Նեւրոտիզմը 10 տոկոսով բարձրացնում է վաղաժամ մահացութեան վտանգը
Ֆլորիդայի համալսարանի գիտնականները յայտնաբերել են կապ նեւրոտիզմի եւ տարբեր պատճառներից վաղաժամ մահւան միջեւ։ Հետազօտութիւնը հրապարակւել է Journal of Affective Disorders (JAD) գիտական պարբերականում։
Նեւրոտիզմը անձի գիծ է, որը բնութագրւում է յուզական անկայունութեամբ եւ բացասական յոյզեր ունենալու հակմամբ, ինչպիսին են տագնապը, վախը եւ միայնութիւնը։
Նոր աշխատանքում հետազօտողներն ուսումնասիրել են 38-73 տարեկան մօտ 500 հազար մարդու տւեալները UK Biobank-ից՝ ընդգրկելով մօտ 13.4 տարի։ Այդ ընթացքում կեանքից հեռացել է աւելի քան 43 հազար մասնակից։
Այլ գործօնները հաշւի առնելու համար, որոնք կարող են ազդել մահացութեան վրայ, ինչպիսին են տարիքը, սեռը, կրթութիւնը, ծխելը եւ ուղեկցող հիւանդութիւնները՝ դիաբետը կամ հիպերտոնիան, գիտնականներն օգտագործել են վիճակագրական մոդելները փոփոխականների ճշտման համար։ Դա օգնել է համոզւել, որ կապերը, որոնք նրանք նկատել են նեւրոտիզմի եւ մահացութեան միջեւ, պարզապէս վատ առողջութեան ռիսկի այլ գործօնների հետեւանք չեն եղել։
Հետազօտողները յայտնաբերել են, որ նեւրոտիզմի աւելի բարձր մակարդակը կապւած է եղել մահացութեան 10 տոկոսով աւելացման ռիսկի հետ ցանկացած պատճառից դիտարկման ընթացքում։
Երբ հետազօտողները դիտարկել են մահացու ելքերի կոնկրետ պատճառները, նրանք պարզել են, որ նեւրոտիզմը կապւած է եղել մահացութեան մի շարք ռիսկերի հետ, ներառեալ շնչական եւ մարսողական հիւանդութիւնները, խեղանդամութիւնը եւ սիրտ-անօթային հիւանդութիւնները։
Գիտնականները նշել են, որ նեւրոտիզմի բարձր մակարդակ ունեցող մարդիկ աւելի շատ են հակւած ռիսկային վարքի եւ դժւարութիւններ ունեն ստրեսի հետ կապւած, ինչը ժամանակի ընթացքում հիւծում է օրգանիզմը։
News.am