Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բագրատ Սրբազան. «Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպէս պատմական նւաճում»

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը, ով քաղաքական հետապնդման պատճառով գտնւում է  կալանավայրում, ծաւալուն աշխատութիւն է պատրաստում խաղաղութեան, պատերազմի եւ նահատակութեան մասին:

«Սրբազան պայքարի» էջում նախաբանից հատւած է հրապարակւել.

«ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Ուստի առէք Աստծոյ սպառազինութիւնը, որպէսզի կարողանաք յետ մղել չարին չար օրում եւ ամէն բան կատարելուց յետոյ հաստատուն մնալ» (Եփես Զ:13)

Այսօր պատերազմի եւ խաղաղութեան թեման հասկանալի պատճառներով դարձել է առաջնային, աւելի ճիշտ` գերառաջնային: Այս շատ բնական թեման յանկարծ ապոկալիպտիկ նշանակութիւն է ստացել մեր կեանքում:

Իսկ ինչո՞ւ է այսօր այն դարձել գերառաջնային, չէ՞ որ «խաղաղութիւն է հաստատւած, այլեւս «խաղաղութիւն է»: Շատ պարզ պատճառով. իշխող խմբակը, տապալած լինելով իր բոլոր խոստումները, այժմ էլ փորձում է իրեն յատուկ խաբէութեամբ ու ստով «քւէներ» գողանալ` հանրութեանը վախեցնելով պատերազմով կամ դրա բերած արհաւիրքով (սա մէկ անգամ արդէն լսել ենք Ոսկէպար-Կիրանցում, երբ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը պատերազմով սպառնում էր իրեն իսկ ընտրած ժողովրդին):

Սա շատ ընդունւած փորձառութիւն է (practice) յատկապէս կաղացող, թոյլ կամ բռնապետական իշխանութիւն ունեցող երկրներում, երբ վախի մթնոլորտի ձեւաւորմամբ փորձ է արւում կառավարել եւ վերահսկել հասարակական տրամադրութիւնները` յուսահատեցնել եւ մղել յարմարւելու այն իրականութեան հետ, որ հէնց տւեալ իշխանութիւնն է ստեղծել:

Այսպիսի վարչախմբին յատուկ է թէ՛ ներքին, եւ թէ՛ արտաքին թշնամու ահռելիութեան եւ սեփական ժողովրդի անզօրութեան արհեստական կերպարի ստեղծումը` բնականաբար միեւնոյն ժամանակ հանդէս գալով որպէս այս անզօրութեան «միակ պաշտպանը» եւ խաղաղութեան «միակ գրաւականը»: Մեր դէպքում կառավարութեան ղեկավարի պաշտօնը զբաղեցնողը յաւակնում է ասել «խաղաղութիւնը ես եմ»:

Թէ ինչ է ասում այսօրւայ չարիքի խմբակը, ամբողջութեամբ պարզ է. փորձում է իր իսկ պատճառած պատմական ողբերգութիւնը ներկայացնել որպէս պատմական նւաճում, պատմական ամօթն ու խայտառակութիւնը` պատմական հերոսութիւն, պատմական ձախողումը` պատմական անհրաժեշտութիւն եւ յաջողութիւն, պատմական ստրկամտութիւնը` պատմական ազատագրում, պատմական սուտն ու կեղծիքը` պատմական ճշմարտութիւն եւ արդարութիւն, եւ վերջապէս պատմական պարտութիւնը` պատմական յաղթանակ:

Ինչպէս նշեցի, իրենց հետ ամէն ինչ առաւել քան պարզ է, քանի որ «նրանց ոտքերը դէպի չարն են ընթանում… նրանք չճանաչեցին խաղաղութեան ճանապարհը ու նրանց ուղիներում արդարութիւն չկայ, որովհետեւ նրանց շաւիղները, որով ընթանում են, խոտորւած են, եւ նրանք խաղաղութիւնը չեն ճանաչում» (Ես. 59:7-8), եւ քանի որ «ամբարիշտներն ու անօրէնութիւն գործողները իրենց ընկերների հետ խաղաղութեան մասին են խօսում, բայց սրտերում չարութիւն է» (Սաղմ. 27:3)

Ես կը փորձեմ որքան հնարաւոր է համառօտ կերպով անդրադառնալ սուրբգրային ընկալմանը եւ հոգեւոր փորձառութեանը խաղաղութեան, պատերազմի, ինչպէս նաեւ նահատակութեան մասին` որպէս էութենական եւ գոյաբանական (օնթոլոգիական) իմաստով հիմքը եւ բացարձակ ճշմարտութիւնը սոյն կարեւոր թեմաների:

Related Articles

Back to top button