Գիտնականները յայտնաբերել են կապ աղիների առողջութեան եւ երեխաների վաղ կամ ուշ քնելու միջեւ

Չինաստանի Մանկական վերականգնողական վարչութեան գիտնականները յայտնաբերել են զգալի տարբերութիւններ վաղ եւ ուշ քնող երեխաների աղիների միկրոբիոմում։ Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ վաղ քնող երեխաների աղիների միկրոֆլորան աւելի տարատեսակ է։
Նախորդ հետազօտութիւնները ցոյց են տւել, որ բաւարար քունը բարելաւում է առաջադիմութիւնը դպրոցում, ֆիզիկական աճը, եւ կապւած է մարմնի զանգւածի ինդեքսի բարձր մակարդակի հետ։
Ընթացիկ հետազօտութիւնում ուսումնասիրւել է երեխաների քնի ռեժիմի եւ նրանց աղիքային միկրոֆլորայի փոխադարձ կապը։ «Վաղ կամ ուշ քնող երեխաների աղիքային ֆլորայի առանձնայատկութիւնները» յօդւածում, որը հրապարակւել է Scientific Reports ամսագրում, հետազօտողները պատմել են, որ ուսումնասիրել են 2-14 տարեկան 88 առողջ երեխաների կղանքի նմուշների գենոմային տւեալները։
Օգտակար մանրէները, ինչպիսին է Akkermansia muciniphila-ն, մեծ քանակութեամբ յայտնաբերւել են նրանց մօտ, ովքեր վաղ են պառկել քնելու։ Այդ մանրէները նպաստում են աղիների առողջութեան պահպանմանը եւ պատասխանատու են կոգնիտիւ գործառոյթների համար։
Մետաբոլիկ ուսումնասիրութիւնը ցոյց է տւել ամինաթթուների բարձր ակտիւութիւն մետաբոլիզմում եւ նէյրոմեդիատորների կարգաւորում նրանց մօտ, ովքեր վաղ են պառկում քնելու։ Այդ ուղիները վճռական նշանակութիւն ունեն ուղեղի գործունէութեան եւ զարգացման համար, ինչը մատնանշում է առողջ աղիների եւ կոգնիտիւ ունակութիւնների միջեւ հնարաւոր կապի մասին։
News.am