Աբգար Ափինեան. «Երբեք այնքան չենք զգացել պետական ձեռքը մշակոյթի դէմ, որքան 2018 թւականից մինչ օրս»
«ԱԼԻՔ» – Ցաւով պէտք է մի իրողութիւն նշեմ, մեր անկախութեան բոլոր տարիներին՝ ոչ մի շրջանում պետական քաղաքականութիւնը մշակոյթի կարգաւորման ոլորտում, այնքան յստակօրէն աղէտալի չի եղել, որքան 2018 թւականից առ այսօր:
Այս մասին մայիսի 18-ին Բագրատ Սրբազանի եւ մշակույթի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում ասել է գրականագէտ Աբգար Ափինեանը:
«Երբեք չենք զգացել պետութեան ձեռքն այսքան ուղղւած մեր դէմ, հայ մշակոյթի դէմ, այսքան խանգարող, ոչնչացնող»,- յաւելել է նա:
«Յիշում եմ՝ «Գոյ» թատրոնն ինչ հրաշալի բեմականացումներ արեց: Մեր մշակոյթի խորհուրդը 3 տարի անընդմէջ լաւագոյնն է ճանաչել «Արալեզ» ներկայացումը: Եւ հարւածն ուղղւած էր հէնց լաւագոյնին»,- ասել է Աբգար Ափինեանը՝ յիշեցնելով թատրոնի շուրջ ծաւալւող իրողութիւնները:
Նա նշում է, որ վերջերս Բելառուսի գրողների միութիւնը դիմել է իրենց՝ Մինսկում միջազգային փառատօն անցկացնելու առաջարկով:
«Ես մեծ սիրով համաձայնեցի ու բնականաբար, տեղեկացրի ԱԳՆ-ին եւ ԿԳՄՍՄ-ին: Մի քանի ամիս տանել-բերելուց յետոյ ԿԳՄՍ նախարարութիւնը յայտնեց, որ այդ ծրագրի հետ որեւէ առնչութիւն չունի:
Խօսքը գնում է Հայաստանի եւ Բելառուսի մշակոյթի կապերի մասին, որոնք դաշնակցային յարաբերութիւնների հիմքն են: Ահա սա է մեր պետական կառոյցի դէմքը, էութիւնը»,- ասել է գրականագէտը: