Բենզին պետութեան դիմաց. Փաշինեանը եւ Սիմոնեանը գրոհում են
Ընտրարշաւը Հայաստանում արդէն սկսւել է, կաշառք արդէն խոստանում են

ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ
Քաղաքագէտ
Հայաստանում նախընտրական քարոզարշաւը մեկնարկել է օգոստոսի 8-ին։ Վաշինգտոնում «ափալ-թափալ» կազմւած եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վկայի կարգավիճակում ստորագրւած փաստաթղթերը Նիկոլ Փաշինեանի քարոզարշաւի առանցքն են։ Եթէ 2021-ին նա մուրճ էր թափահարում, ապա առաջիկայ ընտրութիւններում կը թափահարի Թրամփի ստորագրութեամբ փաստաթղթերը։
«Անդրանիկ ցուցադրութիւնը» տեղի ունեցաւ նախօրէին ՀՀ ԱԺ-ում. Նիկոլ Փաշինեանը ցոյց տւեց օգոստոսի 8-ին ստորագրւած փաստաթղթերը։ Իսկ արդէն այսօր Հայաստանի իշխանութիւնները հանդէս եկան յայտարարութիւններով՝ փաստացի ՀՀ քաղաքացիներին նախընտրական կաշառք առաջարկելով։ Կաշառք, որի դիմաց Փաշինեանը յոյս ունի պահպանել իր իշխանութիւնը։
Նախընտրական կաշառք №1. ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնն առաջարկել է պարտադիր զինւորական ծառայութեան ժամկէտը 24-ից կրճատել 18 ամիս։ Նախագիծը հրապարակւած է իրաւական ակտերի միասնական պորտալում։ Փոփոխութիւններն առաջարկւում է կատարել 2026 թւականի ամառային զօրակոչից։ «Օրէնքի ընդունումը պայմանաւորւած է 2021-2026 թւականների կառավարութեան ծրագրի շրջանակում պարտադիր զինւորական ծառայութեան կրճատման անհրաժեշտութեամբ»,- նշւած է հիմնաւորման մէջ։
Նախընտրական կաշառք №2. ԱԺ խօսնակ Ալէն Սիմոնեանը ՀՀ քաղաքացիներին խոստացել է էժան ադրբեջանական բենզին։ «Հայերը եւ ադրբեջանցիներն առեւտուր են անելու իրար հետ, մենք ունենալու ենք հայ-ադրբեջանական ապրանքների միասնական շուկա: Մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ հայկական ապրանքները լինելու են Բաքւի եւ մնացած այլ քաղաքների խանութներում. դա անխուսափելի է: Օրինակ, բենզինը հայերը գնալու են աւելի էժան առնեն, որովհետեւ այդպէս ձեռնտու է»,- ասել է ԱԺ նախագահը:
Բենզինը պետութեան դիմաց. սա կարող է դառնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան նախընտրական կարգախօսը։ Բայց ինչպէ՞ս պէտք է արձագանքեն Հայաստանի քաղաքական դաշտի միւս դերակատարներն այս ամէնին։ Անհրաժեշտ է Փաշինեանի ձեռքից խլել խաղաղութեան, տնտեսական զարգացման եւ տնտեսական բարիքների թեման։ Սա պէտք է դառնայ գործող իշխանութեանն այլընտրանքային բոլոր ուժերի, եւ առաջին հերթին՝ Հայաստանի երկու վառ արտայայտւած ընդդիմադիր բեւեռների գործողութիւնների հիմնական լէյտմոտիւը։
Կարելի է տարբեր կերպ մեկնաբանել Նիկոլ Փաշինեանի եւ Ալէն Սիմոնեանի, ինչպէս նաեւ Հայաստանի այլ պաշտօնական անձանց ու պետական գերատեսչութիւնների յայտարարութիւնները, բայց իրականութիւնն այն է, որ պէտք է դասեր քաղել 2021 թւականի իրադարձութիւններից եւ ի պատասխան «Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցութեան վերաբերեալ» վտանգաւոր առաջարկների ու բանակի թուլացման՝ առաջ քաշել սեփական ռացիոնալ, յստակ տնտեսական հաշւարկների վրայ հիմնւած եւ ինքնութիւնն ու ինքնիշխանութիւնը պահպանելու հայեցակարգին չհակասող առաջարկներ։
Որպէս օրինակ՝ առաջ քաշել հիմնական եւ այլընտրանքային փաստաթուղթ՝ բանակը «պրոֆեսիոնալ ռելսեր» տեղափոխելու վերաբերեալ առաջարկներով։ Տրամաբանական է խօսել այն մասին, որ բանակը մեծամասամբ պէտք է դառնայ պրոֆեսիոնալ։ 24-ամսեայ ցիկլը պահպանելու համատեքստում քննարկումներն այսօր ընտրական տեսանկիւնից անարդիւնաւէտ են։
Ինչ վերաբերում է «էժան ադրբեջանական բենզինին», ապա, մի կողմից, պէտք է փորձել բացատրական աշխատանքներ տանել ՀՀ բնակչութեան հետ եւ նրանց պարզ հարց տալ. իսկ պատրա՞ստ է արդեօք Ադրբեջանը «բարեկամութիւն անել», պատրա՞ստ է արդեօք ապահովել հայերին էժան բենզինով եւ այլ էներգակիրներով։ Սակայն «էժան բենզինի» թեման արդէն իսկ նետւել է հանրային դիսկուրս, ուստի պէտք է միւս կողմից առաջարկել բենզինի գների իջեցման այլընտրանքային տարբերակ։ Շուկայի ազատականացումը եւ բարեկամ երկրներից նոր մատակարարների ներգրաւումը, որոնք մատակարարման պայման չեն դնում ինքնութիւնից հրաժարւելը, այս երեւոյթին արձագանքելու տարբերակներից մէկն է։
Աւելին, հասարակութեան հետ պէտք է աշխատել «տուն առ տուն» եւ բացատրել քաղաքացիներին, որ եթէ Հայաստանը դառնայ կանխատեսելի եւ յուսալի գործընկեր, ապա ոչ միայն բենզինը, այլեւ այլ էներգակիրներ կարող են էժանանալ, եւ դրա համար ՀՀ-ն ստիպւած չի լինի վճարել պատւով, արժանապատւութեամբ, պատմութեամբ, ինքնութեամբ, անվտանգութեամբ եւ, ի վերջոյ, պետականութեամբ։
Կրկին ընդգծենք՝ անհրաժեշտ է Փաշինեանի ձեռքից խլել խաղաղութեան, տնտեսական զարգացման եւ տնտեսական բարիքների թեման։ Սա պէտք է դառնայ գործող իշխանութեանը այլընտրանքային բոլոր ուժերի, առաջին հերթին՝ Հայաստանի երկու վառ արտայայտւած ընդդիմադիր բեւեռների գործողութիւնների հիմնական լէյտմոտիւը։
Մտածէ՛ք այդ մասին…
Alpha News



