Ածխաջրերի սահմանափակումը կարող է բարելաւել ենթաստամոքսային գեղձի աշխատանքը դիաբետի ժամանակ
Ածխաջրերի ցածր պարունակութեամբ դիետան 2-րդ տեսակի դիաբետ ունեցող մարդկանց թոյլ կը տայ դադարեցնել դեղերի ընդունումը արեան մէջ շաքարի մակարդակն իջեցնելու համար։ Այս մասին է վկայում այն հետազօտութիւնը, որը հրապարակւել է Journal of Clinical Endocrinology & Metabolism-ում (JCEM)։
Ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջները արտադրում են ինսուլին՝ հորմոն, որը վերահսկում է շաքարի մակարդակն արեան մէջ։ 2-րդ տեսակի դիաբետի դէպքում այդ բջիջները կարող են պակաս արդիւնաւէտութեամբ արձագանգել շաքարի մակարդակի բարձրացմանը։ Նոր հետազօտութիւնը, որին մասնակցել է 57 պացիենտ, ցոյց է տւել, որ բետա-բջիջների աշխատանքը կարող է բարելաւել ցածր ածխաջրային դիետան։ Ածխաջրերով հարուստ են ձաւարեղէնը եւ բոլոր քաղցր եւ ալիւրից պատրաստւած մթերքները։
Կամաւորներին բաժանել են երկու հաւասար խմբերի։ 12 շաբաթւայ ընթացքում նրանք հետեւել են կամ բարձր ածխաջրային (55 տոկոս ածխաջուր եւ 20 տոկոս ճարպ) կամ ցածր ածխաջրային (9 տոկոս ածխաջուր եւ 65 տոկոս ճարպ) դիետայի։ 12 շաբաթ յետոյ ածխաջրերը սահմանափակած խմբում բարելաււել է բետա-բջիջների աշխատանքը։ Որոշ ցուցանիշների դէպքում արդիւնաւէտութեան բարձրացումը եղել է կրկնակի բարձր։
Գիտնականները կարծում են, որ ցածր ածխաջրային դիետան, աւելի երկարատեւ պահելու դէպքում, կարող է յանգեցնել ռեմիսիայի եւ դիաբետի դէմ դեղերից հրաժարման։ Նրանք նախատեսում են ստուգել դա գալիք հետազօտութիւններում։
News.am