Մայր Աթոռը մեկնաբանել է Հանրայինով կաթողիկոսի ուղերձը եթեր չտալու լուրը
Ամանորի այս երեկոյ ստիպւած պիտի լինենք անդրադառնալ տհաճ մի միջադէպի, նշւած է Մայր Աթոռի տեղեկատւական համակարգի հաղորդագրութեան մէջ։
«Անկախութեան պատմութեան ողջ ընթացքում, դեռեւս Վազգէն Ա Հայրապետի ժամանակաշրջանից, աւանդաբար Հանրային հեռուստաընկերութեան եթերով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ուղերձից անմիջապէս առաջ հեռարձակւում էր Ազգիս Վեհափառ Հայրապետի ուղերձը։
Այս տարի Հանրային հեռուստաընկերութիւնը, վերջին պահին, առանց որեւէ պատճառաբանութեան տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի ամանորեայ ուղերձը եթեր չի հեռարձակւի կէսգիշերից առաջ, ինչպէս եւ աւանդաբար ընդունւած էր։ Փոխարէնն առաջարկւեց Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյեան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից պատշաճ չնկատւեց եւ մերժւեց։
Մնացած բոլոր մեղադրանքներն ու վերագրումները յերիւրանք են, իսկ նման որոշման պատճառների վերաբերեալ հարկ է դիմել Հանրային հեռուստաընկերութեանը»,- յայտնում են Մայր Աթոռից:
Աւելի վաղ լուր էր տարածւել, թէ Հանրայինը հրաժարւել է կաթողիկոսի ուղերձը եթեր արձակել, քանի որ Մայր Աթոռից իբր պահանջել են ուղերձը տալ ուղիղ կէսգիշերին։