Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հրանտ Մելիք-Շահնազարեան. «Պատերազմից գրեթէ 6 տարի է անցել, իսկ զոհերի անունները դեռ հրապարակւած չեն»

Հրանտ Մելիք-Շահնազարեանը գրում է. «Պատերազմից գրեթէ 6 տարի է անցել, իսկ զոհերի անունները դեռ հրապարակւած չեն։ Ինչո՞ւ։ Չունի՞ պետութիւնն իր զոհւած զինւորների անունները ճշտելու հնարաւորութիւն։ Իհարկէ՝ ունի։ Եւ ուրեմն ինչո՞ւ չի արւում դա։ Ի՞նչն է թաքցւում։ Զոհերի թի՞ւը։

Ապուշ են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թէ եթէ յանկարծ պարզւի, որ 44-օրեայ պատերազմում ոչ թէ 3900 զոհ ենք ունեցել (իշխանութիւնների ներկայացրած թիւը), կամ 5000 զոհ (ընդդիմութեան տւեալները), այլ, օրինակ, 7000 զոհ՝ դրանից կորստի ցաւն աւելի թեթեւ է դառնալու։

Ո՛չ։ Ցաւը նոյնն է մնալու։ Դա այդ նոյն ցաւն է, որն այսօր էլ մեր շատ հայրենակիցների գերեզման է տանում։ Գրեթէ ամէն շաբաթ ինչ-որ մարդու՝ հիմնականում արցախցի, անժամկէտ հեռանալու մասին լուր եմ ստանում։ Բա ինչի՞ց են մահանում այդ մարդիկ։ Պատերազմի զոհ չե՞ն։ Բա ի՞նչ են։ Բայց ո՞վ նրանց անունը կը ներառի պատերազմի զոհերի թւում…

Իսկ 44-օրեայ պատերազմին յաջորդած պատերազմական գործողութիւնների զոհե՞րը։ Նրանց ի՞նչ ցուցակում է ուզում «տեղաւորել» նիկոլի իշխանութիւնը։ Ու հիմա դրել թւի կռիւ է տալիս։ Կարծես, եթէ 1000 հոգի զոհւած լինէին, ցաւն ու կորստի չափերն այլ էին լինելու…

Ամէն ինչն իրենց արշինով են չափում՝ մեզ էլ նոյն այդ չափի գերին փորձում դարձնել։ Ու չես կարող բացատրել նման համբալներին, որ հարցը նոյնիսկ զոհերի թիւը չէ։ Հարցն այն է, որ Հայրենիք ենք կորցրել։ Ու չկայ մխիթարութիւն։ Ո՛չ մէկ զոհի համար կայ մխիթարութիւն, ո՛չ 1000-ի, ո՛չ էլ 10.000-ի»։

Related Articles

Back to top button