ԻրանՄիջազգայինՔաղաքական

Նախագահ Փեզեշքիանը՝ BRICS-ի գագաթնաժողովում. «Հակամարտութիւնների կարգաւորման գործում Արեւմուտքի մօտեցումը միայն վատացնում է իրավիճակը»

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը, երէկ՝ հոկտեմբերի 23-ին մասնակցել է BRICS-ի անդամ երկրների գագթնաժողովին, ուր հանդէս է եկել ելոյթով:

Անդրադառնալով համաշխարհային հակամարտութիւններին, եւ դրանց լուծման հարցում արեւմտեան երկրների մօտեցմանը, նախագահը նշել է, որ այդ մօտեցումը միայն սրում է իրավիաճկը եւ նպաստում դրանց աճին:

Ըստ Փեզեշքիանի՝ արեւմտեան երկրները կարծում են, որ ժողովրդավարութիւնն ու արդարութիւնը կարող են իրականացւել միայն իրենց որոշած ճանապարհով:

«Գերակայութեան եւ միաբեւեռութեան ցանկութիւնը վտանգել է խաղաղութիւնը եւ բազմակողմ համագործակցութիւնը»,- ասել է նախագահը՝ յաւելելով. «Նման քաղաքականութեան արդիւնքը եղաւ հակամարտութիւնների, պատերազմների եւ բռնութիւնների թւի աճը, ինչպէս նաեւ աննախադէպ թւով տնտեսական պատժամիջոցների ներդրումը»։

Հանրապետութեան նախագահը յատուկ առանձնացրել է իրավիճակը Մերձաւոր Արեւելքում, ընդգծելով, որ Պաղեստինում եւ Լիբանանում տեղի ունեցող զարգացումների առնչութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը պահանջում է անյապաղ եւ կայուն ​​հրադադար, օկուպացիոն ռեժիմի զօրքերի ամբողջական դուրսբերում բռնազաւթւած տարածքներից եւ մարդասիարական օգնութիւնների անյապաղ եւ անխոչընդոտ առաքում՝ Գազայի եւ Լիբանանի տեղահանւածներին ու փախստականներին։

Իր ելոյթում, Փեզեշքիանն անդրադարձել է նաեւ Գլոբալ Հարաւի երկրների տնտեսական խնդիրներին՝ ընդգծելով, որ BRICS-ը կարեւոր նպատակներ է հետապնդում երեք՝ քաղաքական-անվտանգային, տնտեսական-ֆինանսական եւ մշակութային-ժողովրդական ասպարէզներում, եւ ապագայում առանցքային դերակատարութիւն է ունենալու միջազգային յարաբերութիւններում քաղաքական հաւասարումների եւ դրանց հետ կապւած զարգացումներում:

BRICS-ի առաւել արդիւնաւէտ գործունէութեան համար, Հանրապետութեան նախագահը ներկայցրել է 5 առաջարկներ.

Առաջին. Չանտեսելով քաղաքական-անվտանգային եւ մշակութային-ժողովրդական ոլորտները, BRICS-ի գալիք տարւայ ծրագրերում առաջնահերթութիւնը տրւի տնտեսական-ֆինանսական ոլորտին՝ կոչ անելով անդամ երկրների պետական եւ մասնաւոր սեկտորների բոլոր կառոյցներին աւելացնել իրենց ջանքերը՝ տնտեսական եւ առեւտրային համագործակցութիւն հաստատելու, եւ BRICS-ի շրջանակում առկայ ներուժն ու կարողութիւններն օգտագործելու համար։

Երկրորդ. Հաշւի առնելով այն հանգամանքը, որ միակողմանիութեան կողմնակից երկրներն անկախ եւ ազատատենչ երկրներին ճնշելու համար օգտագործում են տնտեսական պատժամիջոցների գործօնը, ուստի անհրաժեշտ է, BRICS-ի ընդունած փաստաթղթերի եւ Կազանի գագաթնաժողովի ամփոփիչ յայտարարութեան տրամաբանութեան շրջանակում, գործնական եւ հաշւարկւած քայլեր ձեռնարկել՝ դրանք չեզոքացնելու համար:

Երրորդ. Աշխարհը BRICS-ին ճանաչում է որպէս մի կառոյցի, որը կոչւած է միջազգային տնտեսա-ֆինանսական յարաբերութիւններում թուլացնելու դոլարի գերիշխող դիրքը՝ աւելացնելով ազգային արժոյթների միջոցով փոխանակումների աճը: Ուստի, անհրաժեշտ է այս նպատակի առաւելագոյն իրագործման համար քայլեր ձեռնարկել թւային արժոյթների գործարկման եւ օգտագործման, ինչպէս նաեւ նոր ֆինանսական մեխանիզմների եւ տեխնոլոգիաների կիրառման հարթակի ստեղծման ուղղութեամբ:

Չորրորդ. Գլոբալ Հիւսիսի երկրները մշտապէս խոչընդոտներ են ստեղծել Գլոբալ Հարաւի երկրների համար, նոր տեխնոլոգիաներ ձեռք բերելու ուղղութեամբ: Ուստի անհրաժեշտ է զինւել նոր տեխնոլոգիաներով՝ համատեղ ջանքերով, տեղեկատւութեան փոխանակմամբ, համատեղ ներդրումներով եւ այլ գործողութիւններով։

Հինգերորդ. Անհրաժեշտ է BRICS-ի շրջանակում հզօրացնել New Development Bank-ի գործունէութիւնը՝ ընդունելով նոր անդամներ եւ մեծացնելով կապիտալը՝ անդամ երկրների ենթակառուցւածքների զարգացման ուղղութեամբ:

«Հաշւի առնելով ներկայացւած առաջարկները, հարկ եմ համարում նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը տարբեր ոլորտներում ունի զգալի հնարաւորութիւններ եւ կարող է համատեղ ու շահաւէտ համագործակցութիւն հաստատել BRICS-ի շրջանակում՝ փորձի փոխանակմամբ եւ մեր ձեռքբերումները ներկայացնելով։

Իրանի Իսլամական Հանրապետութիւնն իր ռազմավարական դիրքով, հանդիսանում է մի քանի միջազգային տրանսպորտային միջանցքների, այդ թւում՝ «Հիւսիս-Հարաւ» եւ «Արեւելք-Արեւմուտք» միջանցքների տարանցման հարթակը: Զարգացնելով կառուցողական համագործակցութիւնը՝ մենք կարող ենք ստեղծել տարանցիկ յարաբերութիւնների նոր ցանց՝ էներգետիկ կամ կոմերցիոն ապրանքների փոխանցման համար BRICS-ի շրջանակներում»,- եզրափակել է նախագահ Փեզեշքիանը:

Related Articles

Back to top button