Ասողիկ աբեղայ Կարապետեան. «Ձեզ համար փակ են դռները. ամօթ եւ պարսաւանք «Առաջին ալիք»»
Ողորմելի էք եւ մեղկ դուք բոլորդ՝ Հանրային հեռուստաընկերութեան ղեկավարներ եւ պատասխանատու անձեր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների եւ արխիւի տնօրէն Ասողիկ աբեղայ Կարապետեանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերութեամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի Ամանորեայ ուղերձը եթեր չհեռարձակելուն։
«Ողորմելի են եւ մեղկ նաեւ ձեզ շարժող ձեր վերադասները, որ, ահա, հերթական անգամ նկրտում էք ոտնձգութիւն կատարել Հայոց Եկեղեցու եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդէպ: Հաւատաւոր հայ ժողովրդին զրկում էք իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու իւր հոգեւոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը:
Դուք աւեր էք գործում Քրիստոնեայ Հայաստանի կեանքում, Հայոց ազգային պետութեան անդաստանում խորտակում էք այն հոգեշահ եւ ազգաշէն աւանդոյթը, որ տակաւին կեանքի կոչւեց Հայաստանի անկախութեան հռչակագրի ուժով եւ ոգով եւ ներգործութեամբ՝ Մէկ Ազգ, Մէկ Հայրենիք, Մէկ Եկեղեցի:
Քանի դեռ կը մնաք այսպէս ողորմելի եւ նենգ՝ զրկւում էք որեւէ աջակցութիւնից, հարցազրոյցից. ձեզ համար փակ են դռները Մայր Աթոռի Թանգարանների եւ արխիւի:
Ամօթ եւ պարսաւանք «Առաջին ալիք»-ին, որ գոյութիւն ունէք նաեւ Ազգային Եկեղեցուց ստացւած հարկերով»,- գրել է Ասողիկ աբեղայ Կարապետեանը։