Ով է նոր Հռոմի Պապը

«ԱԼԻՔ» – Ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեւոն հռչակւել է Հռոմի նոր՝ 267-րդ պապ։ Նա ընդունել է Լէօ 14-րդ անունը։
Նոր Հռոմի պապը՝ Ռոբերտ Ֆրենսիս Պրեւոն 2023 թւականին տեղափոխւել է Վատիկան ծառայութեան, որտեղ նա զբաղեցրել է Սուրբ Աթոռի ամենաբարձր պաշտօններից մէկը՝ եպիսկոպոսների դիկաստերիայի պրեֆեկտը (բաժին, որը պատասխանատու է աշխարհի տարբեր երկրներից եպիսկոպոսների թեկնածուներ ընտրելու համար)։
Ուստի 69-ամեայ Պրեւոն ունէր ե՛ւ պաշտօն, ե՛ւ հեղինակութիւն, որոնք կարող էին նրան որոշակի առաւելութիւն տալ միւս թեկնածուների նկատմամբ, որոնցից կոնկլաւը ընտրել է երկու օրւայ ընթացքում։
Եւ հակառակը, նրա օգտին չէր ամերիկացի պապ ընտրելու դէմ երկարատեւ տաբուի գոյութիւնը՝ հաշւի առնելով այն աշխարհաքաղաքական ուժը, որը Միացեալ Նահանգներն ունեցել է եւ ունի։
Սակայն բնիկ չիկագոցի Պրեւոն նաեւ Պերուի քաղաքացիութիւն ունի: Նա երկար տարիներ ապրել է այնտեղ՝ ծառայելով սկզբում որպէս միսիոներ, ապա՝ որպէս արքեպիսկոպոս։
Պրեւոն նաեւ երկու անգամ ընտրւել է 13-րդ դարում հիմնադրւած եւ Սուրբ Աւգուստինոսի գրւածքները որդեգրած Աւգուստինեան միաբանութեան գեներալ-պրիոր։
Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ակնյայտօրէն տարիներ շարունակ աչքը Ռոբերտ Պրեւոյի վրայ է պահել։ 2014 թւականին կաթոլիկ եկեղեցու այն ժամանակւայ ղեկավարն իր ապագայ իրաւայաջորդին նշանակեց Պերուի Չիկլայօ քաղաքի թեմի առաքելական կառավարիչ։ Մէկ տարի անց Պրեւոն դարձաւ Չիկլայոյի արքեպիսկոպոս։ Շուտով նա ստացաւ Պերոյի քաղաքացիութիւն, եւ Պերուն լքեց միայն 2023 թւականին՝ տեղափոխւելով Հռոմ։
Ֆրանցիսկոսի նախաձեռնութեամբ այնտեղ նա ղեկավարեց Լատինական Ամերիկայի Պապական յանձնաժողովը։ Այս պաշտօնում նա կանոնաւոր կապ էր պահպանում կաթոլիկ հիերարխիայի հետ աշխարհի այն մասում, որտեղ դեռեւս ապրում է կաթոլիկների մեծ մասը։
Հռոմ ժամանելուց ի վեր Պրեւոն ձգտել է չգրաւել հանրութեան ուշադրութիւնը, սակայն Հռոմէական կուրիայի ազդեցիկ մարդիկ նրան լաւ են ճանաչում։
Յատկանշական է, որ նա է ղեկավարել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ամենայեղափոխական բարեփոխումներից մէկը, երբ վերջինս առաջին անգամ երեք կնոջ նշանակեց Վատիկանի կոմիտէում, որը պապին օգնում է եպիսկոպոսներ ընտրել։
2025 թւականի սկզբին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կրկին ցոյց տւեց իր բարեհաճութիւնը Ռոբերտ Պրեւոյի նկատմամբ՝ նրան բարձրացնելով կարդինալ եպիսկոպոսի աստիճանի, որը Հռոմի կաթոլիկ եկեղեցու ամենաբարձրաստիճան կարդինալն է։