Ես որդուս փնտրում էի ողջերի մէջ…
ԱՐՓԻ ՄՈՒՐԱԴԵԱՆ
«Իմ կեանք, իրօք իմ կեանք… առանց քո մասին լուրի, աշխարհը գոյներ չունի, ջերմութիւն չունի, ես սպասում եմ ամէն վայրկեան անտրտունջ… այս մեծ փորձութիւնից տիւս կեաս, կեանքս տաքանայ… սառն եմ… մրսում ես դու, ցաւդ տանիմ, քեզ հասած դժւարութիւնները տրւար ինձ… իմ բալա…»։
12 նոյեմբերի 2020 թ.
Պատերազմի ձայնը ոչ մի ուրիշ ձայնի հետ չես շփոթի
Այսօրւայ պէս յիշում եմ՝ հէնց առաջին արկի ձայնը եկաւ, հասկացայ, որ պատերազմ է։ Վազեցի 83-ամեայ սկեսուրիս սենեակ, վատառողջ էր, ասացի՝ վեր կաց, օգնեմ հագնւիր, պատերազմ է։ Արկերի ձայնը ոչ մի ուրիշ ձայնի հետ չես շփոթի։
Բայց այդ ամբողջ ընթացքում մտովի որդուս հետ էի։ Արթուրը երկու ամիս է, ինչ Ջրականում էր ծառայում։ Նախապէս էլ որոշել էինք, որ հէնց այդ օրը՝ սեպտեմբերի 27-ին պիտի գնաք իր մօտ։ Բայց 26-ի երեկոյեան զանգեց՝ ասաց չգաք, ամէն ինչ կարգին է։ Մանրամասները յետոյ կասեմ։
Աղօթի՛ր, Արթուր։ Վերջին բառերս էին…
Արագ հագնւում էինք ու այդ ամբողջ ընթացքում զուգահեռ զանգում էի Արթուրին։ Պատասխան չկար։ Աւելի ուշ հաղորդագրութիւն ստացայ. մամ, մի անհանգստացիր, ամէն ինչ նորմալ է։ Նամակը ստանալուց յետոյ միայն թողեցի Մարտակերտի մեր տունն ու շարժւեցինք Մոխրաթաղ։ Բակում հանդիպեցինք մեր հարեւանի յղի կնոջը, ամուսինը դիրքերում էր, նրան էլ մեզ հետ վերցրինք ու գնացինք գիւղ։ Մտածում էինք աւելի ապահով կը լինի։ Բայց Մոխրաթաղում պատկերն այլ էր։ Կրակն արդէն գիւղի մէջ էր։ Աւելի անհանգստացայ։ Լարւեցի։ Արթուրից լուր չկայ։ Տարբեր կողմերից հակասական լուրեր էինք ստանում։ Զինւորականներից մէկի միջոցով կապւեցինք, իմացանք, որ Արթուրին տեղափոխել են, իբրեւ թէ, ապահով վայր… Օրեր անց՝ հոկտեմբերի 15-ին վերջապէս զանգ ստացանք, ասաց՝ մամ, ես նորմալ եմ, մի անհանգստացիր, գիտեմ էս քանի օրը Մարիամի ծնունդն է, շնորհաւորիր (աղջկաս՝ Մարիամի ծնունդը հոկտեմբերի 13-ին էր)։ Արթուրի ձայնի մէջ դող զգացի, ասացի՝ հաստա՞տ լաւ ես բալես, հօ՞ շրջափակման մէջ չես։ Ասաց՝ չէ, նորմալ է։ Պապայի հետ կապի մէջ եմ։ Աղօթիր Արթուր։ Վերջին բառերս էին… Արթուրից այլեւս զանգ չստացայ։
Արթուրն ու Հադրութը մնացին թշնամուն
Մոխրաթաղում վիճակը ծանր էր, ծերերի ու կանանց հետ տեղափոխւեցինք նախ Ստեփանակերտ, ապա՝ Երեւան։ Բայց Արցախից չէի ուզում դուրս գալ, մտածում էի՝ դաւաճանում եմ որդուս։ Յիշում եմ, Շուշիով անցնելիս էնպիսի տպաւորութիւն էր՝ կածես որդուս թողնում եմ գերի… երկար վիճում էինք ամուսնուս հետ, չէի ուզում տեղափոխւել։ Պնդեց, որ մնալով օգուտ չեմ բերելու, ծերերի ու երեխաների մասին պէտք էր հոգ տանել։ Ծանր սրտով եկայ Երեւան։
Ինչ օրեր էին՝ չեմ կարող նկարագրել։ Սպասման ու վախի երկար ու ձիգ օրերը դարձան շաբաթներ։ Մինչեւ մի օր, կարծեմ հոկտեմբերի վերջին, զանգեց մեր մտերիմներից մէկն ու ասաց՝ Սոնա, դէ Գարիկը գալիս է Երեւան։ Ասացի գալիս է ի՞նչ անի, Արթուրիս ո՞ւր է թողնում։ Ասաց՝ Սոնա, Արթուրը էլ չկայ, մնացել է Հադրութում… Հադրութն էլ արդէն ամբողջութեամբ ադրբեջանցիների հսկողութեան տակ է… չհասկացայ՝ ինչ կատարւեց։ Չընկալեցի… ասացի ի՞նչ ես խօսում։ Էլ նման բան չասես ու անջատեցի հեռախօսը…
Ես որդուս փնտրում էի ողջերի մէջ
Ամուսինս նախկին զինւորական էր։ Ինչի միջով ասես, որ չէր անցել, բայց Երեւան եկաւ, կարելի է ասել, փլւած ու անզոր։ Պարզւեց, որ ամբողջ ընթացքում՝ հոկտեմբերի 8-ից Արթուրենց խումբը եղել է շրջափակման մէջ։ Վանք գիւղի տարածքում տեղակայւել են տներից մէկում, որը ամուսինս կարողացել է դիտարկել «Թութակներ» կոչւող տարածքից, բայց մօտենալ, օգնել հնարաւոր չի եղել։ Աւելի ուշ, երբ «Թութակներն» էլ էր անցել ադրբեջանցիներին, ամուսինս, կարելի է ասել յանձնւել էր, անզօրութեան ու մեղքի զգացումից տապալւել։ Մտածում էր՝ ամէն ինչ կորած է։ Գրկեցի ամուսնուս, ասացի՝ Գարիկ, սթափւի՛ր։ Դու գնալու ես ու բերելու ես Արթուրիս։ Գարիկն էլի գնաց Արցախ։
Այդ ընթացքում թակել ենք տասնեակ դռներ, ինչ կառոյցի ասես չեմ դիմել։ Յիշում եմ, մի օր նախարարութիւնում պաշտօնեաներից մէկն ասաց, իսկ ԴՆԹ յանձնե՞լ էք։ Գնացէք յանձնէք…
Կեանքում առաջին անգամ զգացի կատաղութիւն։ Հունից դուրս եկայ։ Ասացի՝ ես որդուս ողջերի մէջ եմ փնտրում։ Եկել եմ ու Ձեզ ասում եմ, որտեղ է նա, դուրս բերէք նրան, ոչ թէ սպասէք մահւանը կամ գերեվարւելուն… Անհետ կորած տղաների ծնողներից շատերը յոյսներն արդէն կտրել էին, իսկ ես հաւատում էի։ Վստահ էի, որ որդիս ողջ է։ Չնայած մի օր տուն եկայ ու չկարողացայ ինձ զսպել։ Ոչ թէ լաց էր, այլ ոռնոց, որ մի քանի ժամ տեւեց…
Միակողմանի նամակագրութիւն
Օրերը մթնում ու լուսանում էին, իսկ Արթուրից այդպէս էլ լուր չկար։ Չարութիւնս ուղղւել էր ինքս իմ դէմ։ Հայելու մէջ ինձ տեսնել չէի կարողանում։ Անընդհատ հարց էի տալիս ինձ՝ ում եմ ինչ վատութիւն արել, որ այս բախտին արժանացայ… անընդհատ գերիների տեսանիւթերն էի նայում։ Արթուրի խմբից գերեվարւածներ կային։ Մտածում էի՝ գուցէ Արթուրին էլ են տարել։ Մարդկանց շրջանում արդէն խղճահարութիւն էր սկսւել։ Ինձ հանգստացնում էին, փորձում էին վատագոյնին նախապատրաստել, պատմում էին, որ զոհւածների ծնողներ կան, որ հանդիպում են ու իրար աչքալուսանք տալիս, որ կարողացել են զոհւած որդիների դիերը գտնել…ես լսել չէի ուզում։ Հաւատում էի, որ իմ տղան ողջերի մէջ է։
Ու որպէսզի խելագարի տպաւորութիւն չթողնեմ, սկսեցի որդուս ֆէյսբուքով նամակներ գրել։ Օրեր շարունակ գրում էի, տասնեակ նամակներ եմ գրել, որոնք այդպէս էլ պատասխան չէին ստանում։ Մենախօսութիւն էր…., որ շաբաթներ ձգւեց…
Շնորհակալ եմ, Աստւած…
Դեկտեմբերի 17-ին ամուսինս զանգեց։ Ասաց՝ Սոնա, Արթուրենց խմբից լուր կայ։ Հարցրի, իսկ Արթուրը կա՞յ… Գարիկն ասաց՝ չգիտեմ… հարցեր մի տուր, պլան է մշակւում, տղաներին պիտի դուրս բերենք… Պարզւեց՝ տղաների խումբը մի քանի մասի է բաժանւել, Արթուրենք վեցով շարժւել են Իրանի սահման ու հայկական կամաւորների լքւած դիրք գտել։ Դիրքում հայկական կապ է եղել։ Հեռախօսի մարտկոցը լիցքաւորել են ու տղաներից մէկի հարազատների հետ կապւել։ Աւելի ուշ ամուսինս զանգեց, ասաց Արթուրը կայ։ Յիշում եմ՝ ընկայ գետնին, ու միակ բանը որ ասում էի՝ Շնորհակալ եմ, Աստւած…
Ծննդեան նւէր՝ երկրորդ կեանք
Ադրբեջանցիները այդ օրը որոնողական աշխատանք չէին թոյլատրել։ Յաջորդ օրը մերոնց տարածք ուշ էին թոյլատրել մտնել, օրը մթնել էր։ Ադրբեջանցիները ուզում էին տղաներին աւելի շուտ գտնել։ Ամուսինս շատ անհանգիստ էր, ես էլ տեղս չէի գտնում։
Պարզւեց՝ հնարաւոր է տղաներին Բաքու տանեն… Դրան չէին դիմանայ… գիտէի, որդիս էլ գերութեանը չէր դիմանայ…
Դեկտեմբերի 20-ին խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի ենթականերից մէկի ծնունդն էր եղել, աւելի ուշ իմացայ, որ Մուրադովը ասել էր ենթակային՝ ինքդ քեզ նւէր պիտի անես, այդ տղաներին անվնաս իրենց ընտանիքներին պիտի հասցնես։
Հէնց այդ օրն էլ տղաներին գտան։ Հարցաքննել էին, իրերը առգրաւել, վերցրել էին նաեւ որդուս օրագիրը, որտեղ անյայտութեան 70 օրերի մասին Արթուրը մանրամասն գրել էր, նկարագրել էր ամէն ժամն ու պահը… Մուրադովի միջամտութեան շնորհիւ տղաներին Բաքու չտարան։
Արթուրին հանդիպեցի Ստեփանակերտի հիւանդանոցում։ Ոտքերը ցրտահարւել էին։ Ձախ ոտքի մատերը ամպուտացրին։
Չգիտեմ, թէ այսպէս ասած, քանի տարի անցաւ իմ կեանքից, մինչեւ որ Արթուրին շրջափակումից դուրս բերեցին։ Այդ երկու-երեք օրերը մի յաւերժութիւն էին թւում։
Ոչ մի ակնթարթ աչք չեմ կպցրել։ Մտածում էի, իսկ ինչ եթէ քնեմ, արթնանամ ու պարզւի, որ երազ է, որ որդիս չկայ… վախենում էի… վախենում էի, որ Արթուրին էլի կը կորցնեմ։
Գնահատելով իւրաքանչիւր պահը
Ես ամիսներ շարունակ չէի հաւատում, որ վերջ, որ գտել եմ որդուս, որ նա կողքիս է…Վախենում էի նորից կորցնել…Չեմ էլ ուզում մտածել՝ ինչ կը լինէր, եթէ նրանց այդ օրը չգտնէին կամ էլ գտնելուց յետոյ Բաքու տանէին… տղաներից իւրաքանչիւրն արդէն դէպի մահն էր գնում։
Արթուրին կորցնելու վախը երկար ժամանակ հետապնդում էր ինձ։ Հանգիստ չունէի։ Բայց հիմա սկսել եմ վայելել ամէն պահը։ Գնահատում եմ ամէն վայրկեանը։ Շնորհակալ եմ Աստծուն այն ամէնի համար, ինչ ունեմ։ Արթուրի անյայտութեան 70 երկար ու ձիգ օրերը, կեանքի ու մահւան դէմ նրա պայքարն ու վերածնունդը ինձ սովորեցրին, որ ցանկացած դժւարութիւն կարելի է յաղթահարել։ Աւելի ճիշտ՝ ցանկացած դժւարութիւն պէտք է յաղթահարես…