Հայաստան - Արցախ

«Արարատեան արժէքների կրթական հիմնադրամ»-ը մշակել է ազգային գաղափարախօսական ծրագիր

«Արարատեան արժէքների կրթական հիմնադրամ»-ը ձեւաւորւել է 2023 թւականին՝ նպատակ ունենալով մշակել եւ հանրութեանը ներկայացնել ազգային գաղափարախօսական, կրթական, մշակութային ծրագրեր։

Հիմնադրամը համագործակցում է պետական եւ մասնաւոր կառոյցների, գիտական եւ կրթական ոլորտի հաստատութիւնների, ազգային ինքնութեան եւ ավանդոյթների պահպանութեան համար գործող կազմակերպութիւնների, փորձագիտական կենտրոնների, Սփիւռքի ազգային եւ հասարակական, կրթական կառոյցների հետ։

«Արարատեան արժէքների կրթական հիմնադրամ»-ը միտւած է գործել բացառապէս հայ ազգային շահերի եւ գալիքի նպատակների ու երազանքների իրականացման համար։  «Արարատեան արժէքների կրթական հիմնադրամ»-ը շահոյթ չհետապնդող կազմակերպութիւն է, եւ հանգանակութիւններից, նւիրատւութիւններից կամ այլ միջոցներով գոյացած ամբողջ բիւջէն օգտագործում է ծրագրերի իրականացման համար։

Հայաստանում լայնամասշտաբ գործում է Արարատեան արժէքների կրթական հիմնադրամը՝ իր առաջ դնելով հայրենաճանաչման ու ազգային աւանդոյթների պահպանութեան եւ բազմաթիւ այլ հայակենտրոն նպատակներ։

Հիմնադրամը մշակել է ազգային-գաղափարախօսական ծրագիր, որը հիմքում Մովսէս Խորենացու, Րաֆֆու, Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրեանի եւ հայ մեծանուն այլ գործիչների, համաշխարհային մտածողների գաղափարների համախումբն է։ Այն ներառում է հայ ազգի եւ հայոց պետականութեան պատմութեան առանցքային դրւագները, խօսւում է մեզ պատուհասած աղէտների, դրանց պատճառների ու հետեւանքների, մեր ազգին յատուկ դրական ու բացասական բնաւորութեան, ինչպէս նաեւ աշխարհում գոյութիւն ունեցող քաղաքական, տնտեսական ու քաղաքակրթական զարգացումների մասին։

Ազգային գաղափարախօսական այս ծրագրով յատուկ տեղ է յատկացւում ազգային կրթութեանը, տնտեսութեան ցանցային կապերին, բանակին, առողջապահութեանը, ինչպէս նաեւ Սփիւռքին՝ այն անւանելով Հայկական աշխարհ։ Գալիքի Հայաստանի կառավարումը գաղափարախօսական այս ծրագրով նախատեսւում է իրականցնել Սփիւռքի հայահոծ հատւածների ակտիւ մասնակցութեամբ՝ տեղական ընտրութիւնների միջոցով Հայաստանի խորհրդարանում եւ կառավարութիւնում ունենալով Սփիւռքի տարբեր օջախներից առնւազն 20 ներկայացուցիչներ, որոնք կընտրւեն տւեալ համայնքի կողմից եւ կունենան նոյնպիսի իրաւունքներ ու պարտականութիւններ, ինչպէս Հայաստանի բնակիչները։ Սա հնարաւորութիւն է տալիս մայր հայրենիքի ու Սփիւռքի հայրենակիցների կապը դարձնել աւելի սերտ եւ շօշափելի՝ յանուն գալիքի մեծ Հայաստանի։

«Արարատեան արժէքների կրթական հիմնադրամ»-ի ստեղծման հիմքերում կանգնած են այնպիսի անհատներ, ինչպէս ԳԱԱ Ազգագրութեան ինստիտուտի գիտաշխատող, բանասէր Գէորգ Գիւլումեանը (Գէորգ Գիւլումեանը հիմնադրամի տնօրէն, գրականագէտ է՝ ծնւել է 1995 թ.-ին ՀՀ Վարդենիսի շրջանի Փամբակ գիւղում։ Աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի Բանագիտութեան բաժնում), Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր, հոգեբան, բանակի փոխգնդապետ Վիտիա Եարամիշեանը (Վիտիա Եարամիշեանը հիմնադրամի կառավարման խորհրդի անդամ, բանակի փոխգնդապետ, հ.գ.թ., դոցենտ է՝ ծնւել է 1962 թ.-ին Արցախի Շոշ գիւղում։ Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր), Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի անդամ Իսակ Իւնանէսեանը (Իսակ Իւնանէսեանը հիմնադրամի կառավարման խորհրդի անդամ է՝ ծնւել է 1976 թ., Իրանում), Հայաստանի Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի պատասխանատու, բանասէր Գոհար Ղալաչեանը (Գոհար Ղալաչեանը հիմնադրամի կառավարման խորհրդի անդամ, բանասէր։ Ծնւել է 1989 թ․ Գիւմրիում։ Աշխատում է Հայաստանում Ֆրանսիական
համալսարանում), «Արարատեան պետութիւն» հայրենասիրական-կրթական հասարակական կազմակերպութեան նախագահ, լրագրող Նայիրի Յոխիկեանը, այլ նւիրեալներ։

Հիմնադրամը բացի ազգային գաղափարախօսական ծրագրի մշակումից ու գրքի հրատարակումից, հասցրել է մէկ տարւայ ընթացքում Հայաստանի տարբեր մարզերում իրականացնել հայրենաճանաչման նախաձեռնութիւններ, ինչպէս, օրինակ՝ Սիւնիքի մարզի Խնձորեսկ գիւղի մօտ 18-րդ դարի մեծանուն զօրավար Մխիթար Սպարապետի գերեզման-ուխտավայր տանող ճանապարհին պաստառների տեղադրում, որպէսզի այցելուները աւելի յստակ իմանան, թէ ուր են գնում եւ ինչպիսի պատմական վայր է այն։ Նաեւ Մեղրիում, Կապանում, Գորիսում, Վարդենիսում, Տաշիրում, Գիւմրիում, Վանաձորում, Երեւանում հայրենաճանաչման բազմաթիւ դասընթացների կազմակերպում է իրականացւել, շարունակւում են դրանք։

Նայիրի Յոխիկեանն ասում է՝ յատուկ է ընտրւել «Արարատեան արժէքների կրթական հիմնադրամ» անւանումը։ Արարատը աշխարհի բոլոր հայերի համար սրբազան լեռ է, որը խորհրդանիշ է մեր պայքարի ու երազանքների։ Միաժամանակ Արարատ լեռան վրայ է Մեծ ջրհեղեղից յետոյ սկիզբ է առել մարդկային կեանքը, նոյնկերպ Հայկ Նահապետը հէնց այս լեռան ստորոտում է հիմք դրել հայ ժողովրդի եւ հայկական պետականութեան, ուստի Արարատն է մեր ազգային գաղափարախօսական ծրագրերի հիմքը։

Հիմնադրամը ուրախ է համագործակցել նաեւ Սփիւռքի հայրենակիցների հետ եւ շարունակել ազգանւէր աշխատանքը՝ յանուն գալիքի ուժեղ Հայաստանի։

Related Articles

Back to top button