Արմէն Ռուստամեան. «Արցախի ժողովուրդը պէտք է պահպանի իր սուբիեկտայնութիւնը»
Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը հրաժարւել է 5 ուղղութիւններով իր պահանջներից. նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը:
«Առաջինը վերաբերում է սահմանների յստակեցմանը, որը Ադրբեջանը պատկերացնում է իր ձեւով կատարել: Ադրբեջանը յայտարարեց, որ այն դիրքերում, որում այսօր գտնւում է, չի պատրաստւում նահանջել: Իսկ մեր կողմից յայտարարում են առնւազն 200 քառակուսի կմ. տարածքի կորստի մասին: Երկրորդը անկլաւներն են, որոնք մեզ շատ լուրջ հարւած են հասցնելու: Ռազմավարական ճանապարհների վերահսկողութիւնն ամբողջութեամբ կորցնելու ենք: Այդ անկլաւները յանձնելով Հայաստանն ինքը կարող է անկլաւ դառնալ:
Երրորդը Նախիջեւանի հետ կապի հարցն է: Հիմա իրենք ասում են՝ լաւ, «միջանցք» բառից շատ էք վատ զգում, եկէք ուրիշ բառ օգտագործենք՝ տրանսպորտային ուղի, երթուղի, կամ, բայց դրանից իրենք չեն ուզում, որ իմաստը կորի: Իրենք պահանջում են, որ այդ տարածքն ունենայ առնւազն այն կարգավիճակը, որը նախատեսւած է 9-րդ կէտով: Հայաստանը փորձում է ասել, որ այդ 9-րդ կէտը գոյութիւն չունի, բայց ստորագրութիւնը գոյութիւն ունի: Եթէ կարողանան այդ կէտի պահանջներից դուրս գալ, դա այլ վիճակ կը ստեղծի»,- ասաց Ռուստամեանը:
Նա յիշեցրեց, որ Ռուսաստանն էլ է պահանջում, ասելով՝ մենք բան ենք ստորագրել եւ հարցի լուծման ճանապարհային քարտէզը եռակողմ համաձայնութիւնների հիման վրայ պէտք է տեղի ունենայ:
Չորրորդը, ըստ Ռուստամեանի, ռեպարացիաների հարցն է. «Եթէ մենք յայտարարեցինք, որ Արցախը տալիս ենք, դրանով փրկում ենք Հայաստանը, մենք Արցախը տալով եւ ասելով, որ Արցախն Ադրբեջան է, մենք 1988-ից սկսած Հայաստանին դրեցինք պարտաւորութիւնների տակ, որ Հայաստանը պէտք է փոխհատուցի այն մասը, որ գտնւել է Հայաստանի վերահսկողութեան տակ՝ 12 հազար քկմ., նա հաշւելու է եւ ասելու է՝ եթէ դա իմը լինէր 1988-ից, ես կունենայի այսքան եկամուտ, հիմա այն կորուստները, որ ես ունեմ, պէտք է դու փոխհատուցես:
Յաջորդ հարցը լինելու է ադրբեջանցի փախստականների վերադարձը, նրանք 100 հազարներով վերադառնալու են Հայաստան: Մենք չենք գնալու Բաքու եւ Սումգայիթ ապրելու, բայց իրենք կը գան: Դրանից յետոյ ի՞նչ է մնալու Հայաստանից: Ես ասել եմ՝ տւեցինք Արցախը, թուրքանալու է Հայաստանը: Հիմա Հայաստանը թուրքացման ճանապարհին է»,- ասաց Ռուստամեանը:
Arfd.am