հասնելու արդար, երկարատեւ ու պարտադիր խաղաղութեան համաձայնագրի, որը ընդունելի կը լինի բոլոր կողմերի համար։
Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել Չինաստանի օբիեկտիւ եւ արդար դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգաւորման հարցում եւ նշել, որ Ռուսաստանը պատրաստ է սկսելու խաղաղութեան բանակցութիւններ առանց նախապայմանների եւ յոյս ունի հասնելու արդար եւ երկարատեւ խաղաղութեան համաձայնագրի։