Հրանտ Մելիք-Շահնազարեան. «Երկիրն իրականում յանձնող դաւաճանների խմբակի համար սա կեղտոտ շահարկումների թեմա է դարձել»
«ԱԼԻՔ» – «Չորս օր առաջ ԱԺ-ում տեղի ունեցած հանրային լսումների ընթացքում Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի խօսքն այն մասին, որ իրեն «յուզում է Քաղաքացիական Պայմանագիր ընտրած 680 հազար հայ մարդկանց ճակատին ՔՊ-ի կողմից դաջւող երկիրը յանձնողների պիտակաւորումն ու մեղքը», երկիրն իրականում յանձնող դաւաճանների այս խմբակի համար կեղտոտ շահարկումների թեմա է դարձել»: Սոցցանցերի իր հարթակներում գրել է քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը։
«Այս հարցին վաղուց էր պէտք անդրադառնալ, բայց նաեւ ուզում էի տեսնել, թէ էլ ինչերի է ընդունակ իշխանական քարոզչութեան ցինիզմ։ Սրբազան Հօր խօսքը շատ պարզ ու յստակ էր։ ԱԺ-ում նա ընդամէնը եւս մէկ անգամ ցոյց տւեց, թէ ինչպէս են Նիկոլն ու ՔՊ-ականներն իրենց յանցանքը բարդում ուրիշների վրայ, այս դէպքում՝ իրենց ընտրած քաղաքացիների (ի դէպ, վստահ եմ, որ 680 հազար թիւն իրականութեանը չի համապատասխանում, բայց սա այլ հարց է)։
Սրբազան Հայրն իրական հայ հոգեւորականին վայել հոգածութեամբ խնամում է իր ժողովրդին, ամէն ինչ անում, որպէսզի դաւաճանների գործունէութեան մեղքը սովորական մարդկանց վրայ չմնայ, իսկ այդ դաւաճանները խաբում են՝ ասելով, թէ Սրբազանը 680 հազար մարդու հող յանձնող անւանեց։
Ու ահա այս դրւագը լիարժէք բացայայտում է քաղաքական երկու բեւեռների տարբերութիւնը։ Մի կողմից հոգածութիւն ու վախ, որ յանկարծ ժողովուրդը չվերածեն դաւաճան ամբոխի, միւս կողմից՝ դաւաճանութեան գերադրական աստիճան եւ ամէն ինչ ուրիշների վրայ բարդելու անհագ ցանկութիւն։
Իհարկէ, հասկանում եմ, որ այլեւս անիմաստ է այս ամէնի մասին այսպէս մանրամասն խօսելը։ Դէ ո՞վ չգիտի, թէ իրականում ով ով է մեր երկրում։ Բայց լռել էլ չի կարելի։ Ի դէպ, Սրբազան Հօր խօսքը բառացի եմ մէջբերել։ Մնացածն, ինչպէս ասւում է, թողնում եմ մտածող մարդկանց դատին։ Բայց ինքս էլ ամէն ինչ անելու եմ, որպէսզի դաւաճանների խմբակի մեղքերի միակ պատասխանատուն հէնց իրենք լինեն։
Իսկ այն խնդիրը, որ մեր երկրում դեռ կան ՔՊ-ին ձայն տւող քաղաքացիներ, իհարկէ, միանգամայն այլ մակարդակի քննարկումների առիթ է։ Այս հարցում էլ շատ մեղաւորներ կան։ Այդ թւում՝ նաեւ ես եւ ինձ նման շատերը։ Ու եթէ այդ մեղքը բաժանենք իրար մէջ, ապա ամենափոքր չափաբաժինը կը հասնի քւէախցիկում ՔՊ-ի անւան դիմաց պլիւս դնող քաղաքացուն։ Եթէ, իհարկէ, նրան ընդհանրապէս որեւէ բան բաժին հասնի»,- գրել է նա: