44-օրեայում դրւեց Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան աշխարհաքաղաքական նախագծի սկիզբը
Ինչ կամ ում շահն էր հետապնդում Պակիստանն Արցախում, ինչ սպասել այսօր
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Յուլիսի 3-ին Աստանայում տեղի էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Պակիստանի վարչապետ Մոհամմադ Շահբազ Շարիֆի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկւել են պաշտպանական եւ ռազմական արդիւնաբերութեան ոլորտում համագործակցութեան հարցեր։
Երեք երկրների ղեկավարներն ընդգծել են 2021 թւականին երեք երկրների յատուկ նշանակութեան ստորաբաժանումների մասնակցութեամբ «Երեք եղբայրներ» կարգախօսով անցկացւած զօրավարժութիւնների կարեւորութիւնը, եւ առաջարկւել է ապագայում էլ պարբերաբար համատեղ զօրավարժութիւններ անցկացնել:
Խօսւել է ռազմական արդիւնաբերութեան ոլորտում երեք երկրների համատեղ արտադրութիւն կազմակերպելու կարեւորութեան մասին։
Յիշեցնենք, որ 2021 թւականի սեպտեմբերի 12-20-ը տեղի ունեցան Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի յատուկ նշանակութեան ուժերի առաջին համատեղ զօրավարժութիւնները, որի նպատակը գործընկեր եւ բարեկամ երկրների յատուկ նշանակութեան ուժերի ստորաբաժանումների փոխգործակցութեան կատարելագործումն էր մարտական գործողութիւնների ընթացքում, նախապատրաստումը գործողութիւններին խաղաղ եւ պատերազմական ժամանակ:
Այս զօրավարժութիւններից երկու ամիս յետոյ տեղի ունեցան նոյեմբերեան մարտերը, եւ ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժեցին Գեղարքունիքի եւ Սիւնիքի մարզեր: Ադրբեջանական կողմը խոստովանել էր, որ Լաչինի միջանցքը վիզուալ վերահսկողութեան տակ պահելու համար դիմել է նաեւ ռազմական գործողութիւնների:
2021-ի նոյեմբերի 16-ի մարտական գործողութիւնների արդիւնքում, ըստ ադրբեջանական լրատւամիջոցներում տեղադրւած քարտէզների, թշնամու զինուժը կարողացել է դուրս գալ առանցքային եւ ռազմավարական կարեւորութիւն ունեցող բարձունքներ՝ Արեւելեան Սեւանի լեռների կամ լեռնաշղթայի ուղղութեամբ՝ դէպի Քարվաճառ, Քիլիսալի լեռան շրջակայքում մարտերի արդիւնքում էլ գրաւել են մի քանի հայկական դիրք: Այսինքն, Ադրբեջանը նպատակ է ունեցել իր վիզուալ վերահսկողութեան տակ պահել Լաչինի միջանցքը:
Չմոռանանք, որ Թուրքիայից եւ Իսրայէլից բացի, Պակիստանը եւս իր ներդրումն ունի 44-օրեայ պատերազմում Ադրբեջանի յաղթանակի հարցում, ինչն ադրբեջանական կողմը չի մոռանում:
2020 թւականի պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 27-ին, ռուսական «Կոմերսանտ» թերթը, յղում տալով իրազեկ աղբիւրներին, գրել էր, որ Պակիստանի Փեշաւարից «մի քանի շաբաթ առաջ գրոհայինների առնւազն մէկ խմբաւորում, զէնքով եւ զինամթերքով, արդէն ուղարկւել է Ղարաբաղ»։
«Կոմերսանտից» առաջ Փաշինեանն ինքն է պատերազմի օրերին հաստատել, որ այսօրինակ տեղեկութիւնները համապատասխանում են իրականութեանը: Մասնաւորապէս, 2020 թւականի հոկտեմբերի 25-ին հնդկական WION հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում նա նշել էր.
«Լեռնային Ղարաբաղի դէմ պատերազմում ներգրաււած է ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Թուրքիան եւ Թուրքիայի կողմից ռազմական գործողութիւնների գօտի Սիրիայից բերւած վարձկան ահաբեկիչներ: Դուք կարող էք պատկերացնել, թէ ինչպիսի խառը եւ խառնաշփոթ իրավիճակի հետ գործ ունենք: Ի դէպ, մենք ունենք տեղեկութիւններ, որ նաեւ Պակիստանից են զինեալներ մասնակցում ընդդէմ Ղարաբաղի պատերազմին»:
Ի դէպ, պատերազմի օրերին «Կոմերսանտի» հետ զրոյցում աֆղանական քաղաքականութեան ուսումնասիրութեան կենտրոնի ղեկավար Անդրէյ Սերենկօն ասել էր, որ Պակիստանի բանակն ու յատուկ ծառայութիւններն Ադրբեջանին ռազմական առումով աջակցում են ոչ թէ պաշտոնապէս, այլ այնպէս, ինչպէս սովորել են Աֆղանստանի եւ Հնդկաստանի դէմ հիբրիդային պատերազմի երկար տարիների ընթացքում։ Այսինքն, նրանք գործի են դրել Պակիստանի միջգերատեսչական հետախուզութեան կողմից վերահսկւող ահաբեկչական կազմակերպութիւնների ցանցը։ Խօսքը «Ջամահաթ ի Իսլամի», «Ջաիշ է Մուհամեդ», «Ալ Բադր» կազմակերպութիւնների մասին է։
Ընդորում, ռուսական պարբերականը գրել էր, որ «ղարաբաղեան խաղում» Իսլամաբադի մասնակցութիւնը պայմանաւորւած է թուրք-պակիստանեան յատուկ յարաբերութիւններով՝ Պակիստանի բանակի ղեկավարութիւնը միշտ թանկ է գնահատել Անկարայի հետ միութիւնը:
Ի դէպ, «Կոմերսանտի» Անդրէյ Սերենկօն դեռ 2020 թւականի պատերազմի օրերին կանխատեսել էր, որ Արցախի պատերազմում Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան ամուր գործընկերութիւնը յանգեցնելու է երկարաժամկէտ աշխարհաքաղաքական միութեան՝ ի աջակցութիւն Անկարայի նէոօսմանեան յաւակնութիւնների:
«Ղարաբաղում իրավիճակի սրումը միայն կատալիզատոր է՝ այդ սուպեր նախագծի թողարկման համար»,- ընդգծել էր նա:
Այսօր տեսնում ենք այն, ինչ 2020 թւականին կանխատեսւել էր, աւելին, ադրբեջանական կողմը չի էլ թաքցնում, որ Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան-Չինաստան աշխարհաքաղաքական դասաւորութիւնը կարող է ուղղել ՀՀ-ի դէմ, կամ, որ Հայաստանը դրան դիմակայելու խնդիր կարող է ունենալ:
Այս համատեքստում նշենք, որ The News International-ի փոխանցմամբ, յուլիսի 12-13-ը նախատեսւած է Ալիեւի այցը Պակիստան:
Մինչ այդ յայտնի էր դարձել, որ Պակիստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքւել է 1,6 մլրդ. դոլար ընդհանուր արժողութեամբ պայմանագիր՝ JF-17C Block-III կործանիչների մատակարարման համար: Ադրբեջանական լրատւամիջոցները, յղում տալով Պակիստանի լրատւամիջոցներին, հաղորդել էին, որ գործարքը ներառում է ինքնաթիռներ, զինամթերք եւ ուսուցում:
Մինչդեռ, ՀՀ իշխանութիւնները կարծես թէ այս ամէնը չեն նկատում, օրինակ, որ յանուն Թուրքիայի հետ ամուր յարաբերութիւնների, Պակիստանը կարող է ներգրաււած լինել սահմանային ագրեսիաներում, եւ այս անգամ ՀՀ ինքնիշխան տարածքում, որն Ադրբեջանի վերահսկողութեան տակ է, եւ դրա նախապատրաստութիւնը կարող են անել համատեղ զօրավարժութիւնների շրջանակում, յատկապէս, երբ Պակիստանն այդպէս էլ չի ճանաչել անկախ Հայաստանը, չկան դիւանագիտական յարաբերութիւններ:
Ի դէպ, «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը թուրք-ադրբեջանական օրակարգից դուրս չի եկել, եւ այն հէնց թուրքական նախագիծ է:
168.am