Յակոբ Բադալեան. «Եթէ միջանցքը բացւի Թուրքիայի պայմաններով, կարճ ժամանակ անց ՀՀ հարաւը կը յայտնւի Թուրքիայի վերահսկողութեան տակ»
Թուրքիայի տրանսպորտի նախարարը մի աղմկայարոյց յայտարարութիւն է արել՝ ասելով, որ Հայաստանի հետ կայ զարգացում, որը մօտ օրերս յայտնի կը դառնայ։ Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է քաղաքական մեկնաբան Յակոբ Բադալեանը։
«Ենթադրութիւններ անել, թէ ինչ նկատի ունի թուրք նախարարը, անշնորհակալ գործ կը լինի։ Կարծում եմ՝ Հայաստանում մի քանի մարդ կարող է լինել, որ տեղեակ է՝ ինչի մասին է խօսում թուրք նախարարը։ Այսպիսի յայտարարութիւնների պէտք է աչալուրջ հետեւի հանրութիւնը, բայց միեւնոյն ժամանակ կարծում եմ, որ միայն այսպիսի յայտարարութիւններից շատ մեծ եզրակացութիւն անել թերեւս չարժէ։
Այն, որ ճանապարհների հարցում կայ աշխարհաքաղաքական մօտեցումների, սուբիեկտների, գերտէրութիւնների շատ սեղմւող պայքար, դա բաւական ակնառու է ու աստիճանաբար խաղադրոյքները լայն իմաստով բարձրանում են, հետեւաբար, նաեւ այդ հարցի ուղղութեամբ։ Հասկանալի է, որ շատ բարդ իրավիճակ է»,- նկատել է Յակոբ Բադալեանը։
Քաղաքական մեկնաբանի խօսքով՝ միգուցէ թուրք նախարարն առանց հասկանալու է ասել՝ հաշւի չառնելլով, թէ իր խօսքն ինչ արձագանգ կունենայ հայ հանրութեան շրջանում։
«Վտանգն այն է, որ այդ իրավիճակն իր մէջ պարունակում է որոշակի փակուղային տրամաբանութիւն։ Բախւում են իսկապէս ուժեղ խաղացողների ռազմավարութիւններ ու չեմ պատկերացնում, թէ ինչպիսի լուծում կարող է լինել, որն, այսպես ասեմ, կը բաւարարի այդ կողմերից որեւէ մէկին ու հնարաւորութիւն կը տայ ինչ-որ երկարաժամկէտ համաձայնութեան գալ։ Ինչ նկատի ունի թուրք նախարարը․ հնարաւոր է նաեւ այն, որ պարզապէս յայտարարութիւն է անում իր լսարանի համար՝ առանց առանձնապէս մտածելու, թէ, օրինակ, հայկական լսարանում դա ինչ արձագանգի կարժանանայ։ Եթէ կայ ինչ որ համաձայնութիւն, ապա ինչու է այսպէս ժամանակից շուտ բացայայտւում նման բան։
Գուցէ շատ մեծ նշանակութիւն տալ այս յայտարարութեանը չարժէ, բայց պէտք է աչալրջօրէն հետեւել դրան։ Այսպիսի դէպքում հազիւ թէ նախարարն այդպիսի վրիպում թոյլ տար, հաստատ վրիպակ չէր։ Ենթադրութիւններով միայն կարող ենք առաջնորդւել։ Այն, որ խնդիր կայ ու դրա շուրջ խաղադրոյքները բարձրանում են, անկասկած է»,- ասել է Բադալեանը։
Նա նաեւ նկատել է, որ միգուցէ Անկարային «խանգարում են» Ռուսաստանն ու Իրանը։
«Ի վերջոյ, տեսնում ենք, օրինակ, նաեւ Ռուսաստանի ու Իրանի շատ սերտ կոմունիկացիա՝ լայն իմաստով։ Բնական է, որ այդ կոմունիկացիան առնչւելու է նաեւ ճանապարհների խնդրով։ Նրանց դիրքորոշումները գիտենք։ Բոլորովին բացառւած չէ, որ Թուրքիան, օրինակ, անհանգստացած լինի այս հանգամանքով, որովհետեւ հնարաւոր է Ռուսաստանի ու Իրանի այդ կոմունիկացիան Անկարայի համար այդքան էլ ցանկալի ռեժիմներ չի դիտարկում»,- ասել է նա։
Անդրադառնալով այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ին՝ քաղաքական մեկնաբանը նշել է, որ եթէ Թուրքիայի պայմաններով միջանցքը բացւի, ապա դա նշանակում է՝ շատ կարճ ժամանակում Թուրքիան անմիջապէս վերահսկողութեան տակ է վերցնելու Հայաստանի հարաւը։
«Սա կը լինի ուժով, թէ ոչ, արդէն Թուրքիայի որոշելիքը կը լինի՝ կախւած իրավիճակից։ Թուրքերը միանգամայն պատրաստ են բոլոր առումներով՝ ռեսուրսներով, խնդիրը լուծել փափուկ ուժով»,- յաւելել է նա։