«Նոր Հայաստանի» նոր «նորմալութիւնների»… աննորմալութիւնը

ԱՐՄԷՆ ՅԱԿՈԲԵԱՆ
Բացի Արցախի կորստից, հազարաւոր զոհերից, 150 հազար բռնագաղթածներից, անվտանգային լրջագոյն անկումից, մի խօսքով՝ խոշոր փորձանքներից ու աղէտներից բացի, որ անցած աւելի քան 7 տարին բերել են Փաշինեանն ու իր թիմը, նրանք էլ ի՞նչ են տւել մեր երկրի ու հասարակութեան կեանքին:
Մի խօսքով, էլ ի՞նչ են անում, էլի, Փաշինեանն ու իր ՔՊ-ական թիմը. ի՞նչ են իրենց հետ բերել ու դեռ բերում, ի՞նչ են քարոզում, ի՞նչ «մշակոյթ» են ներմուծել քաղաքական, հասարակական յարաբերութիւնների տիրոյթ, ի՞նչ օրինակ են ծառայում երիտասարդ սերնդին: Վերջապէս, վերը նշւածից բացի էլ ի՞նչ են թողնելու իրենցից յետոյ առաւելագոյնը մօտ 9-10 ամիս անց:
Չենք յաւակնում համընդգրկուն հետազօտութեան, այն էլ՝ թերթային հրապարակման սահմաններում, բայց մի քանի ընդգծում ու արձանագրում, կարծում ենք, արժէ անել:
Առաջիններից մէկը, որ ակնառու է ու հարկ է ընդգծել՝ ագրեսիան է:
Այո, ագրեսիան ընդդիմախօսների, ընդհանրապէս՝ այլ կարծիք ունեցողների, ազգային արժէքներով ու մարդկային արժանապատւութեամբ առաջնորդւողների, բանիմաց ու մտածող մարդկանց եւ շրջանակների նկատմամբ: Ագրեսիւ վարքը, ագրեսիւ արտայայտութիւնները Փաշինեանի ու իր թիմի գործունէութեան հետեւանքով մեր հասարակական, քաղաքական նիստուկացում դարձել են բացարձակապէս «նորմալ» երեւոյթ: Հասկանալի՞ է, չէ՞, դեգրադացիայի կամ անկման աստիճանը: Այսինքն, հիմա լրիւ «նորմալ» է համարւում նման վարքն ու դրսեւորումը: Ու դա վերջին տարիներին ներմուծւել է հետեւողականօրէն, չափաբաժին առ չափաբաժին: Եւ այդ «գործում» անվիճելի առաջատարը Նիկոլ Փաշինեանն է: Սկսած «ասֆալտին փռելուց», «պատերին ծեփելուց», «բորդիւր լիզելուց», «շնաբարոյ դուրսպրծուկներից», վերջացրած բացայայտօրէն մուրճ ճօճելով, «ԱԱԾ պադւալները լցնելով», «վիզդ կը կտրեմ»-ի հրապարակային ժեստերով ու «մատի փոխարէն այլ բան թափ տալով» եւ այդպէս շարունակ:
Դրան ուղղակիօրէն շաղկապւած է ու այդ ագրեսիայից են բխում նաեւ համատարած քաղաքական հետապնդումները, այլ կարծիք յայտնելու համար հալածանքները, որոնք եւս արդէն «նորմալ» են համարւում: Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներին բանտարկելը… «նորմալ» է: Ինչպէս «նորմալ» է ազգային Եկեղեցու եւ բարձրաստիճան հոգեւորականների հասցէին զազրախօսելը, անւանարկելը, պիտակելը, վիրաւորելը: Փաշինեանի ու նրա թիմի նոր «նորմալութիւնն» է: Ասենք, ինչո՞ւ միայն հոգեւորականներին, առհասարակ, բոլոր նրանց, ովքեր կասեն, որ Փաշինեանի աչքի վերեւը հոնք կայ, կարելի է վիրաւորել, անւանարկել, ինչ ասես՝ ասել, անգամ կարելի է խոշտանգել ու այնպէս անել, որ դատարանի դահլիճում մահանայ, եւ դա… «նորմալ» է:
Նմանապէս, «նորմալ» է… պետութեան՝ անհաւասարակշիռ վարք դրսեւորող, հիստերիկ շարժումներ անող ու տեղի-անտեղի ձայնը գլուխը գցած խօսող ղեկավար ունենալը:
Ի՜նչ ազգային արժէքներ, ի՜նչ պատմութիւն, ի՜նչ մշակոյթ, ի՜նչ եկեղեցի, ի՜նչ հեղինակութիւններ: Կարելի է ամէն ինչ տրորել, հաւասարեցնել ցեխին ու ցեխակոլոլ անել ու դա… «նորմալ» է: Կարելի է Հայոց Ցեղասպանութիւնն ուրանալու ցրցամ տալ, եւ դա… «նորմալ» է: Կարելի է հրաժարւել Արարատից, ու դա… «նորմալ» է: Կարելի է ուրանալ Արցախը, յանձնել այն, արցախցիներին տնազուրկ անել, ու դա… «նորմալ» է:
Ի՞նչ է, կարո՞ղ է որեւէ մէկն ասել, թէ նշւածները Փաշինեանի ու նրա ՔՊ-ի «նւաճումները» չեն:
Յաջորդը. արդէն «նորմալ» է քաղաքական շահերի համար քրէականով «ընտանիք(ներ) մտնելը»: «Նորմալ» է նոյնիսկ նախկին կուսակցի հեռախօսի անձնական գրագրութիւնը քչփորելն ու այն հանրայնացնելը: «Նորմալ» է ընտանիքը քաղաքականութիւն մտցնելն ու «փիառի» առարկայ դարձնելը, այդ թւում՝ երեխաներին:
Հա, ու «նորմալ» է հազարաւոր այլ երեխաների, երիտասարդների տանել ու մահւան մատնել, յետոյ «դերասանութիւն անելով»՝ ասել, թէ՝ խոնարհւում եմ նահատակների շիրիմներին: Բայց, միաժամանակ, «նորմալ» է… զոհւածներին պլիւս-մինուս 50-ով նշելը: Ու արդէն լրիւ «նորմալ» է հազարաւոր ծնողների որդեկորոյս դարձնելուց յետոյ կանգնել թիւ 1 ամբիոնի մօտ ու դէմքի էպիկական արտայայտութեամբ յայտարարել, թէ «ամէն դէպքում նոյնն էր լինելու, բայց առանց զոհերի…»:
«Նորմալ» է:
Նաեւ «նորմալ» է, որ կարելի է երկիրը փորձանքի մատնել, ասել, թէ՝ առաջնորդւում ես վճռականօրէն սխալւելու իրաւունքով: Այդպէս «վճռականօրէն սխալւելով» կորուստներ բերել, յետոյ կանգնել-ասել, թէ՝ «հպարտանում եմ մեր պարտութեամբ», ու դա… «նորմալ» է: Ինչպէս «նորմալ» է շարունակ սխալւելու իրաւունքից խօսել, բայց անվերջանալի «կռուտիտներով» ներկայանալ կամ փորձել երեւակւել որպէս… անսխալական:
Ի՜նչ բարոյականութիւն, ի՜նչ էթիկայի նորմեր, ձե՞ռք էք առնում, ի՞նչ է:
«Նորմալ» է նաեւ քինախնդրութիւնը, ընդ որում, ոչ միայն նորմալ է, այլեւ համակիրառելի… Այ, ժամանակին դիպլոմ չէիք տւել, դէ՝ հիմա տեսէք, թէ ձեր բուհն ինչ կը դառնայ: Ու, ընդհանրապէս, բոլորդ գնացէք «ակադեմիական քաղաք»… Ինձ բան էիք ասե՞լ (կարեւոր չէ՝ որ թւականին), դէ՝ հեսա կը տեսնէք ձեր հալը, «իմ ձեւով» կը լուծեմ հարցերը: Ա՜, դու իմ sms-ով մանդատը վայր չես դնո՞ւմ, լա՜ւ, դէ հիմա տես…
Ու տեսնում ենք ու տեսնում:
Փաշինեանն ու իր թիմը ներարկում են հանրային կեանք, որ թերուս կամ ընդհանրապէս տգէտ լինելը «նորմալ» է: Ոչ միայն «նորմալ» է, այլեւ ընդհանրապէս խնդիր չի: Անձեռնահասութիւնը «նորմալ» է:
Անպատասխանատւութիւնը «նորմալ» է: Այն ոչ միայն նորմալ է, այլեւ արդէն նորմ է:
Ի՞նչ մնաց:
«Նորմալ» է հայրենիքը յանձնել ու ասել, թէ պետութիւն ձեռք բերեցինք:
«Նորմալ» է երկիրը դնել թշնամական թելադրանքի տակ ու ճամարտակել ինքնիշխանութիւնից:
«Նորմալ» է թշնամի ու գործնականում ցեղասպանութեան ոճիրը շարունակող երկրի ղեկավարի հետ նկարւել՝ նրա ծաւալապաշտական գիրքը յուզաթաթաւ կրծքիդ սեղմած ու դա անւանել «յարաբերութիւնների նոմալացում»:
«Նորմալ» է…
Բայց՝ ստո՛պ:
Մեծ հաշւով, այդ կարծեցեալ «նորմալութիւնը» կամ փաշինեանական «նոր նորմալութիւնն» իրականում տոտալ աննորմալ է: Աւելին, կա տպաւորութիւն, որ դէպքերի ընթացքը մօտենում է աննորմալութեան ծայրայեղ կէտին, որը հանդուրժողականութեան վերջին կանգառն է:
…Գիտէք, երեւի Նեպալի արդէն նախկին կառավարիչներն էլ էին համարում, որ սոցցանցերը արգելափակելն ու կոռումպացւածութիւնը նորմալ են: Հայաստանը, այնուամենայնիւ, Նեպալ չէ, բայց… գնացէք կայարանամերձ հրապարակ եւ ուշադիր զննէք Երւանդ Քոչարի գլուխգործոցը: Ուշադիր նայէք…
«Փաստ»