Քաղաքական

Եթէ Փաշինեանն արգելի որեւէ ընդդիմադիր կուսակցութիւն, մնացածները պէտք է բոյկոտեն ընտրութիւններ

Նիկոլ Փաշինեանը շարունակում է իր նախընտրական քարոզարշաւը՝ Հայաստանի օրէնսդրութեան բազմաթիւ խախտումներով։

Ամէն անգամ, երբ քարոզարշաւի ընթացքում որեւէ քաղաքացի համարձակւում է քննադատել նրան, ականատես ենք լինում Փաշինեանի կոպիտ, վիրաւորական, հիստերիկ ու ագրեսիւ արձագանքին։ Սա ողջամիտ մարդուն բնորոշ վարքագիծ չէ, առաւել եւս՝ յարիր չէ վարչապետի պաշտօնին։

Վերջին շաբաթներին սոցիալական ցանցերում տարածւած բազմաթիւ տեսանիւթերը ցոյց են տալիս Փաշինեանի անհաւասարակշիռ վարքագիծը քաղաքացիների, յատկապէս այն խիզախ կանանց նկատմամբ, որոնք համարձակւում են բարձրաձայնել նրա քաղաքականութեան աղէտալի հետեւանքների՝ Արցախի կորստի, հազարաւոր զոհերի, Հայաստանի Հանրապետութեան տարածքների կորստի, եւ, գուցէ շուտով, նաեւ ամբողջ Հայաստանի կորստի մասին։ Երբ քաղաքացիներն առերեսւում են նրան՝ իրենց անհամաձայնութիւնն արտայայտելու համար, արժանանանում են Փաշինեանի կոպիտ յարձակումներին, կամ նրա զոմբիացւած կողմնակիցների հրմշտոցներին ու բռնութեանը։

Փաշինեանի անտրամաբանական վարքագծին եւ անհեթեթ յայտարարութիւններին հետեւողները նկատում են, որ նա աւելի ու աւելի է կորցնում ինքնատիրապետումը՝ գոռալով, սպառնալով բանտարկել կամ նոյնիսկ սպանել («սատկացնել») իր քաղաքական հակառակորդներին։

Փաշինեանի կամակատարը դարձած Ազգային անվտանգութեան ծառայութիւնը վերջին ամիսներին նրան քննադատողներին մեղադրել է օտարերկրեայ գործակալներ լինելու մէջ՝ նոյնիսկ տարածելով ակնյայտ կեղծ փաստաթղթեր։ Փաշինեանը յայտարարել է, որ ընտրութիւններում իր հիմնական մրցակից Սամուէլ Կարապետեանը ռուսական գործակալ է։ Կարապետեանը ձերբակալւել եւ մեղադրւել է պետական յեղաշրջում ծրագրելու մէջ, պարզապէս այն պատճառով, որ աջակցութիւնն է յայտնել Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Մի այլ կեղծ փաստաթղթի հրապարակմամբ՝ Փաշինեանը շինծու մեղադրանք է առաջադրել Կարապետեանի զարմիկ Նարեկին, իբր Ռուսաստանի քաղաքացիութիւնը թաքցնելու համար, ինչը համարւում է ընտրական օրէնսդրութեան խախտում, քանի որ նա պատգամաւորութեան թեկնածու է։ Բացի այդ, Փաշինեանը շարունակում է միջամտել Հայաստանի դատական համակարգի գործերին՝ ուղղորդելով դատաւորներին, որոնք ըստ օրէնքի, պէտք է անկախ լինեն։

Վերջին երկու ամիսների ընթացքում նրա քաղաքական հակառակորդների տասնեակ կողմնակիցներ ձերբակալւել եւ բանտարկւել են ընտրակաշառք բաժանելու շինծու մեղադրանքներով: Սա զաւեշտալի մեղադրանք է. ո՞վ կարող է այնքան միամիտ լինել, որ ընտրութիւններից ամիսներ առաջ կաշառի ընտրողներին՝ յոյս ունենալով, թէ նրանք ապագայում կը քւէարկեն իրենց կուսակցութեան օգտին:

Փաշինեանը նաեւ բանտարկել է մի քանի բարձրաստիճան հոգեւորականների՝ զանազան յանցագործութիւնների շինծու պատրւակներով։ Աւելին, նա պարբերաբար ֆէյսբուքեան գրառումներում լկտի մեղադրանքներ է հնչեցնում Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցէին եւ շարունակում միջամտել եկեղեցու ներքին գործերին՝ բացայայտօրէն խախտելով Եկեղեցու եւ պետութեան տարանջատման վերաբերեալ սահմանադրական դրոյթը։

Տարիներ շարունակ Փաշինեանը կեղծօրէն պնդել է, թէ իր կուսակցութեան նախորդ երկու ընտրական յաղթանակները՝ 2018 ին եւ 2021 թւականներին, եղել են արդար եւ զերծ կեղծիքներից։ Սակայն նրա գործողութիւնները հակառակի մասին են փաստում. նա բազմիցս խախտել է ընտրական օրէնսդրութիւնը՝ քարոզարշաւի նպատակով օգտագործելով վարչական ռեսուրսներ, սպառնալով իր ընդդիմախօսներին եւ կիրառելով դրամահաւաքի անօրինական մեթոդներ։

2023 թւականի Երեւանի աւագանու ընտրութիւնների ժամանակ Փաշինեանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը հաւաքեց 1,3 միլիոն դոլար՝ իր թեկնածու Տիգրան Աւինեանի յաղթանակը ապահովելու համար։ Անկախ հետաքննութեամբ բացայայտւեց, որ նախընտրական հիմնադրամին կատարւած մի շարք նւիրատւութիւններ ձեւակերպւել են կեղծ անուններով՝ իրական դոնորների ինքնութիւնը թաքցնելու նպատակով։

Խախտումները ներառել են խոշոր գումարների նւիրատւութիւններ այլ անձանց անուններով։ Օրինակ, մի կին, ում անձնագրային տւեալները խարդախութեամբ օգտագործւել են, վրդովւած հերքել է նման նւիրատւութիւն կատարելու փաստը։ Մէկ այլ դէպքում նւիրատւութիւններ են կատարւել յայտնի գործարարի ութ աշխատակիցների անուններով՝ առանց նրանց գիտութեան։ Չնայած նման բացայայտ խախտումներին՝ դատարանները որեւէ իրաւական քայլ չեն ձեռնարկել Փաշինեանի կուսակցութեան դէմ։

Շարունակելով բացայայտել «Քաղաքացիական պայմանագրի» կասկածելի դրամահաւաքի գործելաոճը՝ «Ինֆոքոմ»-ի կողմից անցկացւած նոր անկախ հետաքննութիւնը պարզել է, որ Հայաստանի տարբեր մարզերից հիւանդանոցների եւ բժշկական կենտրոնների առնւազն 23 տնօրէններ 2025 թւականի մարտին գրեթէ միաժամանակեայ նւիրատւութիւններ են կատարել իշխող կուսակցութեանը: Պետութեանը պատկանող այս հաստատութիւնների տնօրէններն իրենց պաշտօնների համար պարտական են իշխանութիւններին: Միայն մի քանի օրւայ ընթացքում՝ 2025 թւականի մարտի 4-ից 11-ը, իշխող կուսակցութեանը փոխանցւել է աւելի քան 15,000 դոլար: Տարւայ ընթացքում ընդհանուր առմամբ 31 բժշկական կենտրոնների տնօրէններ շուրջ 22,000 դոլար են նւիրաբերել Փաշինեանի կուսակցութեանը: Նոյնիսկ առողջապահութեան նախարարն է 2025 թւականին մօտ 2000 դոլար նւիրաբերել իշխող ուժին: «Ինֆոքոմը» նաեւ բացայայտել է, որ Փաշինեանի կուսակցութիւնը եւ նրա կողակցի՝ Աննա Յակոբեանի գլխաւորած «Իմ քայլը» հիմնադրամը վերջին երեք տարիների ընթացքում ստացել են ընդհանուր առմամբ 300,000 դոլարի նւիրատւութիւններ այնպիսի գործարարներից կամ պաշտօնեաներից, որոնց ընկերութիւններին կառավարութիւնը տրամադրել է հարկային արտօնութիւններ:

Քաղաքական հակառակորդներին բանտարկելու վերաբերեալ բազմիցս հնչեցրած սպառնալիքներից եւ այն նախազգուշացումներից յետոյ, թէ ընդդիմադիր ուժերն առաջիկայ ընտրութիւններում որեւէ պատգամաւորական մանդատ չեն ստանալու, Փաշինեանն այժմ կարող է հատել բոլոր «կարմիր գծերը» եւ արգելել մէկ կամ մի քանի ընդդիմադիր կուսակցութիւնների մասնակցութիւնը յունիսի 7-ի ընտրութիւններին՝ իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան յաղթանակը երաշխաւորելու համար։

Եթէ դա տեղի ունենայ, բոլոր ընդդիմադիր կուսակցութիւնները պարտաւոր են, ի նշան բողոքի, բոյկոտել խորհրդարանական ընտրութիւնները։ Դրա հետեւանքով յունիսի 7-ից յետոյ կը ձեւաւորւի բացառապէս Փաշինեանի կուսակցութիւնից կազմւած խորհրդարան, որը կը յիշեցնի ԽՍՀՄ Գերագոյն խորհուրդը, որտեղ ներկայացւած էր միայն Կոմունիստական կուսակցութիւնը։ Սա կը հաստատի, որ Հայաստանը ոչ թէ ժողովրդավարական երկիր է, այլ՝ բռնապետական։

Մինչ օրս Արեւմուտքը, ելնելով սեփական շահերից եւ ի վնաս Հայաստանի ազգային շահերի, անտեսել է ժողովրդավարական կառավարման սկզբունքների կոպիտ խախտումները: Սակայն, եթէ խորհրդարանում մնայ միայն մէկ կուսակցութիւն, Արեւմուտքն այլեւս չի կարող ձեւացնել, թէ Հայաստանը նորմալ ժողովրդավարական երկիր է: Պէտք է գործադրւեն դիւանագիտական համակարգւած ջանքեր՝ օտարերկրեայ կառավարութիւններին դրդելու հրաժարւել այդ ոչ լեգիտիմ ընտրութիւնների արդիւնքները ճանաչելուց:

Այնուհետեւ պէտք է կազմակերպւեն նոր խորհրդարանական ընտրութիւններ՝ բացառելով Փաշինեանի կուսակցութեան մասնակցութիւնը։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button