Կարէն Իգիթեան. «Փեզեշքիանի այցը կարեւոր էր Թեհրանի համար՝ Փաշինեանին հարցեր տալու եւ նրա պատասխանները հրապարակայնօրէն արձանագրելու առումով»

«ԱԼԻՔ» – News.am-ի հետ զրոյցում տարածաշրջանային հարցերով փորձագէտ Կարէն Իգիթեանն անդրադարձել է նախագահ Փեզեշքիանի հայաստանեան այցին:
Ըստ նրա՝ այցը կարեւոր է Թեհրանի համար՝ Նիկոլ Փաշինեանին հարցեր տալու եւ նրա պատասխանները հրապարակայնօրէն արձանագրելու առումով։ Իրանը, ի հեճուկս Հայաստանի վարչապետի հաւաստիացումների, շարունակում է մտահոգութիւն յայտնել։
«Փաշինեանը փորձում է Իրանի ղեկավարութեանը համոզել, որ ԱՄՆ-ում ստորագրւած փաստաթղթերը չեն վնասում Թեհրանին, սակայն դա շատ դժւար է անել։ Դա պայմանաւորւած է նրանով, որ եթէ նա գնայ ԱՄՆ եւ համաձայնութիւնների հասնի, ըստ որոնց ամերիկացիները տեղում ներգրաււած կը լինեն տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում, ապա հետագայ գործողութիւնները Հայաստանից կախւած չեն լինի։ Եթէ վաղը Միացեալ Նահանգները ցանկանայ փակել Հիւսիս-Հարաւ ճանապարհը դէպի Իրան, արդեօք նրանք նման հնարաւորութիւն կունենա՞ն։ Կարծում եմ՝ ե՛ւ Միացեալ Նահանգները, ե՛ւ Ադրբեջանը նման հնարաւորութիւն կունենան։ Այդ պատճառով Իրանի մտահոգութիւններն արդարացւած են։
Իրանը հիանալի հասկանում է, որ ճանապարհն իրականում Հայաստանը չի վերահսկելու, քանի որ Հայաստանի տարածքում հայկական կողմից դա լաւագոյն դէպքում միջնորդաւորւած բնոյթ կունենայ։ Իրանի դիրքորոշումը Սիւնիքի հարցում աւելի հայամէտ է, քան պաշտօնական Երեւանի դիրքորոշումը, քանի որ Հայաստանի իշխանութիւնները պատրաստ են գնալ զիջումների»,- ընդգծել է Իգիթեանը։
Նա պարզաբանել է, որ եթէ պատկերացնենք, թէ Ադրբեջանը փակում է Հայաստանով անցնող ճանապարհը, ինչպէս Լաչինի միջանցքի դէպքում, եւ Երեւանը դիմի Իրանի օգնութեանը, վերջինս կարող է դիմել գործողութիւնների, հակառակ դէպքում Թեհրանի կարողութիւնը արձագանքելու իրավիճակին շատ սահմանափակ կը լինի։
Փորձագէտը կարծում է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ ստորագրւած փաստաթղթերը ոչինչ չեն նշանակում յարաբերութիւնները ռազմավարական գործընկերութեան մակարդակի բարձրացնելու առումով, քանի որ դա պահանջում է համագործակցութիւն հաստատել պաշտպանութեան ոլորտում եւ տնտեսական ոլորտում անցնել աւելի լուրջ համագործակցութեան։
Ընդհանուր առմամբ, ըստ նրա՝ կան հարցեր Հայաստանի ռազմավարութեան վերաբերեալ։ «Երեւանը ցանկանում է գնալ եւրոպական ինտեգրման ճանապարհով, բայց դեռեւս գտնւում է ԵԱՏՄ-ում։ Բացի դրանից, Հայաստանը ստորագրում է ռազմավարական համագործակցութեան փաստաթղթեր Միացեալ Նահանգների հետ եւ միեւնոյն ժամանակ խօսում է Վաշինգտոնի հետ», թշնամական յարաբերութիւնների մէջ գտնւող Իրանի հետ նոյն փաստաթուղթը ստորագրելու իր մտադրութեան մասին»,- շեշտել է Իգիթեանը։
Նա ենթադրում է, որ խոյս տալու քաղաքականութիւնը կարող է բացասական հետեւանքների յանգեցնել։
Էլ ի՞նչ ապացոյցներ են պէտք, որ Ադրբեջանին ոչ մի փաստաթուղթ չի կանգնեցնի
Խօսելով վաշինգտոնեան փաստաթղթերի մասին, Իգիթեանը տարակուսանք է յայտնել, որ դրանք կարող են կանգնեցնել Ադրբեջանին:
«Վաշինգտոնեան փաստաթղթերը չեն երաշխաւորում, որ Ադրբեջանը չի յարձակւի Հայաստանի վրայ, իսկ Թրամփի յայտարարութիւնները, թէ կողմերը կարող են զանգահարել իրեն, եթէ խնդիրներ առաջանան, ծաղրի պէս են հնչում»,- ասել է նա։
Փորձագէտը յիշեցրել է, որ Հայաստանն արդէն իսկ ստորագրել է փաստաթղթեր Ադրբեջանի հետ, ներառեալ՝ 2020 թւականի նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը, որոնք բոլորը խախտել է Բաքուն։
«Էլ ի՞նչ ապացոյցներ են պէտք, որ Ադրբեջանին ոչ մի փաստաթուղթ չի կանգնեցնի։ Հետեւաբար, մենք պէտք է աշխատենք այն նպատակների վրայ, որոնք Անկարան եւ Բաքուն հետապնդում են Հայաստանի նկատմամբ։ Մենք պէտք է ձգտենք փոխել այդ նպատակները, փոխել Հայաստանի նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի ընկալումը։
Քանի դեռ Ադրբեջանը Հայաստանին պաշտօնապէս թշնամի է համարում եւ անւանում այն արհեստական կազմաւորում, անհնար է խօսել փոփոխութիւնների մասին։ Միեւնոյն ժամանակ, Բաքուն ոչ միայն չի փոխում այդ քաղաքականութիւնը, այլեւ սաստկացնում է այն»,- նշել է Իգիթեանը։
Ռուսաստանը հասկացնում է, որ ապագայում Հարաւային Կովկաս վերադառնալու ռեսուրսներ ի յայտ կը գան
Իգիթեանը կարծում է, որ Միացեալ Նահանգները, Թուրքիայի օգնութեամբ, Ռուսաստանին դուրս է մղում Հարաւային Կովկասից։
Ըստ նրա՝ դա լուրջ ռազմավարական հետեւանքներ կունենայ Ռուսաստանի Դաշնութեան համար՝ թէ՛ Կովկասում, թէ՛ Կենտրոնական Ասիայում։ Փորձագէտը կարծում է, որ Մոսկւան հիանալի հասկանում է դա եւ խորդածում է իր անելքիների մասին։
Փորձագէտը պարզաբանել է, որ Արեւմուտքի տեսանկիւնից Հարաւային Կովկասում բոլոր գործընթացներն ուղղւած են Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն եւ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելուն։
Իգիթեանը յաւելել է, որ ռուս սահմանապահների ներկայութիւնը Հայաստանում հեշտութեամբ լուծելի խնդիր է Փաշինեանի եւ Միացեալ Նահանգների համար, ուստի Ռուսաստանի շեշտադրումն այս գործօնի վրայ այդքան էլ համոզիչ չի թւում։
«Եւ եթէ ամէն ինչ ընթանայ ամերիկեան սցենարով, դրանով էլ ամէն ինչ կաւարտւի։ Ռուսաստանը հիանալի հասկանում է դա։ Ներկայ պահին Ռուսաստանի Դաշնութիւնը քիչ ռեսուրսներ ունի արձագանքելու համար, բայց նրանք հասկացնում են, որ որոշակի պահի իրենք կը ստանան այդ ռեսուրսները, եւ կը վերադառնան տարածաշրջան, ինչպէս տեղի ունեցաւ 1920 թւականին»,- նշել է փորձագէտը։