Իրան

Արա Շահվերդեան. «Միջազգային ջանքերը պէտք է ուղղւած լինեն սիոնիստական ​​ռեժիմի դէմ պատժամիջոցների կիրառմանը»

«ԱԼԻՔ» – Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, անդրադառնալով Ռիադի նիստում Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ այաթ. Ռէյիսիի ելոյթին ասել է. «Նախագահի տասը առաջարկները կառուցողական էին, եւ, անշուշտ, իսլամական երկրները եւ սիոնիստական ​​ռեժիմին դէմ գնացող այլ երկրները, յատուկ ուշադրութիւն են դարձնելու այդ առաջարկներին եւ սատարելու են դրանց»։

ԻՍՆԱ-ին տւած հարցազրոյցում Արա Շահվերդեանը, անդրադառնալով Գազայի պատերազմի վերաբերեալ Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան անդամ երկրների ղեկավարների արտահերթ նիստում նախագահի ելոյթին, ասել է. «13-րդ կառավարութիւնը տարածաշրջանում, հարեւան երկրների հետ ակտիւ դիւանագիտութիւն է ծաւալել, որի բացայայտ օրինակներն են՝ Իրանի անդամակցութիւնը Շանհային եւ BRICS-ին եւ կառուցողական գործակցութիւն ու համագործակցութիւն է ծաւալել Պարսից ծոցի ափամերձ եւ հարեւան երկրների հետ»։ Նա յաւելել է. «Նախագահը շաբաթ օրը մասնակցել էր Ռիադի գագաթնաժողովին՝ խօսելու սիոնիստական մանկասպան ​​ռեժիմի ոճրագործութիւնների մասին եւ դա այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը օգտագործելով Անվտանգութեան խորհրդում վետոյի իրաւունքը, թոյլ չի տալիս, որ սիոնիստական ռեժիմի դէմ պատժամիջոցներ հաստատւեն»:

Արա Շահվերդեանը յոյս յայտնելով, որ Ռիադի գագաթնաժողովի արդիւնքները եւ իսլամական երկրների ջանքերը կը յանգեցնեն ՄԱԿ-ում սիոնիստական ​​ռեժիմի դէմ բանաձեւի ընդունմանը, ասել է. «Միջազգային ջանքերը պէտք է ուղղւած լինեն սիոնիստական ​​ռեժիմի դէմ պատժամիջոցների կիրառմանը եւ Գազայում նրա ոճրագործութիւններին վերջ դնելուն: Ոճրագործութիւններ, որոնց հետեւանքով զոհւել են անմեղ երեխաներ, կանայք եւ խաղաղ բնակիչներ: Պէտք է Գազայում կանխւի սիոնիստական ռեժիմի մահացու յարձակումները եւ անյապաղ հրադադար հաստատւի»:

Արա Շահվերդեանը շեշտելով, որ Իրանը միշտ էլ իրաւազրկւածներին պաշտպանելու ռահվիրանն է եղել, յստակեցրել է. «Մենք համախմբելով իսլամական երկրներին եւ այլ երկրներին, որոնք աջակցում են ճնշւածներին եւ իրաւազրկւածներին, կարող ենք իրադարձութիւնների ընթացքը ուղղորդել այնպէս, որ ՄԱԿ-ում սիոնիստական ​​ռեժիմի դէմ բանաձեւ ընդունւի, եւ այս մանկասպան ռեժիմը ստիպւած լինի դադարեցնել Գազայի հատւածի ռմբակոծութիւնները»:

Վերջում, նա ընդգծել է, որ հէնց այս դիտանկիւնից ելնելով, Հանրապետութեան նախագահի տասը առաջարկները կառուցողական են եւ անտարակոյս իսլամական երկրները եւ այն երկրները, որոնք դէմ են սիոնիստական ռեժիմին, յատուկ ուշադրութիւն են դարձնելու այս առաջարկութիւններին, որպէսզի դրանք կեանքի կոչւեն:

Related Articles

Back to top button