Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գագիկ Մինասեան. «Իշխանութիւնների նաւը սուզւում է. իրենք հասկանում են՝ պէտք է փախչել սուզւող նաւից»

ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասեանն այն կարծիքին է, որ վերջին տարիներին դաժան ձեւով ընթացել է Ռուսաստանին Հարաւային Կովկասից դուրս մղելու քաղաքականութիւն Արեւմուտքի կողմից:

«Դա սկսւեց Լեռնային Ղարաբաղում, եւ տեսանք, թէ ինչ եղաւ, երբ ռուսական զօրքերը դուրս եկան ԼՂ-ից կամ պասիւացրեցին իրենց մասնակցութիւնն այնտեղ: Երբ մի ուժ դուրս է գալիս այնպիսի երկրից, ինչպիսին Հայաստանն է, այդ տեղը դատարկ չի կարող մնալ: Հետեւաբար՝ պէտք է հասկանանք, թէ ով է աջակցում, որպէսզի ռուսական ուժերը դուրս գան Հարաւային Կովկասից, եւ ով պէտք է այնտեղ յայտնւի: Ակնյայտ է, որ դա Արեւմուտքի ցանկութիւնն է, եւ ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապէս Հարաւային Կովկասում է Արեւմուտք-Ռուսաստան ճակատամարտը շարունակւում: Թէ ինչ ձեւաչափով է Արեւմուտքը փոխարինում, դա կարեւոր չէ, կարող են լինել ԵՄ դիտորդները, բայց դա էականօրէն կը բարդացնի այն յարաբերութիւնները, որոնք այսօր ՀՀ-ն ունի Իրանի հետ, որովհետեւ արդէն իսկ այնտեղից հնչում են յայտարարութիւններ, որ իրենց համար անընդունելի է, որ որեւէ ուժ կանգնի ՀՀ-ի եւ Իրանի միջեւ: Իրանի համար շատ կարեւոր է մարդկանց, բեռների անխոչընդոտ շարժը Հայաստան-Վրաստան-Սեւ ծով: Եթէ այդտեղ կանգնում է ուժ, որը բարիացակամ չէ Իրանի նկատմամբ, ապա Իրանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ կտրուկ կը փոխւի»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասել է նա՝ ընդգծելով՝ Հայաստանի համար լուրջ մարտահրաւէրներ են առաջանալու:

Մոսկւայում կայացած Փաշինեան-Պուտին հանդիպման ժամանակ համաձայնութիւն է ձեռք բերւել, որ յունւարի 1-ից ռուս սահմանապահները կը հեռանան հայ-իրանական սահմանի հսկիչ-սահմանային անցակէտից: Կողմերը համաձայնել են նաեւ, որ 2025 թւականի յունւարի 1-ից Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանութեանը կը մասնակցեն նաեւ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զօրքերը:

Գագիկ Մինասեանի խօսքով՝ ռուսական սահմանապահների բացակայութեան պայմաններում Ադրբեջանի համար դիւրին կը լինի, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով. «Դրա մասին իրենք բազմիցս ասել են: Բաւական է հնարեն մի սցենար, թէ իբր այստեղից կրակում են, եւ իրենք ներս են մտնում եւ դուրս չեն գալիս: Այդպիսի բան Թուրքիան բազմիցս արել է իր հարեւանների հետ, եւ բացառւած չէ, որ այստեղ էլ անի՝ հաշւի առնելով, թէ ինչպիսի կարեւորութիւն ունի «Զանգեզուրի միջանցք»-ը թուրքական աշխարհի համար»:

Ըստ նրա՝ Ադրբեջանին կարող է զսպել միայն իշխանափոխութիւնը Հայաստանում. «Եթէ իշխանափոխութիւն լինի եւ իշխանութեան գան ազգային ուժեր, ապա մենք կը վերադառնանք այն իրավիճակին, որում էինք 2018 թւականից առաջ՝ փայլուն յարաբերութիւններ ՌԴ-ի հետ, շատ լաւ յարաբերութիւններ Իրանի  հետ եւ շատ լաւ յարաբերութիւններ Արեւմուտքի, յատկապէս՝ ԱՄՆ-ի հետ»:

Դիտարկմանը՝ բայց հիմա իրավիճակն այլ է, ամէն դէպքում, Արցախն այն ժամանակ անկախ էր, նա արձագանգել է. «Այո, Արցախն անկախ էր, բայց դա չի նշանակում, որ հիմա ոչինչ վերականգնել հնարաւոր չէ: Երբ ասում ենք՝ Արցախն անկախ էր, մի օրինակ բերեմ, որը վերաբերում է Վրաստանին: Վերջին զարգացումները հաշւի առնելով, կարծում եմ, որ կը գտնեն լուծումներ, որոնք կը բաւարարեն ե՛ւ Աբխազիային, ե՛ւ Հարաւային Օսեթիային, ե՛ւ Վրաստանին: Եթէ ազգային ուժեր գան Հայաստանում իշխանութեան, ճիշտ այնպէս, ինչպէս այսօր մեծ դժւարութեամբ Վրաստանն է փորձում լուծել այն խնդիրները, որ իր համար ստեղծել է Սահակաշւիլին, Հայաստանում էլ այդ ազգային ուժերը կը փորձեն լուծել այն խնդիրները, որոնք մեր ժողովրդի համար ստեղծել է Նիկոլ Փաշինեանը»:

Ըստ նրա՝ իր նշած ազգային ուժերը չեն կարողանում գալ իշխանութեան մի պարզ պատճառով. «Մենք պէտք է պայքարենք ոչ միայն այս ազգակործանների իշխանութեան դէմ, այլեւ թուրքերի եւ ադրբեջանցիների եւ մնացած բոլոր թշնամիների դէմ, որոնք հովանաւորում են այսօրւայ իշխանութեանը: Այդքան ուժ այսօրւայ ընդդիմութիւնը չունի: Եթէ իշխանութիւնը նոյնը մնայ, ապա ինչո՞ւ այս ընթացքը պէտք է փոխւի: Իշխանափոխութիւնը բոլորի համար նոր իրավիճակ է ստեղծելու: Ուրիշ լուծում չկայ, սրանք իրականացնում են Հայաստանի կործանումը եւ շարունակելու են իրականացնել»:

Անդրադառնակով վերջին օրերին հրաժարականներին՝ Գագիկ Մինասեանը հետեւեալն է ասել. «Իրենք հասկանում են, որ իրենց նաւը սուզւում է, եւ այդպիսի իրավիճակում որոշակի կենդանիներ կան, որ փախչում են սուզւող նաւից: Ամենակարեւորն այն է, որ նաւապետի հարթակում գտնւող 5-6 հոգին դա տեսնում են եւ հասկանում, որ այդ նաւը շուտով այնքան կը սուզւի, որ իրենք էլ պէտք է փախչեն սուզւող նաւից»:

Related Articles

Back to top button