Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ստեփան Դանիէլեան. «Խաղաղութեան մասին յայտարարութիւններն ուղղակի անզօրութիւնից են. սա վախի քաղաքականութիւն է»

«ՀՀ-ն պատրաստ է երթուղի տրամադրել ե՛ւ գազամուղների, ե՛ւ նաւթամուղների, ե՛ւ էլեկտրագծերի համար», «Հայաստանը սեփական տարածքներն Ադրբեջանի օկուպացիայից ռազմական ճանապարհով ազատելու նպատակ չունի». ինչպէս այսօր՝ «Խաղաղութեան խաչմերուկ. միաւորելով անվտանգութիւնն ու ժողովրդավարութիւնը» համաժողովի ժամանակ, այնպէս էլ վերջին շրջանում տարբեր առիթներով հէնց այս թէզերն է կրկնում Նիկոլ Փաշինեանը։

Ու մինչ Հայաստանի կառավարութեան առաջին խօսափողը պատմում է խաղաղութեան ու խաղաղութեան խաչմերուկը հէնց վաղը գործարկելու հնարաւորութիւնների մասին, նրա ՔՊ-ական թիմակիցները չեն բացառում СOP 29-ից յետոյ Ադրբեջանի կողմից հերթական ռազմական ագրեսիան Հայաստանի դէմ։ Անգամ ՀՀ արտաքին գերատեսչութեան ղեկավար Արարատ Միրզոյեանն է միջազգային հարթակներից փոխանցել հայկական կողմի մտահոգութիւնները, որ Ադրբեջանը ռազմական նոր գործողութիւնների է պատրաստւում։

Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը չի կարծում, թէ այս իրարամերժ յայտարարութիւնները փաստում են իշխանութեան ներսում հակասութիւնների մասին. ընդհակառակը, ըստ նրա, սրանք իրար փոխլրացնող խօսոյթներ են։

«Խնդիրը հետեւեալն է. քննարկումներն ընթանում են ճանապարհների վերահսկողութեան շուրջ։ Ե՛ւ Ադրբեջան, ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Արեւմուտքն ուզում են վերահսկել այդ ճանապարհը, որպէսզի այդ ճանապարհի վրայ Ռուսաստանն ու Իրանը որեւէ վերահսկողութիւն չունենան։ Ու Հայաստանի կարծիքը որեւէ մէկը չի էլ հարցնում,- 168.am-ի հետ զրոյցում արձանագրեց քաղաքագէտը, ապա մանրամասնեց,- եւ, այո՛, նոյն գործող իշխանութիւնները շատ լաւ հասկանում են, որ COP29-ից յետոյ Ադրբեջանը Թուրքիայի եւ Արեւմուտքի համաձայնութեամբ՝ կարող է յարձակում սկսել Հայաստանի վրայ՝ թուրքական աշխարհ ստեղծելու համար, որն ուղղւած է Իրանի, Ռուսաստանի եւ նաեւ Չինաստանի դէմ՝ Կենտրոնական Ասիան վերահսկելու համար։ Եւ այդ պատճառով են նման յայտարարութիւններ անում՝ ցոյց տալու համար, որ Հայաստանն ամէն ինչին համաձայն է, ամէն ինչի գնում է, հետեւաբար՝ հակառակորդը լեգիտիմութիւն չունի յարձակւելու համար (կարծէք թէ այդ լեգիտիմութիւնը որեւէ մէկին յուզում է, եթէ կայ հզօր խաղացողների ցանկութիւնը)»։

Ըստ Ստեփան Դանիէլեանի՝ ՀՀ իշխանութիւնները «հիմար» քաղաքականութիւն են վարում, իսկ միւս կողմից էլ՝ ասում են՝ Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել։

«Ադրբեջանը երբեք չի կարող ինքնուրոյն պատերազմ սկսել, ոչ էլ 2020 թւականին է ինքնուրոյն պատերազմ սկսել։ Պատերազմ կարող է սկսւել, երբ լինի գլխաւոր խաղացողների համաձայնութիւնը։

Ու յայտարարութիւնները, որ Հայաստանը «խաղաղութեան խաչմերուկ է բացում», ամէն ինչի պատրաստ է, ուղղակի անզօրութիւնից արւած յայտարարութիւններ են. սա վախի քաղաքականութիւն է»,- յաւելել է նա։

Հարցին՝ եթէ նաեւ Դուք էք նշում, որ միջազգային խաղացողներն են որոշում կայացնողները, Նիկոլ Փաշինեանից որեւէ բան կախւա՞ծ է, եթէ նրա փոխարէն լինէր այլ մէկը, իրավիճակն այլ կը լինէ՞ր, քաղաքագէտը պատասխանել է.

«Այո, նախ 2020 թւականի պատերազմը չէր լինի. դա ինչ-որ քաղաքական լուծում կունենար, ու Արցախում կը բնակւէին հայերը, այն կը լինէր ՀՀ վերահսկողութեան տակ։

Յաջորդը՝ եթէ կան երկրներ, որոնք ցանկանում են՝ Ադրբեջանը վերցնի իր վերահսկողութեան տակ Սիւնիքը, ապա, բնականաբար, կան երկրներ, որոնք դրան դէմ են՝ իրենց շահերից ելնելով։ Իսկ միջազգային քաղաքականութիւնն այն է, որ երբ քո անվտանգութեանը սպառնալիք է լինում, դու գնում ես դէպի միւս կոալիցիա։ Ամէն ինչ յստակ է։ Դէմ է Իրանը, եւ ըստ յայտարարութիւնների՝ պատրաստ է քայլերի, Ռուսաստանն ուզում է վերահսկել, որպէսզի թոյլ չտայ Արեւմուտքի վերահսկողութիւնը։ Օրերս ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն էր յայտարարել, որ ապաշրջափակումը «հնարաւոր է միայն Ռուսաստանի մասնակցութեամբ». այսինքն՝ Արեւմուտքն այդ ճանապարհը չի վերահսկի։

Այսինքն՝ պէտք է վարել քաղաքականութիւն՝ ճիշտ հակառակ քաղաքականութիւնը, որը վարում է ՀՀ գործող իշխանութիւնը»։

Իսկ ՀՀ գործող իշխանութիւնն այսօր քաղաքականութի՞ւն, թէ՞ հեծանիւ է վարում՝ դիտարկմանը, նա արձագանգել է.

«Ոչ, գործող իշխանութիւնը միտւած քաղաքականութիւն է վարում, եւ արդէն ՔՊ-ի շատ անդամներ յայտարարում են, թէ Թուրքիան մեզ կը պաշտպանի։ Թուրքիան, որը դեռեւս 1920 թւականից սկսած՝ Սիւնիքի վերահսկողութեան հարցն էր բարձրացնում եւ հիմա՝ նոյնպէս»։

Related Articles

Back to top button