
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – «Մենք միշտ թելադրած ենք մեր ժոշղովրդի այն զաւակներին, որոնց նիւթական հնարաւորութիւնները թոյլ են տալիս նրանց, որ հաւաքւեն, քով-քովի գան եւ կազմակերպւած կերպով իրենց աշխատանքը յառաջ տանեն գաղութի կեանքում»: Ուրբաթ՝ մայիսի 23-ին, Թեհրանի «Էսպինաս» հիւրանոցի «Խալիջէ Ֆարս» դահլիճում, Սրբազան Հօր այս խօսքերով մեկնարկւած HIECONET-ի անդրանիկ համաժողովը նպատակ ունէր քննարկելու հայ գործարարների համախմբմամբ հաւաքական տնտեսական նախագծերի մշակման եւ իրականացման համակարգի հնարաւորութիւններն ու գաղափարը:
Համաժողովին ուղղւած պատգամում, որն ընթերցւեց Մեղրի Սարխոշեանի միջոցով, Սրբազան Հայրը կարեւորել էր համախմբման փաստը եւ նշել, որ Հայաշխարհը՝ Արցախով վերցրած, կարիքն ունի նման աշխատանքային գործունէութիւնների, յատկապէս, այս օրերին երբ արեւելքի ու արեւմուտքի թշնամիներն սպասում են Հայաստանի տկարացմանը:
Համաժողովին ներկայ գործարարներին աշխատանքային յաջող նիստ մաղթելով եւ բացման խօսքով հանդէս եկաւ համաժողովի վարիչ՝ դոկտ. Վահիդ Թէյմուրին:
Նա աւելի քան 100 մասնակիցների ներկայութեամբ կայացած համաժողովը, որին մասնակցում էին 40 ընկերութիւնների ներկայացուցիչներն ու աւելի քան 55 ակնառու գործարարներ, Իսլ. խորհրդարանում իրանահայութեան ներկայ եւ նախկին պատգամաւորների, եւ Իրան-Հայասետան առեւտրի պալատի նախագահի, ինքնին յաջողւած քայլ որակելով ներկայացրեց նիստի օրակարգը եւ խօսքը փոխանցեց HIECONET-ի համահիմնադիր եւ խորհրդի նախագահ՝ Էմիլ Մնացականեանին:
Պրն. Մնացականեանն անդրադառնալով «Հաւաքական տնտեսութեան համակարգ- Հայ գործարարների ցանց» ստեղծելու գաղափարին նշեց, որ այն առաջին անգամ շօշափւել է 2015 թւականին, երբ որպէս մտահոգութիւն քննարկւում էր նկատելի բացթողումները համայնքային ծրագրերի իրականացման կամ նւիրատւութիւնների հիման վրայ իրականացւող ազգային ու համայնքային աշխատանքները, ինչը լաւագոյն դէպքում կարող է գոյատեւման հետ կապւած հարցերը լուծել, բայց ո՛չ առաջընթաց ստեղծել:
«Համայնքները, որոնք տնտեսական տագնապ են ապրում եւ դրանից դուրս գալու ելքը չգիտեն, մեծ երազանքներ ունենալ չեն կարող: Ինչքան մեծ լինի անհատական եւ հաւաքական աճի առիթները համայնքում, այնքան մեծ կը լինի զարգացման ձգտումն ու երազանքը: Այդպիսով համայնքային կեանքում ձեւաւորւելու է ինքնավստահութիւն եւ հաւատք՝ երազանք ունենալու եւ այն իրականացնելու համար»,- նշեց Էմիլ Մնացականեանը եւ յաւելեց, որ այս մոդելով համայնք ունենալու համար պէտք է աջակցել մարդկանց, որ անհատական մղումներով հասնեն հաւաքական շահերի, ինչը նաեւ Հաւաքական Տնտեսութեան Համակարգի ստեղծման հիմնաքարն է: Նա վերջում նշելով, որ մարդիկ հաց կիսելով բարեկամանում են, կարեւորեց հաւաքական մտքի արդիւնքում գործարքների շահութաբերութեան փաստը, ինչն այսօր համաշխարհային բիզնեսի հիմնաքարերից մէկն է:
HIECONET-ի միւս համահիմնադիր Արթուր Յովսէփեանը եւս նշեց, որ «Հաւաքական տնտեսութեան համակարգ- Հայ գործարարների ցանց» նախաձեռնութիւնը հայ գործարարների կազմակերպութիւն է, որը հիմնականում «սենդիկատների» օրինակով նպատակ ունի հայ գործարարների համախմբումով առաջացնել հաւաքական տնտեսական ծրագրերի մշակման եւ իրականացման համակարգ: Նա յաւելեց. ««Հզօրացում հաւաքական տնտեսութեան միջոցով» կարգախօսը HIECONET-ի գաղափարախօսութեան առանցքն է կազմում, որի շուրջ է ձեւաւորւում կազմակերպութեան ուղղեգիծն ու ծրագրերը: Մեկնելով այդ գաղափարից Կազմակերպութիւնը իր գործունէութեան մէջ կարեւորում է հայ գործարարներին միմեանց կարողութիւնների մասին ծանօթացնելու, համագործակցելու ուղիներ փնտրելու, ինչպէս նաեւ ճանաչեցնել նրանց հայ համայնքներին ոչ միայն Իրանում այլ Հայաստանում եւ Սփիւռքում, եւ ընդլայնել հայ գործարարների կապերը Իրանի եւ արտերկրի բիզնես ոլորտին կապւող հաստատութիւնների հետ»:
Օրակարգի այս բաժնի հարց-պատասխանի ժամանակ գործարարների կողմից նշւեց Հայաստանի հետ համագործակցութեան կամ Հայաստանում նախագծերի իրականացման հեռանկարների մասին հարցեր, որին պատասխանելով Արին Քարիմեանը նշեց, որ հայաստանեան կողմի հետ գործարարական կապերն ու համատեղ նախագծերի իրականացումն այսօր փոխակապակցւած է ԵԱՏՄ-ի կանոնակարգերին ու աշխատանքային դրոյթներին լիովին ծանօթ լինելու փաստի հետ, որի ուղղութեամբ HIECONET-ի փորձագիտական խմբերը եւս խորհրդատւական աշխատանքներ են իրականացնում: Նա յաւելեց, որ կազմակերպութիւնը շուտով իր գրասենեակն է բացելու նաեւ Հայաստանում, որը տրամադրելու է հարկային եւ իրաւական խորհրդատւութիւն Հայաստանում եւ առհասարակ հայ գործարաների հետ համատեղ աշխատանքների իրականացման հարցում:
Նշելի է, որ բարձրաձայնւող հարցերը հիմնականում գործընկերութիւն խթանող այս միութեան դերի վերաբերեալ էր, յատկապէս կնքւող գործարքներից կամ նախագծերից գոյացող շահոյթների մասով: Էմիլ Մնացականեանը պատասխանելով այս հարցին նշեց, որ միութիւնը ՀԱԲ հասկացութեան դերում է հանդէս գալիս եւ նախագծերից ու գործարքների շահոյթ ապահովելու համար չէ, այլ իր ծախսերը հոգալու է անդամավճարների միջոցով: Նա նշեց, որ միութեան լիարժէք անդամ են կարող դառնալ գործարարները՝ վարչութեան կազմում ընտրւելու իրաւունքով: Իսկ երկրորդ կարգի անդամ կարող են լինել մասնագէտները, որոնք գործարարներ չեն: Նախատեսւած է նաեւ ընտրւելու իրաւունք չունեցող սովորական անդամների մուտքը միութեան ցանցում: Նա նշեց նաեւ պատւոյ անդամ կոչման մասին, որը տրւում է կազմակերպութեանն աջակցող գիտաշխատողներին ու փորձագէտներին:
Ընթացքում ցուցադրւող տեսանիւթերով փորձ արւեց հաւաքական ներդրումային համակարգի գաղափարի մասին տեղեկութիւններ փոխանցել, որոնցում շեշտը դրւած էր արագ զարգացող աշխարհում եւ տնտեսական նոր կարգերի հաստատման ենթատեքստում ձեւաւորւած առեւտրատնտեսական մեթոդները բացատրել լսարանին:
Օրւայ թեմային համապատասխան դասախօսութիւն կարդաց դոկտ. Ազարախշ Զիային՝ «Նորարարութիւնն ու ձեռներէցութիւնը ժամանակակից տնտեսութեան մէջ» թեմայով, որի ընթացքում դասախօսը հանգամանօրէն վերլուծեց «Համաօգտագործման տնտեսութիւնը թւային դարաշրջանում» նիւթը, ինչը գործարարներն օգտւելով համացանցային հնարաւորութիւններն ու AI-ի կարողութիւնները, հնարաւորութիւն ունեն համաօգտագործման միջոցներ գտնել եւ նւազագոյն ծախսերով առաւելագոյն եկամուտների են հասնում:
Յաջորդիւ ելոյթ ունեցաւ Նախագահականի «Ապագայ ուսումնասիրութիւնների եւ նորարարութեան ու բարգաւաճման հիմնադրամի» համահիմնադիր եւ վարիչ դոկտ. Սիաւաշ Մալեքիֆարը: Նա խօսելով «Մասնակցային ներդրումներ՝ առաւելութիւններ, դժւարութիւններ եւ մեթոդներ» թեմայի շուրջ, փորձեց առկայ ներդրումային ցանցերի օրինակներով ներկայացնել համագործակցութեան հնարաւորութիւնները, ռիսկերը, եւ սպասւող շահոյթը: Ներկայացւած թեման բուռն քննարկումների առիթ դարձաւ մասնակից գործարարների կողմից, որոնք առկայ ռիսկերի բարձրացման հետ կարելի համարեցին տնտեսական շահոյթի աճը, ինչը որակեցին «հիւանդ տնտեսական համակարգի» նկատելի ախտանշաններից մէկը, որը գուցէ հետաքրքրում է դրամատէրերին, բայց ոչ արդիւնաբերութեան ոլորտում աշխատող գործարարին:
Համաժողովի աւարտին, որպէս վերջաբան դոկտ. Թէյմուրին եւ Էմիլ Մնացականեանը համառօտ կերպով ներկայացրեցին քննարկումների ընդհանուր պատկերը՝ «Ընդլայնել հայ գործարարների կապերը Իրանի եւ արտերկրի բիզնես ոլորտին կապւող հաստատութիւնների հետ», «կազմակերպելով միջոցառումներ Իրանում եւ արտերկրում՝ անդամներին օժանդակել նոր շուկաներ մուտք գործելու ուղղութեամբ», «ստեղծել միջոցներ բիզնես միջավայրի արգելքները միասնաբար յաղթահարելու համար», «հովանաւորել հայ երիտասարդ նորակառոյց ընկերութիւններին եւ start up-երին», «օգնել հայկական ազգային հաստատութիւններին մնայուն տնտեսական միջոցներ ձեւաւորելու համար», եւ կարեւորւեց, որ կազմակերպութեան գործունէութեան առանցքը՝ համատեղ խոշոր բիզնես ձեռնակութիւնների ծրագրումը եւ իրականացումն է:
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ