Գերագոյն հոգեւոր խորհուրդ. «Կառավարութեան ղեկավարի հակաեկեղեցական պահւածքը յղի է կործանարար հետեւանքներով»

Յունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի ունեցաւ Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին եպիսկոպոսներ եւ թեմակալ առաջնորդներ Հայաստանից ու Սփիւռքից։
Ժողովում քննարկւեցին հայրենիքի առջեւ ծառացած մարտահրաւէրներին, եկեղեցի-պետութիւն յարաբերութիւններին եւ հասարակութեանը յուզող մի շարք հիմնախնդիրներին առնչւած հարցեր։
Մասնաւոր անդրադարձ կատարւեց վարչապետի կողմից վերջին օրերին հրահրւած հակաեկեղեցական ամօթալի արշաւին: Այս կապակցութեամբ Գերագոյն հոգեւոր խորհուրդը հանդէս եկաւ յայտարարութեամբ:
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով և մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ օրենքից վեր դասելով իր անձը։
Հայհոյախառն, անվայել խօսոյթներով յախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթութեան տարրական նորմերից, ոտնահարում են մարդու հիմնարար իրաւունքները, կոպտօրէն վիրաւորում հաւատացեալների կրօնական զգացմունքները եւ սքողւում կեղծ սրտացաւութեան հիմնաւորումներով։
Եկեղեցամարտ այս կեցւածքը ակնյայտօրէն թելադրւած է քաղաքական նպատակներով եւ փորձ է նսեմացնելու ազգային կեանքում եւ միջազգային շրջանակներում յարգանք վայելող Հայոց եկեղեցու եւ եկեղեցականաց հեղինակութիւնը, լռեցնելու Եկեղեցու ձայնը եւ նւազեցնելու նրա հանրային ազդեցութիւնը։ Կառավարութեան ղեկավարի հակաեկեղեցական պահւածքը, ազգային արժէքների եւ Եկեղեցու դէմ նախաձեռնած գործընթացները յղի են կործանարար հետեւանքներով եւ սպառնալիք՝ հայոց պետականութեանը, մեր ժողովրդի միաբանութեանը թէ՛ հայրենիքում եւ թէ՛ Սփիւռքում։ Այսպիսի գործողութիւնները պառակտում են հասարակութիւնը, տկարացնում են ազգի ոգին եւ հայրենանւիրումի բարձր գիտակցութիւնը յատկապէս առկայ մարտահրաւէրների պայմաններում։ Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատեաց ուժերի նկրտումները՝ որոշակիօրէն կապակցւելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին եւ Հայ եկեղեցուն ուղղւած զրպարտութիւնների եւ կեղծ մեղադրանքների հետ։
Հայոց եկեղեցին, գիտակից իր յանձնառութիւններին, անշեղօրէն շարունակելու է հոգեփրկչական եւ ազգապահպան առաքելութիւնը՝ ընդդիմանալով ազգավնաս ու կործանարար ընթացքներին եւ մշտապէս հետամուտ լինելով պետութեան ու ազգի գերակայ շահերի, մեր սրբազան արժէքների պաշտպանութեանը։
Եկեղեցու հարցերը լուծւում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն եւ դուրս են պետական եւ քաղաքական գործիչների իրաւասութիւնից։ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մէկ ամբողջութիւն է իր հաւատացեալ զաւակներով եւ զինւորագրեալ հոգեւորականներով՝ ի գլուխ ունենալով ազգընտիր Ամենայն հայոց հայրապետին։ Կոչ ենք ուղղում իրաւասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական եւ անհեռատես քաղաքականութիւնը։ Հարկ չկայ Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մէջ եւ մղելու հակադարձման գործողութիւնների։
Այս նոր փորձութեան հանդիման յորդորում ենք մեր Սուրբ Եկեղեցու հաւատաւոր զաւակներին լինել միաբան ու միասնական, առ հայրենին եւ Սուրբ Եկեղեցին հաւատարմութեամբ ու զօրեղ հաւատքով յաղթահարել մեր ժողովրդի առջեւ ծառացած բոլոր մարտահրաւէրները եւ երբեք թոյլ չտալ մեր ազգային հիմնասիւների սասանումը: Թող այս մերժելի մեքենայութիւնները պատճառ չդառնան հիասթափութեան եւ գայթակղութեան։
Աղօթում ենք առ Փրկիչ մեր Տէրը Յիսուս Քրիստոս, որ վնասաբեր երեւոյթներով չխաթարւի հայրենական կեանքը, եւ աշխարհասփիւռ մեր ժողովուրդը ապրի խաղաղութեան, բարօրութեան եւ առաջընթացի մէջ։ Թող Տէրը անսասան պահի հայոց պետականութիւնը եւ պայծառ՝ Հայաստանեայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հաւատաւոր իր բոլոր զաւակներով։
Մայր աթոռի տեղեկատւական ծառայութիւն