Շնորհակալագրեր, հաւաստագրեր եւ պատւոգրեր՝ Հայաստանում Յովհաննէս Թումանեանի յիշատակի 100-րդ տարելիցին նւիրւած միջոցառումների շրջանակներում
2023 թւականի նոյեմբերի 2-ին, «Շանթ-Մարիամեան» դպրոցի սրահում, Կրթական խորհուրդը կազմակերպել էր միջոցառում, որի ընթացքում պատւարժան հիւրերի ձեռամբ՝ տեղի ունեցաւ հաւաստագրերի եւ շնորհակալագրերի յանձնում՝ թւականիս օգոստոս ամսին Յովհաննէս Թումանեանի յիշատակի 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան մեկնած աշակերտներ՝ Վեդի Աւանէսեանին, Նելլի Եղիայեանին, Բէաթրիս Իզաբելլա Ռաթէոսեանին, Էլիանա Ալլահդադին, Լիա Մկրտչեանին, Լիանա Սեփառուկին, Մարիաննա Մատթէոսեանին, Մեղեդի Հայրապետեանին, եւ Աթրիս Դարուսիին, Լենի Պետրոսեանին, Անի Թահմասեանին եւ Արքայազ Միկոյեանին:
Նշելի է, որ ԿԽ-ի պահանջով, Թեհրանի հայկական դպրոցների փոխտեսուչ-ուհիների կողմից ներկայացւել էին թւով` 12 աշակերտներ, որոնք իրենց դպրոցներում աչքի էին ընկել մշակութային տարբեր միջոցառումներում։
Միջոցառմանը ներկայ էին Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդում՝ Կրթական խորհրդի կապ՝ Անի Միրզախանեանը, Կրթական խորհրդի՝ փոխատենապետ՝ Կարինէ Բալըքճեանի գլխաւորութեամբ մեծանուն բանաստեղծի մահւան 100-րդ տարելիցին նւիրւած միջոցառումների պատասխանատու յանձնախմբի անդամներ՝ Կարինէ Մանուչերեանի եւ Մառլէն Աշուղեանի, Ալենուշ Շահնազարեանի, Անի Համբարձումեանի եւ Մելինդա Քեարիմ Մասիհիի, փորձավար-մասնագէտներ՝ Հրանուշ Սարգսեանի եւ Անի Զաքարեանի, «Արաքս» դպրոցի տեսչուհու, փոխտեսուչների, «Շանթ-Մարիամեան» եւ «Արարատ» դպրոցների ծնողական խորհրդի անդամների, աշակերտների ծնողների եւ այլ հրաւիրեալների:
Յանձնախմբի անդամ՝ Կարինէ Մանուչերեանի կողմից մանրամասնօրէն ներկայացւեց կատարւած ամբողջ աշխատանքի ընթացքը, շեշտւեց, որ Թեմական խորհրդի եւ բարերար անհատների հովանաւորութեամբ, մի խումբ մշակութասէր աշակերտների համար կազմակերպւել է օգոստոսի 9-ից, մէկ շաբաթ տեւողութեամբ, ճանապարհորդութիւն դէպի Հայաստան: Նա մասնաւորապէս անդրադարձաւ Հայաստանում թանգարաններ, Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, Սաղմոսավանք, Տառերի պուրակ այցելութիւններին եւ աշակերտների ստացած տպաւորութիւններին: Վերջում հրաւիրեց աշակերտներին հանդէս գալու Յովհաննէս Թումանեանի «Մի կաթիլ մեղրը» եւ «Անխելք մարդը» հեքիաթների ներկայացումներով:
Փորձավար-մասնագէտներից հանդէս եկաւ Հրանուշ Սարգսեանը, նա յատկապէս շեշտեց, Սփիւռքում հայապահպանման կարեւորութեան եւ դժւարութիւնների մասին, նաեւ շնորհակալութիւն յայտնեց Կրթական խորհրդին, յանձնախմբի անդամներին կատարւած աշխատանքի եւ աշակերտների ծնողներին՝ սոյն աշխատանքին ընդառաջելու համար:
Պատգամաւոր Արա Շահվերդեանն էլ իր խօսքում կրկին անդրադարձաւ Սփիւռքում հայկական մշակոյթի, պատմութեան պահպանման կարեւորութեանը: Նա ասաց, որ բաւականին քաջատեղեակ է տարւած աշխատանքի ծաւալից եւ ընթացքից, ողջունելի է եւ գնահատանքի արժանի կատարւած աշխատանքը: Նա շնորհակալութիւն յայտնեց Կրթական խորհրդի կազմին՝ աշխատանքը յղանալու, զարգացնելու եւ իր տրամաբանական աւարտին հասցնելու համար: Շնորհակալութիւն յայտնեց փորձավարներին, աշակերտների ծնողներին եւ անհատ բարերարներին անշահախնդիր ներդրման ու Թումանեանի յիշատակը վառ պահելու համար:
Միջոցառման աւարտին ամփոփիչ խօսքով հանդէս եկաւ փոխատենապետ՝ Կարինէ Բալըքճեանը, նա իր խօսքում նշեց. «Ամենայն Հայոց բանաստեղծի մահւան 100-ամեայ տարելիցին նւիրւած՝ Հայաստանում Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարան այցելութիւն կատարելու, հեքիաթների բեմականացման ու բանաստեղծի յիշատակը յաւերժացնելու համար Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարանի տնօրէն՝ Անի Եղիազարեանը Կրթական խորհրդին, աշակերտներին եւ փորձավարներին յանձնել էր շնորհակալագիր, պատւոգրեր եւ հաւաստագրեր: Աշակերտների հաւաստագրերը եւ դերասան-փորձավարների՝ Հրանուշ Սարգսեանի, Անի Զաքարեանի եւ էդւին Գալստեանի շնորհակալագիրը Կրթական խորհուրդը նպատակայարմար գտաւ յանձնելու այսօր, հնարաւորութիւն ընձեռնելով աշակերտների ծնողներին եւս դիտելու ներկայացումները:
Կրթական խորհուրդը յատուկ շնորհակալութիւն է յայտնում՝ Թեմական խորհրդին, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին, Յովհ. Թումանեանին նւիրւած միջոցառումները կազմակերպող եւ համակարգող յանձնախմբին, դերասան փորձավարներին, «Շանթ-Մարիամեան» եւ «Արարատ» դպրոցների ծնողական խորհրդի անդամներին, մասնակից աշակերտների ծնողներին եւ բոլոր անհատ բարերարներին այս աննախադէպ ծրագիէը կեանքի կոչելու եւ օժանդակելու համար»:
Միջոցառման աւարտին կազմակերպւել էր համեստ հիւրասիրութիւն:
Թ. Հ. Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ