ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը՝ ի պատասխան ՀՀ-ԱՄՆ յարաբերութիւնների մասին հարցին. «Մենք մեր մտահոգութիւնն ենք յայտնել մեր հայ գործընկերներին»
«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին երէկ՝ օգոստոսի 19-ին կայացած իր շաբաթական հերթական մամլոյ ասուլիսի ժամանակ անդրդարձ է կատարել նաեւ ՀՀ-ԱՄՆ յարաբերութիւններին, եւ այդ կապակցութեամբ Իրանի դիրքորոշմանը:
Պատասխանելով այն հարցին, թէ շրջանառւող լուրերի համաձայն՝ ԱՄՆ-ն զէնք է ուղարկում Հայաստան, եւ ինչպիսի՞ն է պաշտօնական Թեհրանի արձագանգն այս հարցին, ԱԳՆ մամլոյ խօսնակն ասել է. «Ձեր նշածի վերաբերեալ փաստագրւած տեղեկութիւն չունեմ, եւ հրապարակւած լուրերի հիման վրայ մեկնաբանութիւններ չեմ կարող անել»:
«Կարեւորն այն է, որ Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւնները բաւականին սերտ են ու կառուցողական, եւ երկու երկրներն ունեն բարեկամական եւ համապարփակ յարաբերութիւնները զարգացնելու ընդհանուր կամք»,- ընդգծել է նա:
Նշելով, որ Իրանն ու Հայաստանը շեշտում են տարածաշրջանում եւ սահմաններում կայունութեան եւ անվտանգութեան հաստատման կարեւորութիւնը, ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչն ասել է. «Մենք չենք մեկնաբանում այլ երկրների երկկողմ յարաբերութիւնները, բայց այն ինչ, որ մենք որպէս սկզբունք ընդգծում ենք, այն է, որ թերահաւատօրէն ենք վերաբերւում տարածաշրջանում ԱՄՆ դերին, մասնաւորապէս այս երկրի ռազմական ներկայութեանը տարածաշրջանում, եւ սա վերաբերում է տարածաշրջանի երկրներում ԱՄՆ կառավարութեան ապակայունացնող գործունէութեան պատմութեանը: Այդ կապակցութեամբ մենք մեր մտահոգութիւնն ենք յայտնել մեր հայ գործընկերներին»: