ԻրանՀայաստան - Արցախ

Ինչո՞ւ եւ ի՞նչ է Ռէյիսին խիստ զգուշացրել Փաշինեանին

Օրերս յայտնի դարձաւ, որ Նիկոլ Փաշինեանը հեռախօսազրոյց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի հետ: ՀՀ կառավարութեան փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են հայ-իրանական յարաբերութիւնների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարւել երկկողմ պայմանաւորւածութիւնների իրականացման ընթացքին:

«Մտքեր են փոխանակւել «3+3» տարածաշրջանային հարթակի վերաբերեալ, կողմերն օգտակար են համարել Թեհրանում կայացած հանդիպումը»,- ասւած էր հայկական կողմի տարածած հաղորդագրութիւնում, որը բաւականին հակիրճ էր, առանց էական մանրամասնութիւնների։

Սրան զուգահեռ՝ բաւականին հետաքրքրական տեքստ էր հրապարակել ԻԻՀ նախագահի աշխատակազմն այս հեռախօսազրոյցի վերաբերեալ։ Ռէյիսին ըստ էութեան վերահաստատել էր Իրանի դիրքորոշումը տարածաշրջանային կապուղիների բացման վերաբերեալ՝ ընդգծելով տարածքային ամբողջականութեան սկզբունքի մասին։

Նա մասնաւորապէս ասել էր, որ իր երկրի քաղաքականութիւնը Կովկասեան տարածաշրջանի նկատմամբ մնում է անփոփոխ՝ Թեհրանը սատարում է այդ տարածաշրջանի հետ կապի ուղիների բացմանն ուղղւած ցանկացած միջոց՝ հաւատարիմ մնալով բոլոր երկրների ազգային ինքնիշխանութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը յարգելու սկզբունքին։

Մեկնաբանելով երկու երկրների, ինչպէս նաեւ տարածաշրջանային երկրների միջեւ ճանապարհային եւ երկաթուղային կապուղիների զարգացման հայկական ծրագիրը՝ Իրանի նախագահը յայտարարել է, որ Իրանը սատարում է ցանկացած նման ծրագրի, որը նա որակել է՝ որպէս խաղաղութեան ամրապնդման եւ հարեւան երկրների շահերի պաշտպանութեան արդիւնաւէտ քայլ։

Ռէյիսին Կովկասն անւանել է առանցքային տարածաշրջան, որտեղ պէտք է խաղաղութիւն եւ հանգստութիւն հաստատւի՝ ասելով, որ Իսլամական Հանրապետութեան քաղաքականութիւնն այդ տարածաշրջանի նկատմամբ անփոփոխ է։ Նա նաեւ զգուշացրել է Փաշինեանին, որ պէտք է թոյլ չտալ, որ Կովկասը վերածւի արտատարածաշրջանային երկրների մրցակցութեան դաշտի` ընդգծելով, որ Կովկասի հետ կապւած հարցերը պէտք է լուծեն տարածաշրջանի երկրները եւ հեռու արտաքին միջամտութիւնից:

Իրանի նախագահը միեւնոյն ժամանակ գոհունակութիւն է յայտնել Թեհրանի եւ Երեւանի միջեւ աճող կապերի կապակցութեամբ։ Իրանական հաղորդագրութեան համաձայն, Փաշինեանն իր հերթին նշել է, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտօնեաների միջեւ փոխգործակցութեան ակտիւացումը վկայում է այն մասին, որ երկու հարեւանները հաստատակամ են ընդլայնել իրենց յարաբերութիւնները բոլոր ոլորտներում։

Հարցին, թէ նման տոնայնութեամբ հաղորդագրութիւնն ի՞նչ է նշանակում հայ-իրանական յարաբերութիւններում, իրանցի վերլուծաբան Ալի Սալամին 168.am-ի հետ զրոյցում պատասխանեց, որ հայ-իրանական յարաբերութիւնները զարգանում են բնականոն ուղղութեամբ։

Նրա որակմամբ, լուրջ տարաձայնութիւններ երկկողմ յարաբերութիւններում դեռ չկան, բայց կարող են առաջանալ, քանի որ աշխարհաքաղաքական փոփոխութիւնները լուրջ փոփոխութիւններ են բերել Հարաւային Կովկաս, մեծացրել Արեւմուտքի ազդեցութիւնը թէ Երեւանի, թէ Բաքւի նկատմամբ։

Սալամիի որակմամբ, սա չի կարող չարժանանալ Իրանի ուշադրութեանը, հաշւի առնելով այն յարաբերութիւնները, որոնք Իրանն ունի ԱՄՆ-ի եւ հաւաքական Արեւմուտքի հետ։ «Ենթադրելի է, որ Երեւանից վստահեցնում են, որ զգուշանալու ոչինչ չկայ, սակայն սա Իրանի քաղաքականութիւնն է, իսկ նման մակարդակում շփումները նաեւ դիրքորոշումներ յայտնելու համար է։ Այո, այս անգամ հաղորդագրութիւնը մի փոքր աւելի շեշտւած է ներկայացւել, սակայն դա չի նշանակում, որ լարւածութիւն կայ կողմերի միջեւ։

Սակայն կայ խնդիր, եւ կարծես Իրանում ակնկալում են, որ Թեհրանի դիրքորոշումը հաշւի կառնւի, եւ Հայաստանը շատ հարցերում յոյսեր կը կապի ոչ թէ արեւմտեան համայնքի, այլ ռեգիոնալ խաղացողների հետ, այս դէպքում՝ Իրանի ու Ռուսաստանի։ Հէնց դա է պատճառը, որ նշւում է, թէ քննարկւել է ռեգիոնալ ձեւաչափը, որի գործունէութիւնը դեռ յստակ հաստատւած չէ, սակայն այն կարող է արդիւնաւէտ հարթակ դառնալ։

Իրանն այս հարցով ակնկալիքներ ունի Հայաստանից, հասկանալի է նաեւ, որ Հայաստանը փորձում է աջակցութիւն գտնել Արեւմուտքում, քանի որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւնները վատ են, Ռուսաստանի հետ են առաջացել շատ խնդիրներ։ Ուստի Իրանը, որը նման դիրքորոշումներ է յայտնում, պէտք է պատրաստ լինի այդ բացը լրացնել, քաղաքական բանակցութիւնները երկու երկրների միջեւ աւելի ինտենսիւ պէտք է լինեն իրավիճակը լիովին գնահատելու համար։

Սակայն Միացեալ Նահանգներն այնքան ներգրաււած է աշխատում Հարաւային Կովկասում, որ մօտ ապագայում ԱՄՆ աշխատանքի պասիւացում չի սպասւում։ Միայն ընտրական փուլը կարող է ինչ-որ փոփոխութիւններ բերել»,- նման կարծիք յայտնեց վերլուծաբանը։

Նրա խօսքով, Հարաւային Կովկասում իսկապէս թէժ աշխարհաքաղաքական մրցակցային իրավիճակ արդէն իսկ ստեղծւել է։

«Ուստի մնում է այնպէս անել, որպէսզի այս փուլը յաղթահարւի առանց երկկողմ յարաբերութիւններում կորուստների, քանի որ Հայաստանին Իրանն է հարկաւոր՝ որպէս գործընկեր, իսկ Իրանին՝ Հայաստանը»,- նկատեց նա։

Related Articles

Back to top button